Բահչելին նեղացել է Իլհամ Ալիևից․ «Գորշ գայլերը» չեղարկել են Շուշիում դպրոց կառուցելու ծրագիրը.Factor.am

Թուրքիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Նշենք, որ «Ազգայնական շարժում» կուսակցությանը հարում է «Գորշ գայլեր» աջ ծայրահեղական, ուլտրաազգայնական, նեոֆաշիստական կազմակերպությունը։

Այն տարբեր երկրներում գործունեություն է ծավալում։ Դրա անդամները սպառնալիք են դարձել այդ երկրների համար և նույնիսկ փորձ է արվում կանխարգելել նրանց գործունեությունը։

Հենց այս ծայրահեղական կազմակերպությունն ու «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցությունը այս տարվա հունվարին ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշի քաղաքում դպրոց կառուցելու մտադրություն էին հայտնել։

Կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտարարել էր, որ այն կրելու է ադրբեջանցի կոմպոզիտոր Ուեզիր Հաջիբեյլիի անունը։ «Համապատասխան վայր կընտրվի Շուշիում դպրոցի կառուցման համար՝ մեր հնագույն մշակութային կենտրոնում և հետո կդրվի նաև հիմքը»,- ասել էր Բահչելին  կուսակցության խմբակցության նիստում։

Բացի այդ, նա նշել էր, որ Շուշիում դպրոց կառուցելու գաղափարը ողջունել են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները։

Այս հայտարարությունից հետո փետրվարին Բաքու էր ժամանել «Ազգայնական շարժում» կուսակցության պատվիրակությունը՝ կուսակցության փոխնախագահ Մևլութ Քարաքայանի ղեկավարությամբ, իսկ կազմում էին «Գորշ գայլեր» շարժման ղեկավար Ահմեթ Յըլդըրըմը, ճարտարապետ Յուսուֆ Զիյա Գյունայդընը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել էր պատվիրակությանն ու քննարկել դպրոցի կառուցման հարցը։

Ալիևը շնորհակալություն էր հայտնել նախաձեռնության համար՝ ասելով, որ Շուշիում քաղաքաշինական աշխատանքների ընթացքում հաշվի կառնեն այն։

Ադրբեջանի նախագահը նաև ասել էր, որ հրահանգ կտա՝ դպրոցի շենքի համար հարմար վայր ընտրելու նպատակով։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում