Տեղ համայնքի փոքրիկները Սեպտեմբերի 14-ից վերակառուցված մանկապարտեզ կհաճախեն

Սյունիքի մարզի Տեղ համայնքում մանկապարտեզի խնդիրը առկա էր դեռևս 1992 թվականից, շենքը հիմնովին վնասվել էր` հրետակոծության հետևանքով։ Վերջին տարիներին մանկապարտեզի առաջին հարկում գործում էր մեկ խումբ, և նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն ուներ ընդամենը 45 երեխա։

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում իրականացրել է Տեղի մանկապարտեզի վերակառուցման ենթածրագիրը։ Համաշխարհային բանկից ներգրավված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ շենքն արդեն պատրաստ է շահագործման։ Ընդհանուր ներդրումը կազմել է 153 միլիոն 360 հազար դրամ, որից շուրջ տասը տոկոսը ներդրվել է համայնքի և <<Վարդանանց ասպետներ>> կազմակերպության կողմից։

Վերակառուցված մանկապարտեզը սեյսմակայուն է, ապահովված է ջեռուցման, հակահրդեհային համակարգերով, կահավորված է, տեղադրվել են արևային մարտկոցներ։ Բարեկարգվել ու ցանկապատվել է նաև մանկապարտեզի բակը, կառուցվել է խաղահրապարակ։ Տեղ համայնքի ժամանակակից և հարմարավետ մանկապարտեզը Սեպտեմբերի 14-ից իր հարկի տակ կընդունի արդեն 100 երեխայի։