«Պատերազմից հետո ապաստարան դիմումներն ավելանում են, իրավիճակն ազդում է ընտանեկան բռնության դեպքերի աճի վրա». Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, քանի որ մեկնարկել եք ամենամյա ապաստարանների արշավը, կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, թե դա ի՛նչ ծրագիր է, ո՛րն է դրա նպատակը։

– Դեկտեմբեր 10-ից սկսած, երբ ավարտվում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ու դրանից հետո մենք հայտարարում ենք ապաստարանների վերաբերյալ մեկամսյա արշավ, դրամահավաք, փաստացի կոչ անելով մարդկանց, որոնք ցանկանում են Ամանորի առիթով կարիքավորներին կամ խոցելի մարդկանց որևէ ուրախություն պարգևել, միանալ այդ արշավին ու օգնել նեղ վիճակում գտնվող ու ընտանեկան բռնության ենթարկվող կանանց ու երեխաներին, որպեսզի կարողանանք թե՛ նրանց տոնը պատշաճ կերպով ապահովել և թե՛ ամբողջ տարվա կտրվածքով նրանց ապահով, արդյունավետ ու էլ առավել համապարփակ աջակցություն տրամադրել։ 

Հայաստանում ապաստարանները ընդամենը երկուսն են ու գործում են Կանանց աջակցման կենտրոնի ներքո, այսինքն՝ չկա այլ ապաստարան, որը կարող է ունենալ նման զգայուն մոտեցում ու միաժամանակ անանուն ու վստահելի ծառայություն մատուցել: Նաև կարևոր է, որ այս ծառայությունները ստանալուց հետո շահառուները շարունակում են մնալ մեր աջակցության ցանցում, մենք շարունակում ենք գտնվել նրանց կողքին, մինչև ամբողջական ու լիարժեք վերականգնումը։ 

Մեկ տարվա կտրվածքով, եթե նախորդ տարիներին ունեցել ենք 100-120 շահառու, ապա այս տարի այդ թիվը կրկնապատկվել է, հունվար-նոյեմբեր ամիսներին ապաստանում բնակվել է ռեկորդային՝ 285 կին և երեխա։

Ընդհանրապես կանանց ու երեխաների հոսքը դեպի աջակցման ծառայություններ կտրուկ ավելացել է, ինչը կախված է թե՛ նրանից, որ, այնուամենայնիվ, բռնության դեպքեր կան, ու դրանք շատ են, և թե՛ նաև արդեն իսկ բարձրացել են տեղեկացվածության մակարդակը, վստահելիությունը և այլն, ու կանայք դիմում են։

– Այդ ապաստարանների մասով պետական աջակցություն կա՞։ Ճի՞շտ հասկացա, որ դրամահավաքն ամենամյա բնույթ է կրում։

– Այո՛, իհարկե, ապաստարանները գործում են տասը տարուց ավելի, բայց արդեն ութ տարի է, որ այդ դրամահավաքը դարձրել ենք ավանդույթ: Սա նաև իրազեկման ակցիա է, որովհետև մարդիկ այս կերպ տեղեկանում են, որ գոյություն ունի նմանատիպ ապաստարան, որտեղ կարելի է անվճար օգտվել տարբեր տեսակի ծառայություններից, այդ թվում՝ սցիալական, իրավական, հոգեբանական աջակցությունից: Եթե կանայք ու երեխաներն ունեն անհետաձգելի առողջական խնդիրներ, նրանց համար նախատեսվում է նաև առողջության փաթեթ: Այսինքն՝ այս արշավն ունի և՛ իրազեկման բնույթ, և՛ հանրությանը համամասնակից դարձնել խոցելի խմբերի պաշտպանությանն ու աջակցությանը։ 

Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, ապա 2020 թվականից պետությունը որոշակիորեն համաֆինանսավորում է, որովհետև ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության շրջանակներում պետությունը պետք է ունենա աջակցության ծառայություններ, այդ թվում նաև՝ ապաստարան: Սակայն, ինչպես գիտեք, ռեսուրսների տեսանկյունից պետությունը չի կարող այդքան աջակցություն տրամադրել, ու շատ հաճախ մասնագիտական ներուժը բավարար չի լինում: 

Լուծումը կարծես թե գտնվել է այնպես, որ պետությունը պատվիրակում է հասարակական կազմակերպություններին յուրաքանչյուր մարզում ունենալ աջակցման կենտրոն, որն ուղղակի աջակցման կենտրոն է աշխատում՝ թեժ գիծ և այլ ծառայություններ, ու Կանանց աջակցման կենտրոնին՝ որպես ապաստարաններ ունեցող ու դրանք գործարկող կառույց։ Այնպես որ, կա նաև պետական վերահսկողություն։ 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, այդ ապաստարանները գտնվում են մայրաքաղաքո՞ւմ։

– Իրականում մայրաքաղաքում դա ավելի հեշտ է անել, քանի որ մարզերում բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, և շատ ավելի դժվար է գաղտնիությունն ապահովել։ Մայրաքաղաքում հնարավոր է լինում ապահովել վայրի գաղտնիությունը ու բարձր աստիճանով անվտանգությունը։

