Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
Այդ կապակցությամբ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հեռախոսազրույցի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն էր: Փոխանակեցինք մտքեր և քննարկեցինք խնդրի լուծման հնարավոր տարբերակները:
Հեռախոսազրույցի սկզբում ներկայացնելով ստեղծված իրավիճակը, ընդգծել եմ, որ Հայաստանը սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և որ Հայաստանի համար դա անընդունելի է, հետևաբար՝ ադրբեջանական զինված ստորաբաժանումները պետք է թողնեն այդ տարածքները և վերադառնան ելման դիրքեր:
Իմ խոսքում նաև ընդգծեցի, որ Ադրբեջանական կողմի հավակնությունները անհիմն են, և որ կան դեռ խորհրդային շրջանից մնացած քարտեզներ, որոնք հիմնավորում են վերոնշյալ տարածքների հայկական լինելը:
Խոսելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմելու մասին՝ կարևորեցի նաև ՀԱՊԿ շրջանակներում անհրաժեշտ մեխանիզմների գործարկման հնարավորությունը հարցի հնարավորինս արագ կարգավորման նպատակով:
Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը բարձր գնահատեց հայկական կողմի զսպվածությունը այս հարցում՝ կարևորելով վերջինիս լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը, հավելելով նաև, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույտ լուծման համար»: