«Հավերժ թշնամի չկա». սահմանապահ Բերքաբերը` կրակոցների ձայնի տակ մեծացող դպրոցականների աչքերով

«Հավերժ թշնամի չկա». սահմանապահ Բերքաբերը` կրակոցների ձայնի տակ մեծացող դպրոցականների աչքերով
«Հավերժ թշնամի չկա». սահմանապահ Բերքաբերը` կրակոցների ձայնի տակ մեծացող դպրոցականների աչքերով

Բերքաբերում եմ ապրում` հենց հայ-ադրբեջանական սահմանին կպած համայնքում։ Խնդիրներ` ինչքան ասես։ Չկան ճանապարհ, գազ, խմելու ջուր, աշխատանք, չկա գյուղացուն հայրենի եզերքին կապող, նրան գյուղում պահող որևէ խթան` ևս։
Կարելի է ասել` ոչինչ չկա։
Սակայն փորձենք մի փոքր մեր գյուղի իրականությունն արտացոլել այս հոդվածում բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն, թե ի´նչ է սահմանամերձ գյուղը, ինչպիսի´ն է սահմանապահ համայնքը, ո´վ է կրակոցների ձայնի տակ մեծացող դպրոցականը:
Մեր քարուքանդ եղած փողոցների մասին կշտապեի երկար-բարակ պատմել, սակայն դրանց մասին` մի ուրիշ անգամ: Հիմա կիսվենք լավ նորություններով: Նորություն ասած չենք լինի, եթե ասենք, որ ցանկացած պետության հիմքը դպրոցն է ու եկեղեցին։
Փաստը` փաստ, բայց մեր իրականությունն այլ էր, այլ էր մինչև վերջերս։ Մեր գյուղի եկեղեցին ես կանգուն չեմ տեսել, այն միշտ կիսակառույց է եղել, միայն լսել եմ, որ փորձեր են արվել շինարարության համար հովանավորներ գտնելու, սակայն ապարդյուն։

Փնտրտուքը վերջերս տվել է իր արդյունքը. Ստամբուլում ապրող մի բարերար որոշել է հովանավորել մեր եկեղեցու շինարարությանը։ Հետաքրքիր մեկնաբանություն է տվել նա իր այդ քայլին` ասելով, որ պիտի մեր եկեղեցու զանգերի ղողանջներն անընդմեջ ազդարարեն հարևան ադրբեջանցիներին, որ շեն ու կանգուն է հայոց գյուղը, հզոր ու անպարտ է հայ ժողովուրդը: Հայրենանվեր մի գործ, որ, ցավոք, առկա չէ անընդհատ հայրենասիրությունից խոսող մեր պետական այրերի մոտ…

Բուռն փոփոխությունների շրջան է մեր գյուղում։ Նորոգվում են գյուղի ճանապարհները, սելավատարները, ջրատարները…

Ու ամենակարևորներից մեկը ինձ` աշակերտիս համար, հիմնանորոգվում է մեր դպրոցը, այժմ շինարարական «բում» է։ Հարևան գյուղից շարունակ լսվող կրակոցներն ու փամփուշտի հետքերը ի վերջո կվերանան «վիրավոր» դպրոցի պատերից: Ուզում ենք մտածել` ընդմիշտ:

Ոչինչ, որ շինարարության ձայնը խանգարում է դասերին, ոչինչ, որ մի քիչ փոշի է, ոչինչ… Մենք նորմալ պայմաններում ենք սովորելու, ինչպես մնացածները, իսկ դա, այնպես է ստացվել, որ առավելություն է մեզ համար։ Հոգնել ենք ծայրահեղ պայմաններով բացառություն լինելուց…

Ի դեպ, շատերի կողմից մոռացված մեր գյուղում այնքան տեսնելու և զարմանալու բան կա: Առաջին տեղում անկոտրում կամքի տեր մարդիկ են, նրանց հավատը գյուղի վաղվա օրվա հանդեպ: Ցավոք, նրանցից շատերը բացակայում են գյուղից` արտագնա աշխատանքի են մեկնել:

