«Ես կզարմանամ, եթե Թրամփը կուլ տա Ադրբեջանի այս ապտակը․ մեր բանակն ու դիվանագիտությունը պետք է ակտիվ գործեն». Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, Ադրբեջանն արդեն երրորդ անգամ խախտեց հրադադարի ռեժիմը, որի մասին պայմանավորվածությունն այս անգամ ձեռք էր բերվել ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։

– Մենք այստեղ երկու ուղղությամբ անելիք ունենք։ Առաջին ու գլխավոր անելիքը մարտի դաշտում է։ Պետք է փորձել մարտի դաշտում իրավիճակը փոխել հօգուտ մեզ։ Հայտնի է, որ Արցախի հարավային մասում հակառակորդը բավական առաջ է եկել։ Հետևաբար, պետք է փորձել դրությունը շտկել։

Դա կոչվում է պատժիչ գործողություններ, որ նախատեսվում էին իրականացնել։ Այդ լեզուն Ադրբեջանը լավ է հասկանում, երբ պարտվում են, մի քիչ խելոքանում են։

Երկրորդ ուղղությունը ևս շատ կարևոր է և առնչվում է Ալիևի այդ լկտի պահվածքին՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախաձեռնություններն արհամարհելը։

Եվ այստեղ մենք պետք է շատ ակտիվ դիվանագիտական աշխատանք տանենք։ Եվ ժողովրդական դիվանագիտությունը պետք է շարունակվի, որը փայլուն իրագործում են և՛ սփյուռքահայերը, և՛ մենք, և նաև շատ կարևոր են պաշտոնական դիվանագիտության քայլերը։

Պետք է երեք համանախագահող երկրների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի այդ լկտի պահվածքի վրա։ Պետք է ուշադրություն դարձնել, որ դա միտումնավոր է արվում Ադրբեջանի կողմից՝ նսեմացնելու միջնորդների ջանքերն ու ցույց տալու, որ իրենք միայն մեկ տեր ունեն՝ Թուրքիան։

Պետք է աշխատել, բացատրել համանախագահող երկրներին, որպեսզի նրանք սկսեն միակողմանի քայլեր իրականացնել՝ ուղղված Ադրբեջանի դեմ։

Չգիտեմ՝ դա պատժամիջոցներ սահմանելու տեսքո՞վ կլինի, խաղաղապահներ տեղակայելո՞ւ տեսքով, թե՞ այլ, կարելի է մտածել։ Բայց շատ ակտիվ պետք է աշխատել ու համոզել, որ այդ երկրները քայլեր անեն։

– Հոկտեմբերի 29-ին Ժնևում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ այս հանդիպումից։

– Ոչ մի ակնկալիք չպետք է ունենալ։ Եթե նրանք չեն հարգում նույնիսկ Թրամփի, Պուտինի ու Մակրոնի առաջարկը, Ժնևի հանդիպումն ինչո՞վ պետք է տարբերվի։ Ես կարծում եմ՝ Ալիևը փորձում է ինչ-որ տարածքներ գրավել, որպեսզի իր դիրքերը բանակցություններում ավելի ուժեղ լինեն։

Կոպիտ ասած՝ Ալիևը Արցախի կապիտուլյացիան է ուզում։ Հիմա մենք չպետք է թույլ տանք, որ մարտի դաշտում նրանք մեծ հաջողությունների հասնեն։ Մենք պետք է մարտի դաշտում մեր աշխատանքը անենք և զուգահեռ աշխատանք տանենք երեք համանախագահ երկրների հետ, որպեսզի կա՛մ ճանաչեն Արցախը, կա՛մ սանկցիա կիրառեն հենց Ադրբեջանի նկատմամբ, կա՛մ խաղաղապահ ուժեր տեղակայեն։

– Ռուս խաղաղապահների մասի՞ն է խոսքը։

– Ինչքան հասկանում եմ՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դեմ չեն, որ Ռուսաստանի խաղաղապահները լինեն։ Եթե իրենց մոտ կա կոնսենսուս, ուրեմն նրանք արդեն միակողմանի քայլեր պետք է սկսեն անել։ Եվ քանի որ ամեն ինչ արագ է փոխվում, սրանք լկտիանում են, ամեն ինչ պետք է արագ անել։

Այսինքն՝ մեր անելիքը երկու ուղղությամբ պետք է լինի։ Մի ուղղությունն այն է, որ բանակը պետք է սկսի պատժիչ գործողությունները։ Երկրորդ՝ դիվանագիտական դաշտում կոնկրետ այս երեք երկրների հետ աշխատանք տանելն է։

Պետք է աշխատել նաև այն ուղղությամբ, որ աշխարհի այլ երկրներ նույնպես ճանաչեն Արցախի անկախությունը, բայց հիմա մեզ համար գլխավորը երեք համանախագահ երկրներն են, քանի որ նրանք Ադրբեջանի պահվածքից դժգոհ են։ Թրամփի դեպքում մեկ առանձնահատկություն կա նաև։

Նա գնում է ընտրությունների, նրա մրցակից Բայդենը վաղը կարող է ասել՝ քեզ նույնիսկ Ադրբեջանը չի հարգում։ Բայց դա պետք է մեր դիվանագետներն ասեն իրենց դիվանագետներին՝ հանդիպումների ժամանակ, արագ ուղարկեն այդ ինֆորմացիան։

Այդ ամենը պետք է արվի շատ արագ՝ մեր դիվանագիտական ու պաշտոնական խողովակներով։ Ես կզարմանամ, եթե Թրամփը կուլ տա Ադրբեջանի այս ապտակը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am