Ռուբեն Հայրապետյան. Կյանքից բեխաբարը

Ռուբեն Հայրապետյան. Կյանքից բեխաբարը
Ռուբեն Հայրապետյան. Կյանքից բեխաբարը

Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը հակաինտելեկտուալ պրեսսինգ էր հեռուստադիտողի նկատմամբ։ Էական չէ՝ նա ճիշտ էր, թե սխալ, երբ ասում էր, որ 2009-ին Խաչատուր Սուքիասյանից չի խլել նրա գործարանը, երբ փորձում էր պարզաբանել՝ ինքը կապ ունի՞ շինարարական չարաշահումների հետ, թե՝ ոչ։ Բայց նա, ըստ էության, ոչ մի մեղադրանք չէր հերքում հենց մտքի հանդեպ ոտնձգությամբ։ 

Ռուբեն Հայրապետյանը նոր Հայաստանի հետ խոսում էր հին իրականության «գործիքներով»։ 

«Ձերբակալելով՝ մեր տեսակը չեն կարող վախեցնել»,- ասում էր պարոն Հայրապետյանը այն օրը, երբ ոստիկանությունը մտել էր խուզարկելու նրա տունը, որպեսզի հայտնաբերի մարզադաշտերի շինարարական չարաշահումների հետ կապված փաստաթղթեր։ 

Եթե անկեղծ, ես չհասկացա, թե այդ փաստաթղթերն ի՛նչ գործ ունեին նրա տանը, Հայրապետյանը չի հերքում, որ դրանք կան, իր տանն են, թեպետ դրա համար չի հպարտանում, ինչպես հպարտանում է ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի արխիվով, որով կարող է լռեցնել լեգենդար Խորեն Հովհաննիսյանին և Արկադի Անդրեասյանին։ Մարդը եթեր է եկել, որպեսզի բղավի արդարության մասին, թեպետ, «հա, կարող ա մի երկու չարաշահում էլ եղել ա»։ 

Այդ հարցազրույցը դարակազմիկ էր, որով հին Հայաստանի ներկայացուցիչներն իրենց դեմքին փակում են հին Հայաստանի դուռը։ 

Նրանք նոր Հայաստանում բղավում են համաքայլ ընթանալու անկարողությունը, որովհետև մեղքի «ժողովրդավարական» պատկերացումներն ու նրանց պատկերացումներն իրար հետ չեն խոսում։ Հայրապետյանը չի հասկանում, թե որտե՛ղ է թերացել, որի համար կարող է հետապնդվել։ Ահա ինչու նրա համար մեղքը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանի կոշիկի պոկված տակացուն է։ 

Իրականում ճիշտ չէ Ռուբեն Հայրապետյանին մեղադրել որևէ հանցանքում։ Հանցանքը գիտակցված անօրինականությունն է, նույնիսկ եթե քրեական հոդվածը «չկանխամտածվածի» մասին է։ 

Այդ մարդը մինչև հոգու խորքը փշաքաղվել է Սերժ Սարգսյանի «դարակազմիկ» մտքից, ըստ որի՝ Ռուբեն, ես միայն ինձ ընտրողների նախագահը չեմ, ես նաև ինձ չընտրողների նախագահն եմ։ Չմեղադրել՝ չի նշանակում պատասխանատվության չկանչել։ 

Բայց ո՞ւմ։ Որպեսզի նա ի՞նչ ասի։ Ի՞նչ կարող է ասել մեկը, որի համար Մելիքբեկյանի կոշիկի պոկված տակացուն հերիք է, որպեսզի նա մարդահաշվից դուրս գա։ 

Ոչինչ չունեմ ասելու, մարդ են բոլոր նրանք, որոնք մարդահամարով «անցել» են։ Հետևաբար պատասխանատու են իրենց արարքի համար։ Բայց ո՞վ է այս մարդուն պատրաստել օր ծերության պատասխանատվության զգացում ունենալուն։ Ոչ ոք նրան չի ասել, որ չի կարելի իջնել այդ տակացուի աստիճան։ 

Այս մարդը Միհրան Պողոսյան չէ։ Ինքը «տղայականով» չի փախել Հայաստանից։ Մնացել է ըստ էության խցանման մեջ։ Այս մարդը պարզապես պետք է ամեն ինչ պատմի։ Եվ անիմանալին սահուն դուրս կսպրդի նրա շուրթերից։ 

Բաց պետք է հասկանալ՝ գիտի՞, թե ինչ է արել ինքը։ Գիտի՞, թե ինչ են ուզում իրենից։ Գիտի՞, որ պոկված տակացուն անմարդկային չէ։ Սրա հարցը լուծեք։ Դուք, ըստ էության, կյանքից բեխաբար մարդու հետ գործ ունեք։ Գլխավորը, իհարկե, արդեն տեղի է ունեցել։ Մարդը մեկուսացվել է, գուցե՝ կամավոր, որն արդեն հուսադրող է։ Գուցե՝ հարկադիր, ինչը նույնպես վատ չէ։ Բայց նրա հոխորտանքը, նրա «արդարության» զգացումն ինտելեկտուալ չէ։ Ինչպես ինտելեկտուալ չէ, ասենք, Սամվել Ալեքսանյանի անմեղությունը։ Եվ, ի դեպ, բնական էլ չէ այդ անմեղությունը։ 

Ռուբեն Հայրապետյանը մեծ դեր ունի անկախ Հայաստանի ապականման մեջ։ Նա այն մարդկանցից էր, որոնց անպատժելիությունն «Աստծուց» էր։ Եվ երբ նա ներկայանում է այնպես, ինչպես կա, պարզ է, չէ՞, «տեսակը» չի թուլացրել իր սպառնալիքը։ Պարզապես գործունեության դաշտն է փակվել։ Բայց այս մարդը «անմեղ» է, հասկանո՞ւմ եք։ Ինքն այսօր էլ է իր «անպատժելիության» արեալում թագավորում, պարզապես այդ արեալը զրկվել է սնուցման բոլոր օջախներից։ Նոր Հայաստանն արդարության վերականգնման իր ձեռագիրն ունի։ 

Այդ Հայաստանը «ծնունդն» է այն հիշողության, որում Ռուբեն Հայրապետյանի մենթալիտետի մարդիկ ռեստորանային համալիրի բակում մարդ էին սպանում։ 

Ինչպե՞ս վարվել այս մարդու հետ, որը կյանքից բեխաբարի իր «բարձունքներից» աջ ու ձախ շարունակում է մարդկանց նվաստացնել։ 

Ամեն ինչի համար կա օրենքը։ 

Հայրապետյանը դեռ չգիտի, որ ինքը օրենքի մսացուն է։ Նա առաջին անգամ կիմանա, թե ինչ է օրենքը, և անձամբ փառք կտա նոր Հայաստանին, որտեղ իրավացի լինելու ամենավատ տարբերակը, համենայնդեպս, Վահե Ավետյանի «նման» չավարտելն է։

Մհեր Արշակյան

MediaLab.am