Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ
Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է հայ ժողովրդին Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։
1918 թվականի մայիսի 28-ը Հայոց պատմության այն ճակատագրական պահերից մեկի խորհրդանիշ թվականն է, երբ ժողովրդի առջեւ ծառանում է լինել-չլինելուն հավասարազոր խնդիր, կամ բացվում է պատմական շրջադարձի մի հնարավորություն։
Լինել-չլինելու հարցը լուծվեց 1918թ. մայիսի 21-29 տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերում հայկական կանոնավոր զինված կազմավորումների եւ կամավորական ջոկատների տարած ռազմական հաղթանակների շնորհիվ։
Այդ հիմքի վրա հնարավոր դարձավ պատմականորեն տրված հնարավորության օգտագործումը՝ Հայաստանի հանրապետության, որպես ինքնիշխան պետության հռչակման համար։
Հայկական պետականության կայացման եւ ամրապնդման հնարավորությունները բազմապատկվեցին 1918թ. նոյեմբերին, Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Հայաստանն ստացավ շուրջ 60.000 քառակուսի կիլոմետր տարածք։
Ցավոք, քաղաքական մտքի տկարությունը, առավելապաշտությունը, քաղաքական իրատեսության բացակայությունը թույլ չտվեցին ամբողջությամբ իրացնել հայկական պետականության կայացման եւ ամրապնդման պատմականորեն տրված շանսերը։
Թեեւ հետին թվով, սակայն Առաջին հանրապետության հայրերը արձանագրեցին ճակատագրական այն սխալները, որոնք պատճառ դարձան Հայաստանի անկախության եւ տարածքների կեսի կորստյան։
Բոլոր դեպքերում, Առաջին հանրապետությունը դարձավ այն հիմքը, որի վրա ստեղծվեց Խորհրդային Հայաստանը, իսկ վերջինիս հիմքի վրա՝ Հայաստանի Երրորդ հանրապետությունը որպես անկախ պետություն։
Առաջին հանրապետության կարճատեւ պատմությունը լավագույն դաս ծառայեց Ղարաբաղյան շարժման եւ 1990-ականների իշխանության համար՝ չկրկնելու նույն սխալները, հետեւելու իրատեսական քաղաքականության հանրահայտ սկզբունքներին։
Դրա շնորհիվ նվաճվեց Հայաստանի անկախությունը, ձեռք բերվեցին հաղթանակներ, փրկվեց Արցախը, ստեղծվեցին նրա անվտանգության մեխանիզմները։
Վերջին 23 տարվա քաղաքական խոտոր, արկածախնդրական ընթացքը Հայաստանը 100 տարի անց կանգնեցրել է նույնպիսի համազգային աղետի, ուստիեւ՝ Առաջին հանրապետության դասերը վերհիշելու նույն խնդրի առջեւ։
Հայ ազգային կոնգրեսը վստահ է, որ այս անգամ էլ հայ ժողովուրդը դուրս կգա մղձավանջից, եւ նրա քաղաքական միտքը անվերադարձ կազատվի արկածախնդրական պատկերացումներից։