Հայ համայնքի ղեկավա՞ր. Շիրինօղլուի հայտարարությունը դժգոհությունների տեղիք է տվել պոլսահայ համայնքում

Մի իսկական վեճ է սկսվել Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի և Թուրքիայի հայ համայնքի մի մասի միջև: Պատճառը մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո արած Շիրինօղլուի հայտարարությունն է:
Դեռևս մարտի 17-ին բրիտանական BBC հեռուստաընկերությանը Թուրքիայի վարչապետի տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, թե կարող է Թուրքիայից վտարել Հայաստանից արտագաղթած 100.000 հայերին, քննադատության ենթարկվեց ոչ միայն տեղական, այլև միջազգային հանրության կողմից:
Հայտնի հայտարարությունից հաշված օրեր անց Էրդողանը հանդիպեց Պետրոս Շիրինօղլուի հետ, որին թուրքական լրատվամիջոցները ներկայացրել էին որպես «հայ համայնքի ղեկավար»:
«Թուրքիայում 100 հազար Հայաստանի քաղաքացի չկա: 20 հազար կա:

Պարոն վարչապետը, մեր խոսքերին վստահելով, հավատալով, 100 հազար բառն օգտագործեց:

Մեր կողմից ներողություն ենք խնդրում դրա համար»,- մեջբերում է թուրքական Hurriyet պարբերականը Պետրոս Շիրինօղլուի խոսքերը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը` Շիրինօղլուն նշել է, թե 1915 թվականի դեպքերը պետք է որակել որպես «վեճ երկու անկեղծ ընկերների միջև», ինչն էլ արժանացել է թուրքահայ համայնքի արձագանքին:

Թուրքահայ մի խումբ ակտիվիստներ, ի պատասխան Պետրոս Շիրինօղլուի հայտարարության, նախաձեռնեցին «Մենք ուրիշ մի Թուրքիայում ենք ապրում» կարգախոսով բողոքի ակցիա, ինչպես նաև ստորագրահավաք, որին մասնակից դարձան 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի իր խմբագրատան մոտ սպանված «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի անդամները, խմբագրակազմը ու հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ապրիլի 12-ի տվյալներով` ստորագրահավաքին միացել է 1073 մարդ: Նրանք հայտարարում են, որ Պետրոս Շիրինօղլուն «հայ համայնքի նախագահը» չէ, այլ ընդամենը Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Իսկ այն հայտարարությունը, թե հայերը Թուրքիայում իրենց ապահով են զգում, չի համապատասխանում իրականությանը:

«Նա կարող է ինքն ապահով զգալ, բայց Թուրքիայի մեջ ապրող հայերի ապահով զգալը սուտ է:

Հայերն այս երկրի մեջ ենթակա են ցեղամոլության և խտրականության, միջազգային հարաբերությունների մեջ օգտագործվում են որպես առևտրի առարկա, և հասարակության մեծամասնության մեջ շարունակվում է կտրուկ հակահայությունը»,- նշված է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:

Ստորագրահավաքի մասնակիցները նաև դատապարտել են Ցեղասպանության փաստը մեղմացնելու ու կոծկելու Շիրինօղլուի փորձը:

Քննադատության է ենթարկվել նաև Էրդողանի հայտարարությունը, որով նա սպառնացել էր իր երկրից վտարել 100 հազար անօրինական բնակվող հայերին: «Թուրքիայում 70 հազար հայ կա, որոնցից 600-ը «Ակոսի» համախոհներն են:

Եթե Հիսուս Քրիստոս էլ գար, նրա վրա էլ էին հարձակվելու: Կողմ եմ իմ խոսքերին»,- ապրիլի 7-ին թուրքական Takvim պարբերականի էջերում բողոքի ակցիային ի պատասխան ասել է Պետրոս Շիրինօղլուն:

«Ստորագրողների շարքերում են Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, նրա երեխաները և մի շարք համախոհներ: Նրանք ո´չ եկեղեցի են գնում, ո´չ էլ ճամփան գիտեն: Նրանք Հրանտի պատանքը դրոշակ դարձած փող են հավաքում:

Պատմությունից պետք է դասեր քաղել: «Ակոսի» խումբը անցյալի պես թունավորում է երիտասարդներին»,- ասել է նա:

«Ակոսի»` «Մեդիալաբին» տված մեկնաբանությունները սակայն հստակեցրին, որ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը իր արված հայտարարության մեջ որոշ ուղղումներ է մտցրել:

«Շիրինօղլուն այս առավոտ մեզ մեկնաբանեց, թե ինքը չի նշում Դինքի ընտանիքի անունը և «Ակոսի» անունն այն նախադասություններում, թե իբր մենք Հրանտի շապիկը դրոշ ենք սարքել և փող ենք հավաքում»,- «Մեդիալաբին» հայտնեց «Ակոս» թերթի պատասխանատու-խմբագիր Արիս Նալջին:

Նա տեղեկացրեց, որ «Ակոսը» պատրաստվում է իր էջերում պատասխանել Շիրինօղլուի հայտարարությանը:

«Միևնույն ժամանակ պետք է տեսնենք, որ Պետրոս Շիրինօղլուի այս խոսքերի և իր դեմ այս ստորագրությունների հավաքողը «Ակոս» թերթը չէ, այլ ընդդիմադիր ուրիշ խմբեր են, որոնց մեջ կան «Ակոսի» գրողներ և Դինքի ընտանիքի մի քանի անդամներ»,- ասաց Արիս Նալջի:

Հայաստանում Թուրքիայի հայ համայնքի միջև այս առճակատմանը հետևող թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, մեկնաբանելով կատարվածը, ասաց, որ հայ համայնքը միատարր չէ. այնտեղ կան տարբեր գաղափարախոսություններին հետևող խմբեր, և բնական է, որ տարբեր հարցերի շուրջ նրանք միակարծիք չեն: «Հայտնի է, որ հայ համայնքի մի հատվածը սկսեց այս հայտարարությունների դեմ հակաքայլեր անել, նույնիսկ ստորագրահավաք կազմակերպեցին:

Ես սա համարում եմ հայ համայնքի առողջացման նշաններից մեկը: Քանի որ տասնամյակներով հայ համայնքը անընդհատ վախվորած, խուսափողական կերպարի մեջ էր:

Սակայն երևի նրանց համբերության բաժակն էլ է լցվել»,- «Մեդիալաբին» ասաց Ռուբեն Մելքոնյանը: Ինչ վերաբերում է թուրքական լրատվամիջոցների կողմից Պետրոս Շիրինօղլուին որպես «հայ համայնքի նախագահ» ներկայացնելու փորձին, թուրքագետի կարծիքով` այս խնդիրը լուրջ արմատներ ունի:

«Թուրքիայի հայ համայնքում «ղեկավար»` այդպիսի իրավական ստատուս չկա և երբեք չի եղել»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով` ամեն անգամ, երբ աշխարհում նոր թափ է առնում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, իսկ ապրիլի 24-ը մոտենում է, Թուրքիայի իշխանություններն օգտագործում են իրենց զինանոցի հնամաշ զենքերից մեկը:

Այն է` հայ համայնքի ներկայացուցչի շուրթերով հերքել Ցեղասպանության ճանաչման կարիքը: Նախկինում նման «խոսնակի» դեր էր կատարում հայ համայնքի հոգևոր առաջնորդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը:

«Բայց գիտենք, որ այս պահին նա անբուժելի հիվանդ է, և համայնքը չունի այսպես ասած ղեկավար: Փաստորեն Թուրքիայի իշխանությունները փորձեցին տեսք և ստատուս տալ Շիրինօղլուին և նրան հռչակել հայ համայնքի ղեկավար:

Սակայն ես կարծում եմ, որ նրանց ծրագրած սցենարը իրենց ուզած ուղղությամբ չընթացավ»,- «Մեդիալաբին» ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am