«Բրյուսելում Խաղաղության պայմանագիր կամ դրան համարժեք փաստաթուղթ չի ստորագրվելու». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի գրառումը՝ Բրյուսելյան հանդիպման մասին ներկայացնում ենք ստորեւ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը նախատեսվում է ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Այս մասին տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական կայքէջում՝ ԵԽ  նախագահ Շառլ Միշելի հանդիպումների  օրակարգում: 

Բրյուսելյան հանդիպման ու դրա հետ կապված ներքաղաքական համատեքստի մասին  Սուրենյանցը գրում է. 

✓ Բրյուսելում Խաղաղության պայմանագիր կամ դրան համարժեք փաստաթուղթ չի ստորագրվելու,

✓ Բոլորն են հասկանում, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի կենսական շահերի տարածք է ու ԼՂ խնդրի, հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանալին Մոսկվայում է` դուր գա դա որևէ մեկին, թե` ոչ,

✓ Նիկոլ Փաշինյանը փորձում է խաղաղության օրակարգին հասնել` հասարակությանն ահաբեկելու, նրան վախեցնելու միջոցով։ Դա ոչ այլ ինչ է, քան խաղաղության օրակարգը վիժեցնելու փորձ, որովհետև Փաշինյանի ծավալած դիսկուրսի հետեւանքով` իրական է դառնում Արցախի հայաթափման վտանգը,

✓ Փաշինյանի քաղաքական հիստերիան սնուցում է ընդդիմության «հայդատական մաքսիմալիզմը», որը ներքաղաքական հարթության վրա պրիմիտիվ ռևանշիզմ է, իսկ արտաքին քաղաքականության մեջ` պրիմիտիվ հակաթուրքականության ու հակաադրբեջանականության քարոզ,

✓ Փաշինյանի հռչակած «խաղաղության դարաշրջանի» օրակարգը պարզունակ կենաց է, քանի դեռ հայկական կողմը հստակ չի ձեւակերպել իր օրակարգը հայ- թուրքական հարաբերությունների ու ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման հարցերում,

✓ տիտղոսային ընդդիմության մաքսիմալիստական հռտեորաբանությունն որեւէ արժեք չունի, քանի դեռ նրա կողմից տրված չէ «Խաղաղության կամ պատերազմի» երկընտրանքի վերաբերյալ հստակ քաղաքական բանաձև։ Եթե ընդդիմությունը մերժում է հայ- թուրքական կամ հայ- ադրբեջանական դիալոգը, ո՞րն է նրա առաջարկած այլընտրանքը,

✓ ներքաղաքական հակադրության նոր փուլը որևէ կերպ չի չեզոքացնելու Հայաստանի առջև ծառացած անվտանգային ռիսկերը։ Նոր էսկալացիայի վերջում` ունենալու ենք ավելի «թրջված» Փաշինյան ու ավելի թուլացած ընդդիմություն։ Փորձենք ինքներդ ենթադրել` ո՞ւմ է դա պետք,

✓ հիասթափվելու առիթ, անշուշտ, կա, բայց ընկճախտի մեջ հայտնվելու պատճառ` ոչ։ Շուտով Հայաստանում կձեւավորվի քաղաքական այն կենտրոնը, որը կարող է ձեւակերպել Հայաստանի զարգացման տեսլականը` ԼՂ խնդրի կարգավորման, հարեւան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատման համատեքստում»։