Լրատվամիջոցներին առնչվող վիճահարույց օրինագիծը քննարկվել է փորձագետների հետ

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները փետրվարի 15-ին քննարկվել են խորհրդարանում կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ: Հրավիրվել էին ոլորտի փորձագետներ Վահան Հովսեփյանը և Գրիգոր Սաղյանը, մասնագետներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, որը նաև նախկին լրագրող է, ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանի, Հայկ Կոնջորյանի, Սարգիս Խանդանյանի, Վահագն Հովակիմյանի և Թագուհի Ղազարյանի հետ առաջարկում է կարգավորել ԶԼՄ դաշտը՝ լրատվամիջոցներին արգելելով տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրների:

Նախագծով անանուն աղբյուր են համարվում այն բոլոր դեպքերը, երբ համացանցում գրանցված դոմեյնը, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը տնօրինողների նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

«Կարևոր նկատառում. նախագծի ընդունմամբ չի արգելվելու անհայտ ծագումնաբանությամբ լուրերի հրապարակումը. արգելվելու է դրանց անանուն աղբյուրներին հղում տալն ու դրանով նրանց գովազդելը: Ըստ հիմնավորման՝ անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր առաջացնել», -տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունի:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամ, Ինտերնետ կառավարման խորհրդի քարտուղար Գրիգոր Սաղյանը կարծիք է հայտնել, որ նախագիծը խնդրահարույց է, քանի որ նրանում տեղ գտած կարգավորումներն ավելի շատ վնաս կարող են տալ, քան օգուտ: Այս տեսակետին համակարծիք են եղել նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամ Վահան Հովսեփյանը:

Գրիգոր Սաղյանն առաջարկել է վերանայել նախագծում առկա սահմանումները և հստակեցնել «ֆիզիկական անձ» հասկացությունը, եթե այն ԶԼՄ է: Փորձագետի դիտարկմամբ՝ պետք է նաև հստակեցնել, թե ինչպես է հնարավոր նույնականացնել տվյալ ֆիզիկական անձին այն դեպքում, եթե այն ԶԼՄ է, և թե ինչպես է այն առնչվելու «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին:

Նախագծի ընդունումն այս տեսքով խնդրահարույց է, քանի որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է «համացանցային ալիք» տերմինը, հստակ չէ նաև, թե ինչ է պետք հասկանալ «դոմեյն» ասելով: Գրիգոր Սաղյանը նշել է, որ հաճախ կայքերում նշված հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները սխալ են լինում, և հնարավոր չի լինում պարզել դրանց իսկությունը: Կա նաև մեկ այլ խնդիր. կայքերը պարզապես կարող են դուրս գալ «am» դոմեյնից և մտնել «com» դոմեյն՝ այդպիսով դուրս գալով վերահսկողությունից:

Նախագիծը բարեփոխելու նպատակով փորձագետներն առաջարկել են անցկացնել խորհրդարանական լսումներ, ինչը հեղինակներն ընդունելի են համարել: