Ամոթ է. ստացվում է, որ մերոնքականները կարող են թքել, միջնադարյան սպառնալիքներ հնչեցնել, իսկ մյուսները չեն կարող անգամ հովանոց նետել. Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը 

– Տիկի՛ն Ալեքսանյան, վարչապետի ուղղությամբ հովանոց նետած կնոջ նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, ավելին՝ նրան ձերբակալել էին դեպքից հետո, ապա բաց թողել։ Եթե համեմատենք այս դեպքն ու օրեր առաջ ԱԺ նախագահի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպը, ապա ինչպե՞ս եք գնահատում, որ առաջին դեպքում ունենք հարուցված քրեական վարույթ, իսկ երկրորդում՝ ոչ։

– Նույնիսկ առանց համեմատելու կասեմ, որ վարչապետը պարտավոր էր մոտենալ այդ կնոջն ու հարցնել՝ ինչ է պատահել, ինչու է կինը նման վարք դրսևորում։ Խոնարհվում էր, չէ՞, քաղաքացիների առաջ, սիրում էր իրենց, հպարտանում էր, իսկ հիմա քրեական գործ են հարուցում։ Շատ ամոթ է, անհարիր է վարչապետին, որ իր քաղաքացու նկատմամբ, այն էլ՝ մի կնոջ, որը տեղահանված է, բողոքով լեցուն, նման բան է անում, հատկապես, երբ այդ հովանոցն իրեն չի դիպել, ինքը վնասվածք չի էլ ստացել։ Կարելի էր հանդուրժող ու մեծահոգի լինել ու ընդառաջ գնալ։ 

Ուզում եմ բերել Հռոմի Պապի օրինակը, չնայած համեմատության եզրեր չկան, բայց այդ օրինակը կբերեմ․ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդին երբ կրակել էին, ու նա վիրավորվել էր, նա գնացել էր բանտ՝ այդ կրակողի հետ խոսելու։ Սա օրինակ է, որ մարդիկ ավելի հանդուրժող դառնան։ Հիմա ի՞նչ, վարչապետի կողքով անցնել հնարավոր չէ՞, չեմ հասկանում։ 

Շատ ամոթ է, որ վարչապետը հիմա սկսել է ոստիկանական հատուկ շերտերով պաշտպանվել, մարդկանց դեմ քրեական գործեր հարուցել, վարչապետը պետք է մտածի սրա մասին, քրեական գործեր հարուցելով սեր ու հարգանք չի վայելելու։ Իսկ Ալեն Սիմոնյանը, եթե արդեն համեմատենք միջադեպերը, ապա ստացվում է, որ մերոնքականները կարող են թքել, միջնադարյան սպառնալիքներ հնչեցնել (լեզուդ կկտրեմ, ոտքդ կկտրեմ), իսկ մյուսները չեն կարող անգամ հովանոց նետել։

– Այդ պարագայում՝ ի՞նչ երկիր ենք ունենալու, երբ մի դեպքում պատժում են, իսկ մյուսում՝ ոչ։

– Այդ հարցին թող վարչապետը պատասխանի, ինձ թվում է՝ ինքն ավելի լավ կասի։

– Ըստ ձեզ՝ ի՞նչ փոխվեց, որ հեղափոխական իշխանությունը սկսեց նման վարք դրսևորել։

– Այսպիսի մի խոսք կա, չէ՞․ իշխանությունն այլասերություն է, իսկ բացարձակ իշխանությունը՝ բացարձակ այլասերություն, երևի սրանով են առաջնորդվում։ 

– Տիկի՛ն Ալեքսանյան, չնայած այս ամենին, իշխանական թիմը շարունակում է պնդել, թե Հայաստանը ժողովրդավար երկիր է, թե իրենց քաղաքական թիմն է նպաստել երկրում նման մթնոլորտի ձևավորմանը․․․

– Դե հա, շարունակում են ասել այդ ամեն ինչից հետո, Ալեն Սիմոնյանն էլ է շարունակելու խոսել ժողովրդավարությունից, այնպես որ, զարմանալ պետք չէ։ Նախկիններն էլ էին խոսում ժողովրդավարությունից, բոցաշունչ ելույթներ ունենում, նույնն էլ սրանք, ոչ մի տարբերություն։

– Իշխանության նման վարքը կանխելու, այս կերպ գործել թույլ չտալու համար հասարակությունը, քաղհասարակության ներկայացուցիչներն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն։

– Պետք է իրենց բողոքն արտահայտեն այդ անարդարությունների, անօրինականությունների դեմ, բայց, կարծում եմ՝ արտահայտում են։ Այդ կինը իր բողոքն այդպես է արտահայտել, ինչ խնդիր կա, վարչապետը չպետք է նման բան թույլ տար, պետք չէր տեղահանված այդ կնոջը ձերբակալել, իրոք ամոթ է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am