Արցախից Երևանի Արցախի պողոտա. «Մեզ պետք է միայն մի փոքր աջակցել, հետո ամեն ինչ լավ կլինի»

Լիանա Սարգսյանը կարոտով է հիշում Արցախի իր գեղեցկության սրահը, իր ներկերն ու մկրատները, որոնցով աշխատել է 22 տարի, ու թեև այսօր նոր մկրատներ և ներկեր ունի, միևնույն է, մկրատը ձեռքը վերցնելու ցանկացած փորձ, ասում է, իրեն մեծ դժվարությամբ է տրվում։

«Ինձ ստիպելով՝ մի կերպ աշխատում եմ, սիրտ էլ չկա։ 22 տարի անես, ստեղծես, վերջում ամբողջը թողնես, գաս ու ստեղ ամեն ինչ զրոյից սկսես․․․ դժվար ա, շատ դժվար…»,- «Մեդիալաբին» ասում է 46-ամյա Լիանան։

Այն ամենը, ինչ Լիանային հաջողվել է «փրկել» Արցախի իր գեղեցկության սրահից, «մազերի մի ֆենն ու շիպցին է», որ բերել է Հայաստան։ Ասում է՝ տեղահանության պահին եզակի իրեր է կարողացել վերցնել: 

«Միայն մեր գործիքներն ենք վերցրել, որ Հայաստանում կարողանանք աշխատել։ Ուրիշ ոչ մի բանի մասին չենք մտածել»,- ասում է նա։

Լիանան ցավով է հիշում՝ Ստեփանակերտում գեղեցկության սրահից բացի հագուստի ու աքսեսուարների խանութ էլ ուներ:

«Գալու պահին խանութի դուռը բացեցի, ով ինչի կարիք ուներ, եկավ վերցրեց։ Փախեփախի մեջ մարդիկ անշոր ու անկոշիկ էին մնացել, քանի որ շատերը անսպասելի էի բռնել փախստականի ճանապարհը։ Շոր, կոշիկ, բաժանեցի, հետո խանութիս դուռը փակեցի ու դուրս եկա»,- «Մեդիալաբին» պատմում է Լիանան։ 

Արդեն երկու շաբաթ է, ինչ Արցախի պողոտայի փոքրիկ սրահներից մեկում Լիանան ունի վարսահարդարման իր անկյունը, որ պատրաստ սպասում է սպասարկվել ցանկացող բոլոր քաղաքացիներին։ 

Լիանայի կողքին աշխատում են ութ արցախցի կանայք, որոնք թեև խնամված են, կոկիկ, սակայն հայացքներում դառնություն ու ցավ է:

Արցախցի ինը կանանց մի վայրում միավորողը Կարինա Սարգսյանն է, որը երկար տարիներ Երևանում գեղեցկության սրահներին խնամքի միջոցների ներկրմամբ և մատակարարմամբ է զբաղվում: Ասում է՝ արցախցիների՝ Հայաստան բռնի տեղահանման լուրը լսելուն պես որոշել է Արցախի պողոտայում գտնվող իր փոքրիկ սրահը, որի տարածքը վարձակալում է, վերափոխել որպես գեղեցկության սրահ և մարդկանց աշխատանքով ապահովել:

«Ինձ համար կարևոր էր, որ Արցախում աշխատող, արարող մարդիկ շարունակեն աշխատել և արարել իրենց հայրենիքում»,- պատմում է նա: 

Իր վարձակալած տարածքը Կարինան որոշում է անվճար հատկացնել արցախցիներին, հայտարարություն է գրում, տարածում սոցցանցերով, բոլոր հնարավոր օղակներով: Ասում է՝ անթիվ զանգեր էր ստանում, բայց որոշում է ընդունել նրանց, ովքեր առաջինն էին դիմել: 

«Դիմողները շատ էին, որոշ արցախցի մասնագետների էլ կարողացա աշխատանքի տեղավորել ընկերներիս պատկանող գեղեցկության սրահներում, որտեղ մասնագետների կարիք կար»,- ասում է Կարինան ու հուզվում Արցախի մասին խոսելիս, չի կարողանում արցունքները զսպել, իսկ արցախցիներն էլ կողքից սիրտ են տալիս նրան, թեև իրենք էլ ոչնչի սիրտ չունեն։ 

«Իրենց տեսնելուց հետո ես հասկացա, որ թույլ եմ, և իրենք են ինձ ուժ տալիս, ոչ թե ես՝ իրենց։ Որ ասում են՝ քարից հաց քամող, էդ իրենք են, էդ իրենց մասին է»,- ասում է Կարինան։ 

Արցախցի 42-ամյա Լիանա Սարգսյանը (իր բախտակցի նման նույն անուն-ազգանունն ունի) հիշում է՝ երբ առաջին անգամ եկավ Երևան, նույնիսկ հագուստ չուներ, որ հանդիպեր Կարինայի հետ, և նրանից մեկ օր ժամանակ խնդրեց, որպեսզի հագուստ գտնի և պատշաճ տեսքով ներկայանա նոր աշխատավայր: 

«Կարինան ասեց՝ արի հանդիպենք, ասեցի՝ կլինի՞ վաղը գամ, հարցրեց՝ ինչո՞ւ, ասեցի՝ շոր չունեմ, գնամ շոր առնեմ, նոր»,- պատմում է Լիանա Սարգսյանը։

Ստեփանակերտի նախկին բնակչի համար Երևանում ամենաանսովորը հասարակական տրանսպորտից օգտվելն է։ Ասում է՝ նախկինում երբեք չի առնչվել այնպիսի իրավիճակի, երբ պիտի ժամերով սպասես տրանսպորտին, որ կարող է ոչ միայն ուշանալ, այլև նույնիսկ չգալ։ 

«Էստեղ առնչվել եմ մի էնպիսի իրականության հետ, որ տրանսպորտ պիտի նստեմ, տրանսպորտին էլ կարող ա ժամ-ժամուկես սպասեմ, իսկ Ստեփանակերտը փոքր քաղաք էր, գործի տեղս էլ՝ տանը շատ մոտ, երբեմն տրանսպորտ չէի էլ նստում գործի գնալուց 10 րոպեում ոտքով գնում-գալիս էի»,- ասում է Լիանան։ 

21-ամյա Ալյոնա Գասպարյանը ներկաներից ամենաերիտասարդն է և չնայած այդ հանգամանքին, Արցախում հասցրել է ոչ միայն կոսմետոլոգի մասնագիտությամբ հմտանալ, այլև դառնալ Արցախի կոսմետոլոգների ասոցիացիայի անդամ։

«Ստեղ օտարությունը շատ ա, չնայած շատ լավ մարդիկ են շրջապատալ, բայց մեր Արցախին, մեր տանը փոխարինում չի, այնտեղ ամեն ինչ գերբնական ա։ Ես պատրաստ եմ, օրինակ, ցանկացած մի օր լրիվ կազմ-պատրաստ վերադառնամ, իսկ թուրքերով շրջապատված լինելը ինձ մի գրամ չի անհանգստացնում»,- նշում է Ալյոնան, իսկ մյուսներն անմիջապես սկսում են իրար մեջ խոսել։

«Հլը խոխա ա, չի հասկանում, երեխաներ չունի, ոչ մեկի համար պատասխանատու չի, դրա համար էլ էդպիսի ցանկություններ ա արտահայտում»,- ասում են կանայք։

Ալյոնայի խոսքով՝ ամենաշատն իրենց տունն է կարոտում և գերեզմանները, իսկ տևական դադարից հետո ավելացնում է՝ երևի գերեզմաններն ավելի շատ՝ եղբայրն այնտեղ է։

«Հա, եղբայրս 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում ա կռվալ մինչև հոկտեմբերի 14-ը ու զոհվել ա։ Դրա համար էլ էդ հողը ձգում ա․․․»,- ասում է Ալյոնա Գասպարյանը։

Չնայած ցավին և բոլոր դժվարություններին, այնուամենայնիվ, կանայք փորձում են առաջ նայել և ապրել՝ հանուն իրար, հանուն իրենց երեխաների և ուրիշ «հանուն»-ների, որ իրենք իրենց համար են ստեղծում։

Արցախի պողոտայի 3/4 հասցեում գտնվող սրահը շուտով կանվանակոչվի «Արցախ բյութի բիոուեյ»՝ նախկին «Բիոուեյ» անվան փոխարեն։ Կանանց խոսքով՝ նույնիսկ այստեղ՝ Երևանում, իրենց Արցախն ունեն։ 

«Արցախցիներով հավաքվել ենք Արցախի պողոտայում գտնվող սրահում, որը կկոչվի «Արցախ բյութի»,- ասում են կանայք և հավելում՝ թեև այս պահին Երևանից հաճախորդներ գրեթե չունեն, այնուամենայնիվ, երբ Արցախից իրենց հին հաճախորդներն իմանում են, որ իրենք այստեղ են, նույնիսկ մարզերից են գալիս։

«Վանաձորում բնակվող հաճախորդ ունեմ, ասում է՝ կհաշվեմ, որ առաջվա պես գյուղից եմ գալու քեզ մոտ սպասարկվելու։ Ես Ստեփանակերտում էի բնակվում, իսկ հաճախորդս՝ մոտակա գյուղերից մեկում։

Հաճախորդներիցս շատերն էլ որ իմանում են՝ էստեղ եմ, ասում են՝ չմտածես, քո մոտ ենք գալու, և գալիս են, ես էլ իմ կողմից իրենց զեղչեր եմ անում»,- ասում է Լիանան։

Եղած սեղանների, դարակների և աշխատանքային իրերի կողքին շուտով կավելանան նորերը։ Կանայք վստահ են՝ շուտով հաճախորդների պակաս ևս չեն ունենա, միայն ժամանակ է պետք և տեղացիների աջակցությունը իրենց։

«Մենք ամեն ինչ կանենք, նորից կստեղծենք ու ոտքի կկանգնենք, բայց այս պահին ջերմության և մի փոքր սիրո կարիք ունենք։ Մեզ պետք է միայն մի փոքր աջակցել, իսկ հետո ամեն ինչ լավ կլինի»,- հավելում է Լիանան։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am