Ֆրանսիայի իրավապահները սառեցրել են Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը. Factor

Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Իրինա Մարիա վիլլայի սեփականությունը, որը գտնվում է Լազուր ափի Ռոքբրյուն-կապ-Մարտեն հանգստավայրում: Պաշտոնապես այն պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազները կարծում են, որ դրա իրական շահառուն ռուսական նավթագազային «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է, գրում է ֆրանսիական Le Monde-ը Վիլլան, որը տեղանքում հայտնի է Villa del Mare անունով, 3 հեկտար հողատարածքի վրա է: Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Բացի բազմահարկ գլխավոր շենքից՝ այն ներառում է նաև երեք լողավազան, թենիսի կորտ և ուղղաթիռի հարթակ։ Գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո։ Վիլլայի սեփականության իրավունքը, ինչպես նաև դրան պատկանող ընկերության՝ SNC Maritime Villa Holding-ի բաժնետոմսերը սառեցնելու հրամանը թվագրվում է 2024 թվականի փետրվարի 12-ով։

AFP-ն գրում է, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարով զբաղվող Փարիզի դատախազության ստորաբաժանումը (Junalco) Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ հետաքննությունն է իրականացրել 2009 թվականի դեկտեմբերի 11-ից Փարիզում, Կիպրոսում, Ռուսաստանում և Ռոքբրյուն-կապ-Մարտինում կատարված փողերի լվացման դեպքերի առնչությամբ: 2016 թվականին «Գազպրոմ Նեֆտ»-ը՝ «Գազպրոմի» նավթային դուստր ձեռնարկությունը, վիլլան վաճառել է Սամվել Կարապետյանին։

Սակայն Junalco-ի նախաքննության ընթացքում բազմաթիվ փաստեր են բացահայտվել, որոնք վկայում են, որ վիլլան իրականում երբեք դուրս չի եկել «Գազպրոմ Նեֆտ»-ի վերահսկողությունից։ Փաստաթղթերը, որոնք ուսումնասիրել ու վերլուծել են լրագրողները, ցույց են տալիս, որ Սամվել Կարապետյանը «Գազպրոմ Նեֆտ»-ից գնել է Maritime Villa Holding SNC ընկերության բաժնետոմսերը «Գազպրոմբանկի» կողմից տրամադրված 115 միլիոն եվրոյի վարկի շնորհիվ։ Այն պատկանում է «Գազպրոմ»-ին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերներից Յուրի Կովալչուկին։

Վարկը տրամադրել է ռուսական բանկը՝ վիլլայի գրավի դիմաց։ Սամվել Կարապետյանը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն է, որն աշխատում է անշարժ գույքի, շինարարության, էներգետիկայի ու ֆինանսների ոլորտում։ Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 2,7 միլիարդ դոլար։ Le Monde-ը նշում է, որ Կարապետյանը բիզնեսում իր հաջողության մեծ մասի համար պարտական ​​է «Գազպրոմ»-ից ստացած բազմաթիվ պայմանագրերին: