Հայաստանում բազմանում են ցիանային տեխնոլոգիաները: Այդ մասին ահազանգում է «էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը:
Ցիանային տեխնոլոգիաները օգտագործում են թանկարժեք մետաղների` ոսկու եւ արծաթի կորզման համար:
Արարատի մարզում արդեն իսկ գործում է ցիանային արտադրություն, Սյունիքի մարզում պետք է ավելանա եւս մեկը, որի կույտային տարալվացման ցիանային տեխնոլոգիան ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության հավանությունը: Նոր նախագիծը ներկայացրել է «Գեոթիմ» ՓԲԸ-ն, որն իրականացնում է Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործումը:
Թե քանի տոննա հարկավոր կլինի նոր արտադրության համար, դեռ պարզ չէ, քանի որ ֆաբրիկան դեռ գոյություն ունի միայն նախագծում: Բայց օրինակ 2012թ.-ին «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արտադրական կարիքների համար նատրիումի ցիանիդի ներմուծման թույլտվություն տալու մասին» որոշմամբ Հայաստան ներկրվեց 600 տոննա նատրիումի ցիանիդ:
«ԷկոԼուր»-ը հիշեցնում է, որ բնապահպանական փորձաքննության ցանկացած եզրակացություն տալուց առաջ պետք է անցկացվեն հասարակական լսումներ: Հակառակ դեպքում կխախտվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը եւ Օրհուսի կոնվենցիայի դրույթները:
© Medialab.am