Լեհաստանը հենց սկզբից շատ լուրջ քայլեր ձեռնարկեց կորոնավիրուսի դեմ. Շուշան Շատիկյանը և Գդանսկի կյանքը՝ համավարակի օրերին

«Առավոտյան սկսել եմ վազել, օնլայն դասընթացի եմ գրանցվել, նաև օնլայն գիրք եմ կարդում, սերիալներ նայում, ֆիլմեր, բաներ, որ նախկինում երբեք չեմ արել, իսկ հիմա կարանտինն օգտագործում եմ ինքնազարգացման համար: Կատակով ասում եմ, որ հիմա ավելի զբաղված եմ, քան առաջ»,- ասում է Շուշան Շատիկյանը, որը 6 ամիս է՝ Լեհաստանի Գդանսկ քաղաքում է՝ երիտասարդական ծրագրով շուրջ մեկ տարի աշխատելու նպատակով։

Ասում է, որ դժվար է օտար երկրում, միայնակ, անորոշ, հատկապես որ վերադարձի հնարավորություն չկա, փակ են բոլոր օդային սահմանները, բայց կարծում է, որ ամեն դեպքում տանը նստած լինելն ավելի լավ է, քան փորձել վերադառնալ Հայաստան: Շուշանի կարծիքով՝ օդանավակայանները ամենառիսկայինն են կորոնավիրուսով վարակվելու համար։

«Առօրյաս այնպես եմ կազմակերպել, որ հնարավորինս քիչ պարապ մնամ։ Հենց զգում եմ՝ մի քիչ ազատ ժամանակ ունեմ, գնում եմ խոհանոց, բացում YouTube-ը ու ինչ֊-որ հետաքրքիր ուտեստ պատրաստում։ Մի քանի օր առաջ բագետ եմ թխել, լավաշ, գազարով թխվածք։ Մեկ էլ ե՞րբ այսքան ազատ ժամանակ կունենանք, պետք է հասցնենք անել այն բաները, որոնք միշտ հետաձգել ենք»,- պատմում է Շուշանը։

Ասում է, որ մեկ անգամ է խախտել կարանտինը, գնացել է քաղաքի կենտրոն՝ համոզվելու՝ իրո՞ք մարդիկ պահպանում են կարանտին: Ասում է, որ ապշել էր՝ տեսնելով դատարկ փողոցները։ 

Կորոնավիրուսի առաջին դեպքը Լեհաստանում գրանցվել է մարտի 4-ին։
Այժմ կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 1000-ից, մահացել է 14 մարդ: 

Շուշանը նշում է, որ Լեհաստանը, ի տարբերություն, օրինակ՝ Հայաստանի, հենց սկզբից դիմեց կտրուկ և լուրջ քայլերի: Առաջին կորոնավիրուսի դեպքի բացահայտումից հետո միանգամից որոշում կայացվեց փակել բոլոր ռեստորանները, սրճարանները, փաբերը, ինչը Հայաստանում բավական ուշ արվեց։

Կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքից մի քանի օր անց Լեհաստանի կառավարությունը որոշել է 2 շաբաթով փակել կրթական ու մշակութային բոլոր հաստատությունները․ «Այն վայրը, որտեղ ես աշխատում եմ, մշակութային է, նույնպես փակվեց, աշխատավարձն անպայման վճարելու են։ Պետական հիմնարկները նույնպես վճարելու են իրենց աշխատողներին, անգամ այն կանայք, որ երեխա ունեն, թույլատրված է աշխատանքի չգնան»:

Ինչպես Շուշանն է պատմում, կորոնավիրուսով վարակվածների թվի աճին զուգահեռ Լեհաստանում խստացվել են կանոնները: Մարտի 15-ից Լեհաստանը փակել է օդային հաղորդակցությունը: Ամեն ինչ փակ է մինչև Սուրբ Զատիկ՝ ապրիլի 13-ը:

«Նախօրեին Լեհաստանն ավելի է խստացրել կանոնները՝ տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում: Հատուկ փաստաթուղթ լրացնելու կարիք չկա, բայց եթե ոստիկանությունը կանգնեցրեց, պետք է հստակ բացատրություն տաս՝ ուր ես գնում և ինչի: Արգելված է երկու հոգուց ավելի խմբով հավաքվել»: Ասում է, որ քաղաքով մեկ ոստիկանական մեքենաներ են շրջում, որոնք քաղաքացիներին կոչ են անում մնալ տանը: 

«Չնայած դրան՝ ծովափով մեկ վազող, զբոսնող կամ հեծանիվ քշողները շատ են, իհարկե՝ բոլորը փորձում են հեռավորություն պահպանել: Նման ակտիվությունն օրենքով արգելված չէ, կարևորը՝ խմբերով չվազեն կամ քայլեն»:

Շուշանը նշում է, որ հասարակական տրանսպորտը նորմալ աշխատում է, բայց եթե առաջ ավտոբուսի կամ տրամվայի դռների կոճակը ուղևորը պիտի սեղմեր, որ դուռը բացվեր, հիմա ամեն ինչ արվում է մեխանիկորեն՝ մետաղյա իրերի հետ մարդկանց շփումը նվազեցնելու համար: 

«Հրահանգ կա, որ տրանսպորտում նստատեղերի միայն կեսը պետք է զբաղված լինի, օրինակ՝ տրամվայի 50 տեղից միայն 25-ը, որպեսզի ուղևորների միջև հեռավորություն պահպանվի»: Ասում է, որ սուպերմարկետներում մարդիկ նույնպես պետք է հեռավորություն պահպանեն, այդ մասին հատուկ նշաններ են դրված, բացի այդ, դրամարկղերի մոտ հատուկ պաշտպանիչ պատնեշ են ստեղծել:

«Դրամարկղի և մյուս աշխատողները բոլորը ձեռնոցով են: Ինքս ականատես եղա, թե ինչպես հերթական վաճառքից հետո դրամարկղի աշխատակցուհին ալկոգելով լվաց ձեռքերը և անցավ նոր հաճախորդին սպասարկելուն։ Գդանսկում խուճապ չեմ նկատել մարդկանց մոտ, դիմակների պակաս՝ կա, բայց խանութներում ամեն ինչ կա, դատարկ դարակներ դեռ չեմ տեսել, ալկոգելի և զուգարանի թղթի պակաս նույնպես չի եղել»,- ասում է Շուշանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am