«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը
– Պարո՛ն Հարությունյան, Սոչիում կայացած եռակողմ հանդիպումն ու դրանից հետո տարածած հայտարարությունն Արցախն ինչպե՞ս է գնահտում։ Որքանո՞վ այդ հայտարարության վրա ազդեցություն ունեցավ, ըստ ձեզ, հանդիպման նախօրեին Արցախում կայացած հանրահավաքը։
– Շատ մտահոգիչ է, որ հայտարարության մեջ Արցախի մասին որևէ հիշատակում չկար, բայց մյուս կողմից՝ նաև համարում եմ, որ դա ակնկալելի ու սպասելի էր, որովհետև Ադրբեջանի կեցվածքն այս պահին ոչ կառուցողական է, նրանք առավելապաշտական դիրք են զբաղեցնում։
Կարծում եմ, որ այս ամենի վրա նաև մեծ ազդեցություն ունի ռուս-ուկրաինական պատերազմը, ու հաշվի առնելով Ռուսաստանի զբաղվածությունն ու առաջնահերթությունները՝ Ադրբեջանը սա առավելագույնս օգտագործում է, բայց մյուս կողմից նաև՝ կարծում եմ, որ հանդիպման ոչ հրապարակային մասում, միանշանակ, քննարկվել են և՛ հանրահավաքը, և՛ այդ հանրահավաքի մասնակիցների թիվը, ու Ալիևի այն միֆը, որ ինքը փորձում է աշխարհին մատուցել, թե Արցախում հազիվ 20-25 հազար մարդ է ապրում, քանդվեց, որովհետև տարբեր հաշվարկներով հանրահավաքին 40-50 հազար մարդ է մասնակցել։
– Այսինքն՝ գոնե վաշինգտոնյան առաջարկների մերժման մասով, կարծում եք՝ հանրահավաքի մեսիջը տե՞ղ հասավ։
– Ես չեմ ուզում մենք այսպես ասած մտնենք երկու գերտերությունների արանքը։ Մենք ոչ թե պետք է ինչ-որ կողմի առաջարկները մերժենք կամ ընդունենք, այլ հարցը պետք է դիտարկենք բովանդակության համատեքստում։
Մեզ համար մերժելի է այն բովանդակությունը, որի համաձայն Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, և մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որում ընդգծվում է, որ գոյություն ունի Արցախի հիմնախնդիր, որը լուծման կարիք ունի։ Խնդիրն այն է, որ ստեղծված ուժային բալանսի պարագայում մեզ համար ամենաիրատեսական և ձեռնտու տարբերակն է, որ Արցախի հիմնախնդիրը առկախվի և հետագա լուծմանը թողնվի։
– Իսկ այդ ուղղությամբ թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմի տարվող ջանքերը կտա՞ն իրենց արդյունքը, այսինքն՝ Ադրբեջանին հնարավոր կլինի՞ համոզել, պարո՛ն Հարությունյան։
– Այլընտրանք չկա, որովհետև սա գոյաբանական հարց է, հակառակ դեպքում Արցախը հայաթափվելու է ու արժանանալու Նախիջևանի ճակատագրին։ Այդ ուղղությամբ մենք պետք է ամեն ինչ անենք, պետք է նաև հասկանալ, որ ինչ-որ փուլերում կարող չստացվել, կապված Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումների հետ, բայց հրաժարվել սրանից անընդունելի է, պայքարել է պետք։
– Արցախում նմանատիպ հանրահավաքներ նախատեսվո՞ւմ են, թե՞ ոչ։
– Այս պահին նման քննարկում չկա։
– Կխնդրեմ ներկայացնեք Արցախի ներքաղաքական վիճակը ու նաև իշխանության և Արցախի բնակչության մոտ Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարումից ունեցած ակնկալիքները։
– Ներքաղաքական առումով, կարծում եմ՝ այս հանրահավաքը ևս ցույց տվեց, որ Արցախում մեզ քիչ թե շատ, այնուամենայնիվ, հաջողվեց գոնե առանցքային հարցերի շուրջ համախմբել բոլոր քաղաքական ուժերին, ու այդ միասնությունը միակ բանն է, որ հույս է տալիս, որ կարող ենք այս իրավիճակը հաղթահարել։
Ռուբեն Վարդանյանի մասով. միայն այն հայտարարությունը, որ բնակվելու է Արցախում, բավականին դրական ընդունվեց հասարակության կողմից ու նաև ոգևորեց։ Այս դժվար փուլում մտնել նմանատիպ պատասխանատվության տակ ու ստանձնել պետնախարարի պաշտոնը, կարծում եմ, ևս գովասանքի արժանի քայլ է, իսկ թե ինչ կլինի «հետո»-ն, պետք է սպասել աշխատանքի արդյունքներին։
Ամեն դեպքում և՛ իշխանական շրջանակներում, և՛ ժողովրդի մեջ սպասելիքները շատ մեծ են։ Քաղաքական ուժերի կողմից ևս կա ըմբռնումը, որ նրան պետք է հնարավորություն տալ, որովհետև որևէ քաղաքական ուժ հոռետեսական որևէ հայտարարությամբ հանդես չի եկել
– Պարո՛ն Հարությունյան, Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Արցախում խաղաղապահների մանդատը երկարացնելու հայկական կողմի առաջարկը Սոչիում մերժվել է, բայց, ըստ իրեն, մտել է օրակարգ։ Ի՞նչ կասեք այդ մասին։
– Սա մեզ համար շատ կարևոր հարց է, ու այս ուղղությամբ պետք է ամենօրյա աշխատանք տարվի, որովհետև խաղաղապահ առաքելությունն այսօր Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության կարևոր մասն է, ու առանց նրանց հնարավոր չէ ապահովել Արցախի լիարժեք անվտանգությունը։ Նույնիսկ նրանց ներկայության դեպքում Ադրբեջանը պարբերաբար սադրանքների է դիմում, ու այսօր Արցախի անվտանգությունը պատկերացնել առանց խաղաղապահների գրեթե անհնար է։
Ընդգծում եմ, որ այս ուղղությամբ ամենօրյա աշխատանք պետք է տարվի, ու պարտադիր պետք է կարողանանք Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները փոխել ու հասնել նրան, որ դրանք արտացոլվեն ձեռք բերվող պայմանավորվածություններում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am