«Տիգրան Արզաքանցյանի հետ միասնական թիմով շարունակելու ենք մեր քարոզչությունը». Արամ Սարգսյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր անվավեր է ճանաչել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը։ Տիգրան Արզաքանցյանը ՀԴԿ համամասնական ցուցակում վարչապետի թեկնածուն էր՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

ԿԸՀ որոշումը, սակայն, չի ընկճել Արզաքանցյանին ու նրա թիմին, և նրանք շարունակում են քարոզարշավը:

«Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանին

-Պարոն Սարգսյան, Ձեր կուսակցության ցուցակի առաջին դեմքի գրանցումը, փաստորեն, անվավեր ճանաչվեց: Ինչո՞ւ այդպես եղավ:

-Իրոք, ԿԸՀ-ն այդպիսի որոշում է կայացրել: Մենք պատրաստվում ենք դա բողոքարկել: Բացի այդ, եթե անգամ նման իրավիճակ է ստեղծվել, ոչինչ չի փոխվում մեր մարտավարության մեջ: Մենք միասնական թիմով շարունակելու ենք մեր քարոզչությունը:

-Բայց առանց Տիգրան Արզաքանցյանի՞, նա չի լինելո՞ւ առաջին դեմքը:

-Ինչպես թե, կուսակցության նախագահը առաջին դեմք չէ՞: Եթե կուսակցության առաջին դեմքը դուրս է գալիս, ինքնըստինքյան երկրորդը դառնում է առաջին դեմք:

-Նոր մարտավարությո՞ւն եք որդեգրելու, Տիգրան Արզաքանցյանը Ձեզ հե՞տ է լինելու:

-Այո, Տիգրան Արզաքանցյանը մեզ հետ միասին է, մենք նույն թիմում ենք: Ոչինչ չի փոխվելու:

-Ընկճվածություն չկա՞ ԿԸՀ որոշումից հետո:

-Բացարձակ: Մենք ուղղակի հասկանում ենք, որ որոշակի պատվեր կար: 20 օր առաջ չգիտեի՞ն այս բանը: Եթե տվել են այն ժամանակ տեղեկանքը և թույլ են տվել, որ նա մասնակցի, հիմա հանկարծ ի՞նչ պատահեց: Ինչ-որ մի իմքայլական դիմում է գրել ու դրա շնորհիվ վերանայել են: Մեզ համար հասկանալի է այդ ամենը, բայց մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում:

-Պատվեր ո՞ւմ կողմից, իշխանությա՞ն:

-Ես չեմ կարող ասել: Համենայնդեպս, այն, ինչ մենք նկատում ենք հիմա, արդեն պարզ է մեզ համար: Բայց էլի եմ ասում՝ մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնելու, շարունակելու ենք մեր գործունեությունը:

-Դուք ակնարկում եք, որ ի դեմս Ձեր կուսակցության, նկատեցին, որ մրցակից ունեն և որոշեցին խոչընդոտե՞լ: Ճի՞շտ եմ հասկանում:

-Շատ հնարավոր է, որովհետև այս օրերի ընթացքում բոլոր հանդիպումները, որոնք մենք անցկացրել ենք շրջաններում, մարզերում, շատ հաջող են անցել: Ժողովուրդը շատ ուշադիր լսում է մեր ծրագրերը: Եվ երևի թե գրանցված քաղաքական ուժերից 5-6-ն ունեն այդպիսի քարոզարշավ, ինչպիսին մենք ենք անում: Այնպես որ հավանաբար, ինչ-որ բան իրենց մտահոգել է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am