«Այս երեք տարում իշխանությունը քաղաքական դաշտը չմաքրեց քաղաքական կամքի բացակայության պատճառով»․ Լևոն Բարսեղյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը

– Պարո՛ն Բարսեղյան, ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ ՏԻՄ ընտրություններ ունեցանք, ժողովրդավարական չափանիշներին համապատասխա՞ն էր։

– Նախկին ընտրությունների համեմատ՝ անհամեմատ մեծ էր ազատ կամարտահայտման գործակիցը, բայց ընտրությունները լիակատար ազատ կամարտահայտման միջոց համարել չեմ կարող երկու հիմնական պատճառով։

Նախ՝ պետական-համայնքային և գործարար համակարգերի վարչական ռեսուրսի ավտոմատ կամ ավանդական օգտագործման պատճառով, մյուսը՝ կեղտոտ կապիտալի ընտրական կապիտալիզացման պատճառով։ Ժամանակին մարդիկ ու քաղաքական ուժեր, որոնք հանցագործ եղանակով ֆինանսական մեծ կապիտալ են կուտակել, որը վերածվել է գույքային կապիտալի, բիզնեսների՝ դրանցում աշխատող մարդկանցով, առայժմ օրենքով հայտունակ են ու ազատորեն կարողանում են մասնակցել ընտրություններին ու դրանով իրենց կուտակած կապիտալը վերածում այս դեպքում տեղական իշխանական կապիտալի՝ մանդատներ, ավագանու անդամ, նույնիսկ համայնքի ղեկավար։

Այս երկու հարցը հիմնականում պետական իշխանության լուծելիքն էր, որը չի լուծվել: Իմ կարծիքով՝ կարող էին մի շարք անհատներ օրինական կերպով, դատարանի որոշմամբ զրկվել կուսակցական կամ քաղաքական գործունեություն իրականացնելու իրավունքից, որովհետև կապիտալ են հետ գցել հանցագործ կամ շատ կասկածելի եղանակով։ Եթե անցած 3 տարվա ընթացքում այդ ուժերը հեռացվեին քաղաքական դաշտից, ընտրությունները կլինեին անհամեմատ ազատ կամարտահայտմամբ: Հիմա ստացվում է այնպես, որ մի շարք ուժեր, ֆինանսական կամ կադրային կապիտալ կուտակած լինելով, ֆինիշին արդեն շատ մոտ էին հենց քարոզարշավի սկզբից, մյուսները, որոնք չունեն այդ հանցագործ կապիտալը կուտակած, կանգնած էին ստարտին, ու նրանց ասվում է՝ ահա, ազատորեն մրցե՛ք իրար հետ։

– Ձեր մատնանշած այդ երկու հանգամանքը վերացնելն իրատեսական կամ հնարավոր չէ՞ր, որ իշխանությունը դա չի արել, թե՞ այդ ամենը չի արվել որոշակի դիտավորությամբ։

– Կարծում եմ՝ հնարավոր էր երեք տարում այդ խնդիրները կարգավորել․ օրենքով զրկել մի քանի կուսակցությունների քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքից ու որոշ «քաղաքական գործիչների», որոնք ակնհայտորեն վնաս են տվել ՀՀ-ին, ու դա հեշտ էր ապացուցել։ Հակված եմ մտածելու, որ դա չարվեց քաղաքական կամքի բացակայության պատճառով, որը գալիս է տգիտությունից, քաղաքական կարճատեսությունից։ Որոշ կարծիքներ կան, որ դա դիտավորության հետևանք է, բայց ես առայժմ հակված չեմ այդ կարծիքին։

– Պարո՛ն Բարսեղյան, իսկ ինչո՞վ եք բացատրում, որ նույն ՀՀԿ-ի հետ ճանապարհ անցած մարդիկ ընդգրկված էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում։

– Երբ քաղաքական դաշտը չես մաքրում, ու նրանք մնում են դաշտում իրենց ֆինանսանյութական ազդեցությամբ, ապա այդ ազդեցության հետ առնչվող մարդիկ շատ օբյեկտիվ ու հասկանալի համակրանքով են լցվում հանդեպ նրանց։ Հետո այդ մարդը դառնում է թեկնածու: Շատ բարդ է պատկերացնել, որ մեր իրականության մեջ մարդիկ պետք է ընտրություն կատարեն՝ քաղաքական գաղափարներից ելնելով։

