ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. որո՞նք են դրան նպաստող գործոնները. Սուրեն Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, վերջին շրջանում միտումներ են նկատվում, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Որքանո՞վ է է դա հավանական։

– Իհարկե, դրական ազդակներ գալիս են, բայց չպետք է կենտրոնանալ այն հանգամանքի վրա, որ դա միանշանակ է։ Այսինքն՝ ես չեմ կարող պնդել, որ Բայդենը կարող է ճանաչել Ցեղասպանությունը։

Բայց միաժամանակ կարող եմ պնդել, որ ԱՄՆ որևէ վարչակազմ երբևէ ավելի մոտ կանգնած չի եղել ճանաչմանը, որքան այսօր Բայդենի վարչակազմը։ Դա պայմանավորված է ամենատարբեր հանգամանքներով։

– Կմանրամասնե՞ք, որոնք են ճանաչմանը նպաստող գործոնները։

– Պատճառները շատ տարբեր են, բայց ամենակարևորը թուրք-ամերիկյան լարված հարաբերություններն են։ Այսօր ԱՄՆ-ն Թուրքիայից այդքան էլ կախված չէ արտաքին քաղաքականության տեսանկյունից Մերձավոր Արևելքում, որքան նախկինում:

Եվ Թուրքիան այսօր ԱՄՆ-ի համար դաշնակից է, բայց միայն խոսքի մակարդակում։ Այսինքն՝ գործով այդ դաշնակցային հարաբերություններից ոչինչ չի մնացել, որովհետև Թուրքիայի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունն ուղիղ հակառակն է այն սկզբունքներին ու արժեքներին, որ ԱՄՆ-ն ունի։

Եվ, բնականաբար, այստեղ արդեն այդ ռազմավարական դաշնակից բնութագրումը գոյություն չունի։ Սա ամենակարևոր նախադրյալներից մեկն է։

Երկրորդ կարևոր նախադրյալն այն է, որ Բայդենի քաղաքական թիմի ներսից ճնշում կա Բայդենի վրա, որ Ցեղասպանությունը ճանաչի։ Եվ խոսքը միայն Սենատի մասին չէ։

Նրա քաղաքական թիմում էլ կան մարդիկ, որոնք Ցեղասպանության ճանաչման ջատագով են։ Այնպես որ, նախադրյալները շատ են, այդ թվում՝ նաև այն, որ 100-ից 38 սենատոր նամակ է գրել Բայդենին՝ հորդորելով ճանաչել։

Մյուս գործոնն այն խոստումն է, որը Բայդենը տվել է ԱՄՆ հայ քաղաքացիներին։ Այնպես որ, Ցեղասպանության ճանաչման նախադրյալներ կան, և, ինչպես նշեցի, ամենակարևոր նախադրյալը թուրք-ամերիկյան հարաբերությունների ոչ բարվոք լինելն է։

Այս փուլում ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը ի՞նչ կարող է տալ թուլացած Հայաստանին, որքանո՞վ կարող են մեր դիրքերն ուժեղանալ։

– Բնականաբար, թուլացած Հայաստանը կարող է ուժեղանալ, եթե կարողանա ճիշտ հետևել գործընթացներին և այդ գործընթացները փորձի օգտագործել իր շահերի տիրույթում։ Բայց ես նման բան չեմ կարող կանխատեսել, մեր իշխանությունները նման կարողություններ և հնարավորություններ չունեն։

Բայց, միաժամանակ, եթե Վաշինգտոնը Ցեղասպանությունը ճանաչում է, քաղաքական և իրավական գնահատական լինելուց զատ, դա նաև ցիկլի փակում կլինի Վաշինգտոնում։ Եվ մենք կկարողանանք մեր ամբողջ ռեսուրսը, որը Ցեղասպանության ճանաչման հարցում ենք դրել, ուղղել այլ ուղղութուններով։Օրինակ՝ Արցախի ճանաչում, Արցախին օգնության տրամադրում և այլն։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am