«Ռազմական շքերթի ժամանակ Ալիևի հայտարարությունը պետք է արժանանա Հայաստանի արտգործնախարարության կոշտ ու կտրուկ գնահատականին». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ իրենք աչք չունեն Հայաստանի հողերի վրա։ Բայց այսօր Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Ալիևը դարձյալ խոսեց Երևանի, Զանգեզուրի նկատմամբ իրենց նկրտումների մասին։ Ի՞նչ ուղերձներ ունեն այս հայտարարությունները։

– Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, ապա դա նորություն չէ։ Վերջին տասնամյակներին ամբողջ Ադրբեջանի երիտասարդությունը դաստիարակվում է կեղծարարության ոգով։

Կեղծվում է Ադրբեջանի պատմությունը, հարևան ժողովուրդների, առաջին հերթին՝ հայ ժողովրդի պատմությունը։ Այնպես որ, այն, ինչ ինքն այսօր ասաց, նորություն չէ, բազմաթիվ անգամներ ասել են։

Բայց, մյուս կողմից՝ երբ դա հայտարարվում է ռազմական շքերթի ժամանակ, ձեռք է բերում ուրիշ երանգ։ Եվ ես կարծում եմ՝ դա պետք է արժանանա մեր արտգործնախարարության շատ կոշտ ու կտրուկ գնահատականին։

Ինչ վերաբերում է Թուրքիային, որն ասում է՝ տարածքային պահանջ չունենք Հայաստանի նկատմամբ, խնդիրը հետևյալն է. ժամանակակից հանրապետական Թուրքիան հիմնադրվել է Աթաթուրքի կողմից։

Եվ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի տարածքի և հայերի Ցեղասպանության հաշվին։

Երկրորդ՝ կա Աթաթուրքի հրամանը 1920 թվականի սեպտեմբերին՝ Հայաստանը մեջտեղից վերացնելու մասին։ Այնպես որ, այն, ինչ հիմա ասվում է Թուրքիայի արտգործնախարարի կողմից, ես կարծում եմ, որ դա մենք պետք է ընդունենք որպես թուրքական դիվանագիտության հերթական արտահայտում։

Իրականում ես համոզված եմ, որ Արցախի դեմ այս պատերազմում Թուրքիան օգնեց Ադրբեջանին, հրահրեց այդ պատերազմը։

Պարզ է, որ ինքն առաջին հերթին նկատի ուներ Հայաստանի Հանրապետությունը, որովհետև ներկայիս Թուրքիան  պատրաստ է շարունակելու այն քաղաքականությունը, որը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքն էր Հայաստանի նկատմամբ մտադիր իրականացնել։

Ուղղակի դա նրան չհաջողվեց իրականացնել, այսօր նույն քաղաքականությունը կուզեն շարունակել և ավարտին հասցնել ժամանակակից Թուրքիայի ղեկավարները։

– Ի՞նչ ուղերձ ուներ Էրդողանի՝ Ադրբեջանի շքերթին մասնակցությունն ու ելույթը։

– Էրդողանի ներկա գտնվելն այդ ռազմական շքերթին ուղերձ ուներ, մենք տեսանք, որ այնտեղ կային սպաներ, որոնք «Գորշ գայլերի» նշաններ ունեին, այսինքն՝ պանթյուրքիստներ էին։ Այդ ամենը ազդակներ են, որ ներկայիս Թուրքիան ոչ միայն Աթաթուրքի գործն է շարունակում, այլ նաև պանթյուրքիստական նկրտումներ ունի։

– Այսինքն՝ հստակ ուղերձնե՞ր էին սրանք։

– Ես կարծում եմ՝ այո՛, և դա շատ վտանգավոր է։ Առաջին հերթին վտանգավոր է հայ ժողովրդի համար, Արցախի, ՀՀ-ի համար, բայց նաև բոլոր հարևանների համար։ Հիմա Թուրքիան վտանգ է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանային հարևանների, այլ նաև եվրոպական հարևանների համար, որովհետև գործում են «Գորշ գայլերի» կազմակերպություններ։ Այսինքն՝ այս ամենին շատ լուրջ պետք է վերաբերվել։

Հայաստանի անելիքը ո՞րը պետք է լինի։ Այս փուլում մենք կարծես փորձում ենք ծանր պարտության հետ հաշտվել։

– Այո՛, մենք ծանր պարտություն կրեցինք, ինչը շատ ծանր հարված էր։ Բայց պետք է կամաց-կամաց մտածենք ապագայի մասին։ Ես համոզված եմ, որ նոր՝ չորրորդ հանրապետություն պետք է սկսենք կերտել։

Եվ ինքը պետք է լինի ավելի ազգային, մենք թույլ ենք զարգացրել մեր ազգային գաղափարախոսությունը։ Եվ այդ առումով ուժեղ ազգային պետություն ունենալն ամենակարևորն է, պետք է հնարավորություն լինի, որ մենք դիմակայենք այն ագրեսիային, որը մեր դեմ պատրաստվում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։

Եվ, իհարկե, Ռուսաստանի գոյությունը՝ որպես մեր ռազմավարական դաշնակցի, կարևոր է։ Մենք տեսանք, որ Ռուսաստանը դրական դերակատարում ունի մեր տարածաշրջանում ու մեր նկատմամբ։ Այնպես որ, պետք է խորացվի այս դաշնակցային համագործակցությունը ՌԴ-ի հետ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am