Վարդան Ղուկասյանն առաջարկում է բոյկոտել ու քվորում չապահովել Երևանի ավագանու նիստերին

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը որոշել է բոյկոտել Երևանի ավագանու նիստերը։ Այդ մասին հայտարարել է «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, որն ըստ էության ղեկավարում է նաև ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը։ Ղուկասյանի այս որոշումը կարող է Երևանի ավագանիում քաղաքական ճգնաժամի պատճառ դառնալ։Այս մասին հայտնում է Civilnet-ը:

Ղուկասյանը ավագանու նիստերը բոյկոտելու կոչով դիմել է նաև Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց»-ին և «Մայր Հայաստան» դաշինքին։ Այս երեք խմբակցությունների ամբողջական բոյկոտի դեպքում Երևանի ավագանին չի կարողանա քվորում ապահովել, որոշումներ ընդունել։ «Քաղաքացիական պայմանագրի» և «Հանրապետություն» կուսակցության մանդատները չեն բավականացնի մեծամասնություն կազմելու համար։ Վարդան Ղուկասյանը կոչ է արել նաև թիրախավորել այն ավագանու անդամի ընտանիքին, ով կգնա և ՔՊ-ի համար կապահովի քվորում։

«Վարդան Ղուկասյանը հայտարարում է՝ եկել է պահը, եկել է ժամանակը ՔՊ-ին հեռացնելու Երևանի քաղաքապետարանից։ Մենք տեսանք, որ քաղաքապետարանը ամբողջությամբ տանուլ է տվել ամեն ինչ, տեսանք ձնամաքրման աշխատանքներ, ճանապարհներ, փոսեր։ Այս մարդիկ գռփում են ու թալանում։ Վաղվանից բոյկոտում ենք քաղաքապետարանի ավագանու բոլոր նիստերը, սա հանգեցնելու է նրան, որ ՔՊ-ն պիտի պայթի, Երևանը պիտի գնա ՔՊ-ի ձեռքի տակից, Երևանը պիտի գնա նոր ընտրությունների։ Սահմանադրական փոփոխությունների ֆոնի վրա սա ամենամեծ հարվածն է լինելու Նիկոլ Փաշինյան երևույթին»,- հայտարարեց Ղուկասյանը։