Սյունիքի հարցը հենց այնպես չառաջացավ․ դա կապված է ընտրությունների հետ՝ տկարացնելու համար Փաշինյանին․ Կայծ Մինասյան. Factor.am (տեսանյութ)

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ

-Պարո՛ն Մինասյան, Սյունիքում և Գեղարքունիքում տիրող իրավիճակն ինչպե՞ս գնահատենք։

-Սովորական, քանի որ ադրբեջանցիները փորձում են ավելի հեռուն գնալ հաղթանակից հետո, և մինչև որևէ մեկը չկանգնեցնի իրենց, շարունակելու են սադրանքները, դիվենսիոն գործողությունները և, գլխավորապես, մինչև Հայաստանում ընտրությունները։

-Այս անգամ Բաքվի գործողությունները հաջորդեցին Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցին։ Մոսկվան իրեն հայտարարում է եռակողմ համաձայնությունների իրականացման երաշխավոր, ինչո՞ւ չի կարողանում դա անել։ Լավրովը, ի դեպ, նախօրեին այսպիսի հայտարարություն արեց․ «Ոչ մի կրակոց չի եղել, ոչ մի բախում տեղի չի ունեցել։ Նստել, սկսել են հանգիստ պայմանավորվել, թե ինչպես հանգուցալուծեն իրավիճակը։ Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում հույզերը բորբոքելու համար այս ոչ առօրյա, բայց հանգիստ կարգավորվող հարցում»։ Այսինքն՝ ադրբեջանցիները 3.5 կմ մտել են ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ ՌԴ ԱԳ նախարարը խոսում է հույզերն ուռճացնելու մասին։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Ռուսաստանի ցինիկ, կայսերապաշտական մոտեցմամբ։ Այսինքն՝ ՌԴ-ն երկու խաղ է խաղում․ իբրև թե Հայաստանի հետ է, բայց և քաջալերում է Ադրբեջանին՝ նման քայլերի դիմելու, որովհետև երկու ճակատի վրա է այսօր ՌԴ-ն՝ կա՛մ պետք է շարունակի Փաշինյանի հետ աշխատել, և այդ ժամանակ նոյեմբերի 9-ի համաձայնությունը պետք է գործադրվի, կա՛մ Փաշինյանը կհեռանա բեմից, և այդ ժամանակ նախկինները պետք է գան ու ավելի լավ հարաբերություններ պետք է լինեն Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Բայց մինչև ընտրությունները ՌԴ-ն կմասնակցի ընտրապայքարին՝ սադրանքներ անելով, թուլացնելով Փաշինյանին՝ ոչ մինչև ծայրահեղ աստիճանի, բայց և խանգարելու համար Փաշինյանին։ Իսկ ընդդիմադիր ուժերը մնացյալ գործը կանեն։ Ռուսաստանը կեղտոտ խաղ է խաղում։ Ճիշտ է, բախումներ տեղի չունեցան, բայց դա չի նշանակում, որ նորմալ է ամեն ինչ։ Հակառակը՝ միջազգային իրավունքի խախտում կա, և պետք է Ռուսաստանին ասել՝ ի՞նչ դաշնակից եք։

-Ֆրանսիայի նախագահը ՀՀ տարածքից ադրբեջանական զորքի անհապաղ դուրսբերման մասին է խոսել, նույն պահանջը հնչել է նաև ԱՄՆ-ից։ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ արևմտյան պետությունների այս ակտիվությունը որևէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ իրադարձությունների զարգացումների վրա։

-Նախ՝ պետք է ասել, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն համաձայնություն ունեն Ղարաբաղի հարցով։ Այսինքն՝ ինչ լծակներ ունի Արևմուտքը, որպեսզի հետ վերադառնա տարածաշրջան։ Մանավանդ, որ Ռուսաստանը երկու ճակատով է աշխատում՝ մի կողմից՝ Մինսկի խմբի, մյուս կողմից՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Հիմա Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները բաժանեցին իրենց աշխատանքը՝ Ֆրանսիան պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ցույց տալու համար, որ Փարիզն ու Վաշինգտոնը կարևորություն են տալիս Ղարաբաղի հարցին, միաժամանակ ուզում են չափել Ռուսաստանի պատասխանատվության ոգին։ Ուզում եմ ասել, որ եթե Ռուսաստանը ԱԽ-ում վետո չդնի բանաձևի կամ հայտարարության վրա, նշանակում է, որ ՌԴ-ն հարգում է Մինսկի խմբին։ Բայց եթե վետո կիրառի, կնշանակի, որ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է, հակառակ է Մինսկի խմբին, և այդ ժամանակ արդեն Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն այլ կերպ պետք է մոտենան այդ հարցին։ Պետք է հասկանանք, որ Փարիզն ու Վաշինգտոնը սա չեն անում, որովհետև շատ հայասեր են, անում են, որովհետև իրենց սեփական շահերն են հետապնդում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում