Աշխարհը տարեկան կորցնում է Իսլանդիայի տարածքին հավասար անտառներ․ մարտի 21-ը Անտառների միջազգային օրն է

Մարտի 21-ը անտառների միջազգային օրն է: Օր, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի անտառների կարևությունը մարդկության համար։ Հաճախ, երբ մարդը մեկ բաժակ մաքուր ջուր է խմում, օգտվում է համակարգչից կամ տուն է կառուցում, չի գիտակցում, թե ինչպես է այդ ամենը կապված անտառների հետ։ Այնուամենայնիվ, մարդու կյանքի գրեթե բոլոր կարիքների բավարարումն այս կամ այն կերպ կապված են անտառների հետ։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ցանկանում է ևս մեկ անգամ ընդգծել այդ կարևորությունը՝ կոչ անելով բոլորին սիրել և պահպանել մեր անտառները։

Օրվա ուղերձներն այսպիսին են․ «Անտառներն աշխարհի կենսաբազմազանության 80 տոկոսի տունն են, ներառյալ՝ շուրջ 60 հազար ծառատեսակների։

Աշխարհում 2 մլրդ հա հողատարածք ենթարկվում է դեգրադացիայի, ինչն ավելի մեծ է, քան Հարավային Ամերիկան։

Աշխարհը տարեկան կորցնում է 10 մլն հա անտառ, որը գրեթե հավասար է Իսլանդիայի տարածքին։ Որպես համեմատություն՝ այս անտառները կարող են չեզոքացնել կլիմայի փոփոխությունը խթանող ջերմոցային գազերի արտանետումների 12-20 տոկոսը:

Բացի այդ՝ գրեթե 1,6 միլիարդ մարդ ուղղակիորեն կախված է անտառներից՝ սննդի, կացարանի, էներգիայի, դեղամիջոցների և այլ ռեսուրսների շահագործման տեսանկյունից»:

Անտառների միջազգային օրվա կապակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն առաջարկում է յուրահատուկ ձևավորմամբ «tote-bag»-եր, որոնց վրա կտեսնեք գունազարդ թղթերից կազմված ծառերի կոլաժներ։ Սրանք ոչ միայն պայուսակներ են, այլև կանաչ մտածողության խթանիչներ՝ միաժամանակ կիրառելով նորաձևության արդի միտումները: Ձեռք բերելով այս «tote-bag»-երը դուք աջակցում եք FPWC-ին իրականացնելու համար իր անտառվերականգնման ծրագիրը։

Մանրամասները՝ https://www.facebook.com/fpwc.arm/posts/1977078849117638