Օմբուդսմենը պարզաբանում է կուտակային կենսաթոշակների հետ կապված հաճախ տրվող հարցերը

Օմբուդսմենը պարզաբանում է կուտակային կենսաթոշակների հետ կապված հաճախ տրվող հարցերը
Օմբուդսմենը պարզաբանում է կուտակային կենսաթոշակների հետ կապված հաճախ տրվող հարցերը

Սահմանադրական դատարանի հունվարի 24–ի որոշմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կասեցվել է պարտադիր կուտակային վճարներ չկատարած կամ ուշացումով կատարած անձանց պատասխանատվության ենթարկվելու և կենսաթոշակային ֆոնդերի ու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընտրելու վերաբերյալ դրույթները:
ՍԴ-ի այս որոշումը գործատուների և աշխատողների շրջանում առաջացրել է խառնաշփոթ և մասնագիտական բանավեճեր հետևյալ հարցերի շուրջ:

Գործատուն պարտավոր է կատարել պարտադիր կուտակային վճարները, թե ՝ոչ:

Արդյո՞ք պետք է հաշվի առնի իր աշխատողի ցանկությունը: Սահմանադրական դատարանը հունվարի 24-ի որոշմամբ կասեցրել է օրենքի այն դրույթը, համաձայն որի պարտադիր կուտակային վճարներներ չկատարելու դեպքում, գործատուները ենթարկվում են պատասխանատվության: Այս որոշումը գործատուներին կանգնեցրել է երկընտրանքի առջև՝ հետևել օրենքի պահանջին և վճարել պարտադիր կուտակային վճարները, թե, հաշվի առնելով ՍԴ կասեցման որոշումը, դեռևս ձեռնպահ մնալ այդ վճարումները կատարելուց: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործատուն պետք է կատարի պահում իր աշխատողի աշխատավարձից, սակայն այն չկատարելու դեպքում պատասխանատվության չի ենթարկվում: Փաստորեն, վճարում կատարելու որոշումը թողնվում է գործատուի հայեցողությանը. գործատուն է որոշում՝ կատարի այդ փոխանցումը, թե` ոչ: ՍԴ որոշումը հստակ սահմանում է, որ վճարում չկատարելը չի առաջացնում որևէ բացասական հետևանք թե՛ գործատուի, թե՛ աշխատողի համար: Նման պայմաններում մենք շատ ենք կարևորում, որ գործատուները վճարման հարցը քննարկեն և համաձայնության գան իրենց աշխատողների հետ, այն է` հնարավորություն տան յուրաքանչյուր աշխատողի ինքնուրույն որոշելու պարտադիր կուտակային վճար կատարելու հարցը: Այսպիսով, քանի որ գործատուն հունվար և փետրվար ամիսների համար վճարում չկատարելու դեպքում չի ենթարկվում որևէ պատասխանատվության, նա կարող է չկատարել համապատասխան վճարումները, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատակիցն ինքն է ցանկանում կատարել այն:

Արդո՞ք Պետական եկամուտների կոմիտեն իրավունք ունի պահանջել պարտադիր կուտակայինի վճարները իր էլեկտրոնային հաշվարկման համակարգում:

Գործատուների կողմից օգտագործվող եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարները հաշվառելու համակարգչային ծրագրում առկա է պարտադիր կուտակային վճարման դաշտը: Դա պայմանավորված է նրանով, որ այդ համակարգը մշակվել է նախքան ՍԴ կայացրած կասեցման որոշումը: Այսինքն` նախօրոք որոշված և հաստատված էր հաշվետվության էլեկտրոնային մոդուլը, որը պետք է ավտոմատ կերպով հաշվարկի պարտադիր կուտակային վճարները, ինչպես դա իրականացվում է եկամտային հարկի և այլ հարկատեսակների համար: Այսինքն` ՊԵԿ-ը այս դեպքում գործում է օրենքի սահմաններում: Սակայն, չնայած մոդուլի նման ձևին` պարտադիր կուտակային վճարները չվճարելու կամ ուշացումով վճարելու համար պատասխանատվության բացակայության պայմաններում պարտադիր կուտակայինի դաշտի լրացումը կրում է ֆորմալ տեխնիկական բնույթ: Այսինքն, վճարը հաշվվում է, բայց սա որևէ կերպով չի պարտավորեցնում գործատուին փոխանցել այդ գումարը: Փոխանցման հարցը համատեղ որոշում են գործատուն և աշխատողը:

Եթե այժմ գործատուները չեն փոխանցում պարտադիր կուտակայինի գումարները, արդյո՞ք ՍԴ վերջնական որոշումից հետո նրանք պատասխանատվության կենթարկվեն կամ ստիպված կլինեն հունվար և փետրվար ամիսների համար վճարել գումարները:

Նախորդ երեք հարցերից բխում է երրորդը. եթե ի վերջո գործատուն չի փոխանցել հունվար-փետրվար ամիսների պարտադիր կոտակային վճարները և դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, ապա ինչ է լինելու մարտի 28-ի ՍԴ վերջնական որոշումից հետո, հատկապես, եթե ՍԴ-ն որոշի, որ պարտադիր կուտակային բաղադրիչը չի հակասում Սահմանդրությանը: Այս հարցում մասնագետների կարծիքները կիսվում են. մի խումբը, մեջբերելով սահմանադրական նորմը, համաձայն որի անձի իրավական /հետևաբար և ֆինանսական/ վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, պնդում է, որ գործատուները ստիպված չեն լինի կատարել չկատարված վճարումները նախորդ երկու ամիսների համար և պատասխանատվության չեն ենթարկվի: Մյուս կողմը պնդում է, որ չնայած նրան, որ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հոդվածը կասեցվել է հունվար-փետրվար ամիսների համար, այնուամենայնիվ, պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտականությունը ուժի մեջ է եղել հունվարի 1-ից, ինչը նշանակում է, որ գործատուները պարտավոր են եղել վճարել` անկախ ամեն ինչից: Նման տարաբնույթ մեկնաբանությունները ծագում են նրանից, որ ՍԴ-ն իր աշխատակարգային որոշման մեջ որևէ կերպ չի պարզաբանել այս հարցը և ստեղծվել է իրավական անորոշություն: Այնուամենայնիվ, հաշվի առնելով անձանց օրինական ակնկալիքի սկզբունքը, մենք հակված ենք այն տարբերակին, որ մարդիկ ստիպված չեն լինի վճարել նախորդ երկու ամիսների չվճարված գումարները, քանի որ դա հակասում է սահմանադրության նորմին, համաձայն որի անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը /այդ թվում ՍԴ որոշումներ/ հետադարձ ուժ չունեն: Այսինքն, պատասխանատվության կասեցման ազդեցության վերացումը հունվար-փետրվար ամիսների համար դառնում է օրենքի հետադարձություն և վատթարացնող հետևանք է ունենում մարդկանց համար:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան