Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով

Երևանի կանաչապատման հիմնարկի նոր տեխնիկան է: 13 միավոր մեքենասարքավորումներն իրենց տեսակով առաջինն են ու առայժմ միակը քաղաքում. ջրցան, աղբատար, 2 տեսակի ինքնաթափեր:


«Բոլորը նախատեսված են քաղաքի պայմաններում աշխատելու համար: Իրենց ձևում դրանք յուրահատուկ են, որովհետև ինքնաթափերից մեկն, օրինակ, եռակողմ է, աղբատար մեքենան շատ պրակտիկ է, նախատեսված թափոնները տեսակավորելու համար: Ունենք նաև 1 միավոր ջրցան մեքենա՝ 9 խմ տարողությամբ, որի նմանը դեռ Երևանում չկա. ջրի շիթը կարգավորելու համար այն հատուկ ջրային ատրճանակ ունի: Հարմար է լանջերի ոռոգման համար»,-ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տեխնիկատրանսպորտային հավաքակայանի պետ Աշոտ Բաղդասարյանը:


Համայնքի միջոցներով ձեռք բերված նոր տեխնիկան մի քանի օր է, ինչ Երևան է հասել, առաջիկայում, փաստաթղթային վերջին ձևակերպումներից հետո, այն արդեն գործի կանցնի: Մեծ ինքնաթափերը միանգամից կներգրավեն էտի աշխատանքներին:


«Չնայած ՀՈԱԿ-ը բավականին երիտասարդ է, այնուամենայնիվ, մինչ օրս կատարվել է մեծ աշխատանք: Ձեռք է բերվել մոտ 40 միավոր նոր, արդիական տեխնիկա: Իհարկե, մենք չենք բավարարվելու այդքանով և պետք է ամեն ինչ անենք հիմանդրի օգնությամբ, որ էլ ավելի համալրենք»,- ընդգծում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ.պ. Տիգրան Հակոբյանը:


Մայրաքաղաքի կանաչապատման համար շահագործվող մեքենաները վաղուց արդեն հնամաշ էին և անարդյունավետ: Հիմա արդեն դրանց զգալի մասը փոխված է: Այս տարի ՀՈԱԿ-ն արդեն 2-րդ անգամ է համալրվում նոր տեխնիկայով. գարնանը բերված ուղևորափոխադրող մեքենաներն արդեն հարմարեցվել ու գործի դրվել:


«Մենք ունենք նաև վարորդների խնդիր և պետք է հիմնարկն այս ընթացքում համալրենք նոր աշխատակիցներով», – նկատում է Տիգրան Հակոբյանը:


Նոր տեխնիկան էապես կարագացնի և ավելի արդյունավետ կդարձնի կանաչապատման գործը: