«Գագիկ Խաչատրյանն ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման»․ փաստաբանները տեսանյութեր են հրապարակել

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը տեսանյութեր է հրապարակել՝ պնդելով, որ 71-ամյա նախկին պաշտոնյայի նկատմամբ կիրառվող վերաբերմունքը անմարդկային է, իսկ նրա պատշաճ բժշկական օգնության իրավունքը՝ խախտված։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.

«Ցավով արձանագրում ենք, որ Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են։ Փաստաբանական խմբի գնահատմամբ՝ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքից, այլև ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման։

Միայն վերջին երեք ամիսների ընթացքում նա երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների։ Չնայած նրա առողջական ծայրահեղ ծանր վիճակին՝ գործողությունները շարունակվում են օրեր շարունակ՝ պատճառելով ֆիզիկական ծանր տառապանք։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի մոտ դեռևս 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցային ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք Հայաստանի բժշկական հաստատություններում չեն կիրառվում։ Բժիշկների և դատաբժշկական փորձագետների եզրակացությունների համաձայն՝ նրան անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատական միջամտություն, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել համապատասխան մասնագետների, գործիքների և տեխնիկական պայմանների բացակայության պատճառով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտությունից հետո դեռևս 2020 թվականին ՀՀ իշխանություններից պահանջվել էր ապահովել Գագիկ Խաչատրյանի պատշաճ բժշկական խնամքն ու բուժումը։ Ներկայումս ՄԻԵԴ-ում քննվում են նրա անունից ներկայացված երկու դիմումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ կյանքի իրավունքի, և 3-րդ՝ խոշտանգումների արգելքի հոդվածների հիմքով։ Դիմումները հաղորդակցվել են ՀՀ կառավարությանը։

Այս ամբողջ ընթացքում մենք գիտակցաբար զերծ ենք մնացել Գագիկ Խաչատրյանի ծանր վիճակը պատկերող կադրերի հրապարակումից՝ հարգելով նրա և ընտանիքի անդամների արժանապատվությունն ու անձնական կյանքը։ Սակայն ստեղծված իրավիճակում անհրաժեշտ ենք համարում հանրությանը ներկայացնել կատարվածը՝ ցույց տալու համար նրա նկատմամբ վերաբերմունքի իրական ծանրությունը։

Հասարակությունը կարող է դրական կամ բացասական վերաբերմունք ունենալ ցանկացած անձի նկատմամբ, սակայն մարդու հիմնարար իրավունքները պայմանավորված չեն նրա նախկին պաշտոնով, հանրային ընկալմամբ կամ առաջադրված մեղադրանքներով։ Յուրաքանչյուր մարդ ունի անօտարելի իրավունքներ և արժանապատվություն, որոնք ենթակա են պաշտպանության՝ անկախ որևէ հանգամանքից»: