Մրցույթ հայտարարելու փուլում ենք. ԱՆ-ը՝ քովիդի դեմ պատվաստանյութ չլինելու մասին

«Հայաստանում սուր շնչառական վարակների սեզոնին բնորոշ ակտիվացում է նկատվում, գրանցված դեպքերը համադրելի են նախորդ տարվա հետ։ Դպրոցներում հունվարի 15-ից բուժքույրերն առաջնակի զննություն կանեն, ախտանշանների դեպքում աշակերտներին տուն կուղարկեն»,- այս մասին հայտարարել էր Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ։

Սեզոնային գրիպի դեմ պայքարի լավագույն միջոցը նախարարը համարել էր հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից պատվաստումը, նրա խոսքով՝ պատվաստանյութը Հայաստանում հասանելի է եղել հենց հոկտեմբերից: 

«Պատվաստանյութը մշակվում է ամեն տարի տվյալ տարի շրջանառվող շտամների դեմ: Դրանք հենց այսօր շրջանառվող երկու հիմնական շտամների՝ H1N1 և H3N2-ի դեմ են»,- ասել էր Ավանեսյանը՝ քաղաքացիներին հորդորելով պատվաստվել:

Եթե գրիպի շրջանառվող շտամների դեմ պատվաստանյութն առկա է, ապա քովիդի դեմ պատվաստվելու դեպքում քաղաքացիները խնդրի առաջ են կանգնում։ «Մեդիալաբին» ահազանգած քաղաքացին վստահեցնում է, որ անգամ մեկ ամիս առաջ դիմելու պարագայում էլ ասել են, որ չի կարող պատվաստվել քովիդի դեմ, որովհետև պատվաստանյութ չկա։ 

«Խնդիրը պայմանավորված է նրանով, որ նախարարության հայտարարած մրցույթները չեն կայացել, քանի որ դիմողներ չեն եղել, ու հիմա մենք էլի մրցույթ հայտարարելու փուլում ենք, հուսանք, որ դիմող կունենանք»,- «Մեդիալաբին» այս մասին ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։ 

Նրա խոսքով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը որոշել է այդ մասով աջակցել, ու հնարավոր է, որ քաղաքացին դիմի, բայց պատվաստանյութը չլինի։

Պատճառները, թե ինչո՛ւ կազմակերպությունները չեն դիմում հայտարարված մրցույթին, առողջապահության ոլորտի ներկայացուցչի խոսքով, միանշանակ չեն․ «Շահագրգռված չեն, կամ չգիտենք՝ ինչ պատճառով, գնման գործընթացը օրենքով անում ենք, մասնակից չի լինում, չեղարկվում է, ու նորից ենք հայտարարում։ Հիմա ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստակամություն է հայտնել աջակցել, շուտով ունենալու ենք»։

Թե ե՛րբ է այդ «շուտով»-ը, Մարիամ Ծատրյանը դժվարացավ կոնկրետ օր ասել։ 

«Պահուստային պատվաստանյութերը ժամկետանց էին ու խոտանվել են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Խոտանվել է մարդասիրական տրամադրվածը, ոչ թե պետական բյուջեով ձեռք բերվածը։ Ժամկետանց պատվաստանյութերը չենք կարող պահել, դրանք խոտանվում են»,- ասում է Մարիամ Ծատրյանը։

Պատվաստանյութ մատակարարող ընկերությունները և՛ երկրի ներսից են լինում, և՛՝ դրսից, բայց դիմող չկա, չնայած նրան, որ օրենքով հայտարարվում է մրցույթ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am