«Պետք չէ հացադուլը վերածել խեղկատակության». վերացական ցանկություններով` անհնարին պահանջներով պայքար

«Պետք չէ հացադուլը վերածել խեղկատակության». վերացական ցանկություններով` անհնարին պահանջներով պայքար
«Պետք չէ հացադուլը վերածել խեղկատակության». վերացական ցանկություններով` անհնարին պահանջներով պայքար

Նախագահի թեկանածություն առաջադրած Անդրիաս Ղուկասյանի հունվարի 21-ից մեկնարկած անժամկետ հացադուլը, որին հաջորդեց եւս երկու թեկնածուների հայտարարությունը հացադուլին միանալու կամ առանձին անելու վերաբերյալ, ըստ փորձագետի, պարզապես «խեղկատակության» է վերածում հացադուլի իմաստը:
Արդեն երկու օր է, ինչ Հայաստանի գիտությունների ակադեմիային առջեւ «Վերջ շինծու ընտրություններին» ցուցապաստառով նախագահի թեկնածու, «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Ղուկասյանը հացադուլ է սկսել: Իսկ այսօր նրան միանալու ցանկության մասին հայտարարեց նաեւ «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Սակայն, հացադուլի թեման այսքանով չի ավարտվում:
Փետրվարի 7-ին հացադուլ անելու նպատակի մասին այսօր հայտարարեց նաեւ նախագահի թեկնածու «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունը: Ավելին՝ այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ Հարությունյանը նշել է, որ հացադուլի մյուս օրը`փետրվարի 8-ին նա կհանի իր թեկնածությունը:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգինաերի փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ Ղուկասյանից բացի եւս երկու թեկնածուի միանալը հացադուլի, ոչինչ չի նշանակում:

«Պարզապես ուշադրություն գրավելու, լրագրողներ շուրջը հավաքելու մի միջոց է, որ իրենց ասելիքը ասեն, որը նույնպես անիմաստ է, քանի որ քարոզարշավի շրջանակներում անվճար եթերաժամ է տրամադրվում բոլորին իրենց ասելիքը ասելու համար: Հացադուլը անելիս նպատակ պետք է ունենալ, ոչ թե վերացական բաներ ուզել: Պարզապես պետք չէ հացադուլը վերածել խեղկատակության»,-ասում է Բադալյանը:

Նա նշում է, որ ընդհանրապես հացադուլը, լինելով քաղաքական պայքարի միջոց, ինչ-որ մի նպատակ պետք է ունենա:

«Հացադուլ անում են հզոր անհատները, որոնք համաշխարհային քաղաքական կենտրոնների ուշադրությունը գրավելու խնդիր են հետապնդում: Եւ զանգվածային հացադուլ են անում հարյուրավոր, հազարավոր մարդկանցով՝ իրենց կոնկրետ նպատակը ունենալով»,-նշում է նա:

Հիշեցնենք, որ օրինակ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է անում, պահանջելով արդար ընտրություններ: Նա պահանջում է, որ ԿԸՀ-ն չընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ըստ նրա՝ քանի որ իշխանությունը նախապես չի ստեղծել երաշխիքներ, որ ընտրություններն ազատ կլինեն, ուստի «չկան իրական ընտրություններ»:

Բադալյանը «անիմասատություն» է համարում Ղուկասյանի հացադուլը իր ներկայացրած պահանջներով:

«Հացադուլ անելով նա ավելի շատ PR անելու նպատակ ունի: Ուշադրության արժանանալու միջոց է օգտագործում հացադուլը, ինչը դրական արդյունք չի տալու: Նա ձեւակերպել է իր պահանջը, իր նպատակը, բայց դա ուղղակի անիրակականանալի է, ծիծաղելի է, ի՞նչպես կարող է գործող նախագահը չմասնկացել ընտրություններին» ,-ասում է Բադալյանը

Նա նշում է, որ պետք է այնպիսի նպատակ դնել, որը հնարավոր է իրականացնել, ոչ թե վերացական ցանկություններ արտահայտել եւ ասել «ուզում եմ արդար ընտրություններ»:

© Medialab.am