– Այսինքն՝ շահառուների անվտանգությունից ելնելով՝ այդ վայրը գաղտնի՞ է պահվում։

– Իհարկե, որովհետև ապաստարան են տեղափոխվում այն դեպքերում, երբ անվտանգությանն իրական վտանգ է սպառնում։ Ապաստարանը անօթևանության խնդիր չի լուծում, լուծում է անվտանգության խնդիր, կոնկրետ ընտանեկան բռնության ենթարկված անձանց ապաստարանի հիմնական նպատակը կանանց ու երեխաների անվտանգության ապահովումն է, որպեսզի գաղտնիությունը պահպանվի: Պատկերացրեք, որ ոստիկանության հետ համագործակցությունը նաև արդեն այնքան է հստակեցվել, որ կանանց 90%-ն ուղղորդվում է ոստիկանության կողմից։ Նույնիսկ ոստիկանությունը չգիտի, թե որտեղ է այդ վայրը, մենք, ահազանգը ստանալով, կազմում ենք աջակցության համապատասխան ծրագիրը ու անցնում գործի։ 

– Դիմումների մեծ մասը մարզերի՞ց է լինում։

– Իրականում մարզերում վտանգավորության աստիճանն ավելի բարձր է լինում, որովհետև մարզերում ավելի շատ են բազմանդամ ընտանիքներով ապրողները, և եթե Երևանում ոստիկանի համար հեշտ է լինում բռնություն գործադրող տղամարդուն դուրս հանել, ապա մարզերում, պայմանավորված նշածս հանգամանքով, ավելի բարդ է։ 

– Սահմանված ժամկետ կա՞, թե որքան կարող է շահառուն մնալ ապաստարանում։

– Այո՛, իհարկե, նախնական ժամկետը մինչև երկու ամիս է, դա այն օպտիմալ ժամանակահատվածն է, երբ կինն ու երեխաները կարող են ստանալ հոգեբանական աջակցություն, կարող են հստակեցվել նրանց սոցիալական խնդիրները, կարող են ստանալ հեռավար եղանակով կրթություն, ինչը ևս ապահովվում է ապաստարանում, ու մշակվի նաև նրանց անվտանգության հետագա ծրագիրը։ Շատ հաճախ մենք մեր ապաստարանի բնակիչներին տեղափոխում ենք այլ մարզ ու այնտեղ բռնությունից դուրս նոր կյանք ստեղծելու համար հնարավորություններ ստեղծում, այսինքն՝ վարձակալել բնակարան, փոխել դպրոցը, ու դա արվում է կանոնների հստակ պաշտպանմամբ, որովհետև մշակվում է անվտանգության ու զարգացման ծրագիր։ Մենք բոլոր ոլորտներով հոգում ենք շահառուների կարիքները, որովհետև ընտանեկան բռնությունը սոցիալական, հասարակական խնդիր է, որն առնչվում է մարդու կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին։ 

– Թիրախային ի՞նչ խնդիրներ կան, որոնք առաջնային լուծումներ են պահանջում, տիկի՛ն Հովհաննիսյան:

– Շատ կարևոր է ապաստարաններում նաև հնարավորություններ ստեղծել տարբեր տիպի աջակցությունների համար, որոնք կնպաստեն հետագայում նրանց կենսական պայմանների բարելավմանը, որովհետև ապաստարաններում, իհարկե, պայմանները շատ ավելի լավ են, քան կարող են լինել հետագայում նրանց համար, որտեղ իրենք կվերադառնան։ Այսինքն՝ այդ մարդկանց պետք է ֆինանսական կայունություն ապաստարաններից դուրս։

– Դիմողների թիվը, ասացիք, որ այս տարի ավելի շատ է, ապաստարանների գործունեության սկզբից մինչ օրս դինամիկան նվազմա՞ն, թե՞ աճման միտում ունի։

– Լինում են ամիսներ, որ ապաստարաններում ընդհանրապես տեղ չի լինում, ու մենք ստիպված ենք լինում ծալովի մահճակալներ ավելացնել: Ապաստարանների կառուցվածքը հետևյալն է. ընդհանուր տարածքներ, որոնք միասին են օգտագործվում, դա խոհանոցային, հյուրասենյակային տարածքն է, երեխաների խաղասենյակները, բայց ամեն ընտանիք ունի առանձին սենյակ: 

Լինում են իրավիճակներ, երբ տարածքն ուղղակի չի բավարարում, դա հատկապես ընդգծվեց ամռան ամիսներին, ամեն օր կանչ էր լինում։ Թվերն անընդհատ փոխվում են, կայուն չէ, ապաստարաններում մշտապես ընտանիքներ կան։ Պատերազմից հետո դիմումներն ավելի են շատանում, նման իրավիճակներն ազդում են ընտանեկան բռնության դեպքերի աճի վրա։ Երկու ապաստարանում միաժամանակ կարող է գտնվել 24 կին իրենց երեխաների հետ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am