Եթե իշխանությունը զտեր, մաքրեր դաշտը, ապա քաղաքականությամբ զբաղվելու այս մարդկանց հավեսը լրջորեն կփախչեր, կասեին՝ եթե ես 5 միլիոն դոլարով շենք կառուցող եմ, ինձ ի՞նչ պետք է ավագանու կարգավիճակը։ Բայց ստացվեց այնպես, որ բազմաթիվ մարդիկ պահպանեցին իրենց ազդեցությունը թաղամասերում, գյուղերում և այլուր, ու հիմա, երբ իշխող կամ որևէ քաղաքական ուժ ուզում է մասնակցել ընտրությունների, պետք է մրցունակ ցուցակ ձևավորի, իսկ այդ դեպքում ազդեցություն ունեցող մարդ է պետք, այսպես կոչված՝ ձայներ բերող մարդ։

Ահա այսպես նախկին մի խումբ տասովշչիկներ, նախկին իշխանությունների «հարազատներ» հայտնվում են այս կամ այն քաղաքական ուժի ցուցակում, այդ թվում` իշխող քաղաքական ուժի։ Եթե ժամանակին դաշտը մաքրվեր, մրցակցությունն ավելի ազատ կլիներ։

– Ինչո՞վ եք բացատրում իշխող քաղաքական թիմի պարտությունը որոշ համայնքներում։ Ընդհանուր առմամբ, սա լա՞վ է, թե՞ վատ։

– Շատ բնական է ու օբյեկտիվ։ Մի շարք դեպքերում նրանց ցուցակները ներկայանալի չէին, նրանց թիմերը ներկայանալի չէին, քաղաքներում, համայնքներում որևէ հիշողություն չէին արթնացնում ընտրողների մեջ։ Մյուս պատճառը ընդհանուր դժգոհությունն է պատերազմի պարտությունից, որը վերաբերում է իշխող քաղաքական ուժին, բնականաբար, այդ մասով մանիպուլյացիաներ էլ կան, բայց մարդիկ էլ կան, որ ասում են՝ ով ուզում է լինի, թող սրանք չլինեն։ Երրորդ հանգամանքը՝ անցած 3-4 տարիների ընթացքում իշխող քաղաքական ուժի տված խոստումների ու արած գործի ֆանտաստիկ տարբերությունն է։

Ու նաև այն պատճառները, որոնք վերը նշեցի, եթե, օրինակ՝ չլիներ այդպիսի կեղտոտ կապիտալի միջամտություն ընտրություններին, քվեները բոլորովին այլ կերպ կբաշխվեին, չեմ ասում, թե իշխող ուժը պարտադիր կհաղթեր, բայց ակնհայտորեն մաքուր քաղաքական ուժերը, որոնք մեղքեր չունեն պետությանը հասցված վնասների մեջ, բոլորովին այլ քվեներ կստանային։

Անհնար է, որ իշխող քաղաքական ուժը այս պատճառները չհասկանա, բայց հետագա ընտրություններում, այդ թվում՝ հաջորդ տարվա ՏԻՄ ընտրություններին, կասկածում եմ, որ կհասցնի այս սխալներն ուղղել։ Երևի թե նրանց բավարարում է արդեն ունեցած դիրքը, սա մոտավորապես նույնն է, որ անհատական մակարդակում վարչապետն ասում է՝ շանս տանք, թող ուղղվեն, աշխատեն, բայց ինձ ու շատ շատերի համար դժվար է պատկերացնել, որ երկրին վնաս տված մարդիկ կամ քաղաքական ուժերը կարող են ուղղվել առանց ներողության ու ապաշխարանքի։ Այդ մարդիկ համարում են, որ լավ են արել, մի բան էլ քիչ են արել։

Բայց քաղաքական ուժերի այս բազմազանությունը լավ է, չունենք այդ միահեծանությունը։ Ընտրությունների պատկերը նախահեղափոխականի համեմատ անհամեմատ լավ է, բայց շատ չափազանցված եմ գնահատում այն խանդավառ գնահատականները, թե մենք ունենք ազատ, արդար ընտրություններ։ Ո՛չ, դա չի որոշվում միայն քվեարկության գործընթացի մաքրությամբ, դրա տակ լիքը բաներ կան, որոնք դեռ ապահովված չեն մեր երկրում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am