Մեր փոշոտ փողոցներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, իր ճակատագիրն ու իր վերջակետը, որը հաճախ «սահման» բառով է ավարտվում: Մի քիչ էլ պատմենք այն մասին, թե ինչ զարմանալի թանգարանի հիմնադիր է դարձել մեր գյուղաբնակը` իր տարիների նախասիրության շնորհիվ:

Թանգարանի հիմնադիրը 81-ամյա բանաստեղծ Նորայր Արզումանյանն է: Նա հինգ գրքի հեղինակ է, տպագրության է պատրաստ վեցերորդը։ Ինչպես նշում է հեղինակը, գրքերից և ոչ մեկի համար «մի դրամ անգամ չի վերցրել», ոչ մի գիրք չի վաճառել և բոլորը միայն նվիրել է։

Թանգարանի ճանաչմանը մասնակցություն է ունեցել անձամբ Չինաստանի գիտությունների ակադեմիայի այն ժամանակվա նախագահ Գո Մո Ժոն։

Նրա միջնորդությամբ Չինաստանի կոմունիստական կուսակցության «Ժենմին ժիբաո» թերթում տպագրվել են Նորայր Արզումանյանի մի քանի բանաստեղծություններ։

Թանգարանի երկաթե ժանգոտ դռան ճռռոցը քեզ տանում է անցյալ դարասկիզբ:

Արզումանյանը գորովանքով ցույց է տալիս յուրաքանչյուր ցուցանմուշ, պատմում դրանց պատմությունը։

«Ցուցանմուշներ սկսել եմ հավաքել 1966-ից, իսկ թանգարանը սկսել է գործել 1976-ից,- պատմում է Արզումանյանը,- հիմա արդեն ավելի քան 8000 ցուցանմուշ կա»։

Ջրամբարի կառուցման ժամանակ 40-50 մետր խորությունից հանված կորեկի սերմեր, կճուճի մեջ պահած յուղ, աշխատանքային բազմապիսի գործիքներ, նույնիսկ ադրբեջանցի գործիչների նկարներ տեսանք` Ալիև, Վուրղուն…

Թանգարանը, սակայն, բազմաթիվ հիմնախնդիրներ ունի։ Այցելության ժամանակ, օրինակ, էլեկտրականություն չկար, ցուցանմուշները` փոշու մեջ կորած։

«Աշխատավարձ չունեմ, էդ հեչ, նույնիսկ մի հավաքարար չունեմ, որ գա ու գոնե փոշիները մաքրի,- ցավով նշում է Արզումանյանը։ – Դա էլ հո դժվար չի՞, մի 30 հազար դրամի խնդիր է, էլի։ Դե, երևի մեր պետությանը միայն հյուրանոց ու կազինո են պետք…»

Յուրահատուկ ցուցանմուշնեով թանգարանը նախկին գյուղխորհրդի շենքում է, վերջին 20 տարվա ընթացքում չի վերանորոգվել։ Քայլելիս հատակը շարժվում է, ճեղքեր են գոյացել։ Պատերը հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ վնասվել են, արկերի հետքերն մինչ այսօր մնում են։

Հեռանում ենք թանգարանից, մտածում, որ մի օր էլ բարերարի հոգատար ձեռքը այստեղ կհասնի, և մեր մտքում պտտվում է բերքաբերցի բանաստեղծ Նորայր Արզումանյանի խոսքը.

«Հավերժ թշնամի չկա, մի օր է գալու, որ ամեն ինչ շտկվելու է»։

Մտածում ենք. «Տեսնես` մեր հարևան երկրո՞ւմ էլ այդպես մտածող կա…»

Նվեր Դիլբարյան

Գայանե Ավետիսյան

Բերքաբեր, հատուկ «Մեդիալաբի» համար

Նվերը 13 տարեկան է, Գայանեն` 14: Նրանք երկուսն էլ «Այո» մանկապատանեկան ակումբի սաներ են:

© Medialab.am