Իտալացի լեգենդար դիզայներ Վալենտինո Գարավանին, որի շքեղ զգեստները տասնամյակներ շարունակ կրում էին թագավորական ընտանիքների անդամներն ու հոլիվուդյան աստղերը, մահացել է 93 տարեկանում։ Այս մասին երկուշաբթի հայտնել է նրա հիմնադրամը։
Հայտարարության համաձայն՝ Վալենտինոն մահացել է Հռոմում գտնվող իր տանը։ Մահվան պատճառը չի նշվում։ Հիմնադրամը նրան բնութագրել է որպես «լույսի, ստեղծագործականության և տեսլականի աղբյուր»։
Ամբողջ աշխարհում հայտնի պարզապես իր անունով՝ Վալենտինո, դիզայները հիացմունք էր առաջացնում սերունդների ընթացքում՝ սկսած Ջեքի Քենեդի Օնասիսից մինչև Ջուլիա Ռոբերտս և Հորդանանի թագուհի Ռանիա։ Վալենտինոն հաճախ ասում էր. «Ես գիտեմ՝ ինչ են ուզում կանայք. նրանք ուզում են գեղեցիկ լինել»։
Չնայած աշխատում էր Հռոմում, Վալենտինոն իր հավաքածուները հիմնականում ներկայացնում էր Փարիզում։ Նրա ապրանքանիշի խորհրդանիշը դարձավ հայտնի «Valentino red»-ը՝ վառ կարմիր երանգը, որը դարձավ նորաձևության ցուցադրությունների անբաժանելի մասը շուրջ կես դար։ Այս մասին գրում է AP-ը:
Նրա ստեղծած զգեստները կրել են բազմաթիվ Օսկարի մրցանակակիր դերասանուհիներ։ 2001 թվականին Ջուլիա Ռոբերթսը Վալենտինոյի զգեստով ընդունեց «Լավագույն դերասանուհի» մրցանակը, իսկ Քեյթ Բլանշեթը՝ 2005-ին։
Ըստ AP-ի՝ Վալենտինոն մտերիմ հարաբերություններ ուներ նաև արքայադուստր Դիանայի և Ջեքի Քենեդիի հետ։ Վերջինս 1968 թվականին իր հարսանեկան զգեստը պատվիրել էր հենց Վալենտինոյից։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Վալենտինոյին անվանել է «իտալական բարձր նորաձևության հավերժական ոճի և էլեգանտության անվիճելի վարպետ»։
Վալենտինո Գարավանին ծնվել է 1932 թվականի մայիսի 11-ին Իտալիայի Վոգերա քաղաքում։ Նրա կարիերան սկսվել է 1960-ականներին և շարունակվել մինչև 2008 թվականը, երբ նա պաշտոնապես հրաժեշտ տվեց նորաձևության աշխարհին։



















