«Առաջիկա օրերին բեկումնային բաներ են լինելու, և բոլորդ տեսնելու եք». Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցը

– Պարո՛ն Հյուսնունց, այս գիշեր խաղաղ է եղել, Ստեփանակերտը չի հրթիռակոծվել, այս պահին իրավիճակը ինչպե՞ս է։ 

– Իրավիճակը առաջնագծում կայուն-լարված է։ Հիմա սպասում ենք նոր զարգացումների։ Մենք, միևնույն է, չենք ընկրկելու, մինչև վերջին փամփուշտը կռվելու ենք։ Կռվելու ենք, ու հաղթանակը մերն է։ Անհնար է հայ ազգը պարտվի։ Սա ամբողջ հայ ազգի կռիվն է, սա Ռուսաստանի, Թուրքիայի կռիվն է։ Ադրբեջանը մեր համար արևածաղիկ է։

Իրենց կողմից կռվում են թուրքեր, կռվում են Իսրայելի դրոնները, սպայական կազմը, չհաշված իսլամիստների, մոջահեդների մեծ լեգեոնները։ Մենք 20 հազարով ամոթով ենք թողնելու դրանց, և աշխարհն իմանալու է, թե հայն ով է: 

– Այդուհանդերձ, այս հարաբերական անդորրն ինչո՞վ է պայմանավորված:

– Որովհետև նրանք հարյուրներով զոհ են տալիս. մի թևում՝ 400, մի թևում՝ 300: Ուղղակի վարձկանների անուններ նրանք չեն հրապարակում, բնականաբար: 

– Ձեր կարծիքով՝ որքա՞ն կարող է ձգվել պատերազմը. այն դեռ երկա՞ր կտևի, թե՞ գերտերությունների միջամտության արդյունքում կդադարի:

– Դա ոչ ոք չի կարող իմանալ, միայն կարող եմ ասել, որ առաջիկա օրերին բեկումնային բաներ են լինելու, և բոլորդ տեսնելու եք: 

– Այս պահին մենք առաջընթաց ունե՞նք:

– Հիմա դեռ շուտ է դրա մասին խոսելը, նույնիսկ ծիծաղելի է: Հիմա դիրքային կռիվ է գնում, այս պահին այնքան էլ լարված չէ:

Ինչպես նախկինում եմ ասել, հիմա էլ ասում՝ մենք կանգնած ենք մեր լեռների պես և մեկ բռունցք ենք դարձել։ Փորձում են ցեղասպանություն անել թուրք-ադրբեջանական ուժերով, բայց չեն հաջողելու։ Սա լայնամասշտաբ պատերազմ է, որը մենք հաղթելու ենք։

Մանե Հարությունյան

MediaLab.am