Կյանքեր՝ կյանքերի դիմաց

50-ամյա Ցողիկ Մարտիրոսյանն ու 55-ամյա Սուրեն Մարտիրոսյանը առաջին անգամ երկվորյակ երեխաներ ունեցան 32 տարի առաջ, երբ ծնվեցին Լևոնն ու Քրիստինան: Այս տարվա հոկտեմբերին նորից զույգ երեխաների են տուն տանում` այս անգամ աղջիկների՝ Նարեին ու Նանեին։ 44-օրյա պատերազմում 29-ամյա որդու՝ Լևոն Մարտիրոսյանի կորստից հետո, ծնողները չէին մտածում, որ նորից երեխա կունենան, թոռներին էին պահում, սակայն դուստրերը համոզեցին։ 

Պտղաբերության կենտրոնի բժիշկների հետ դժվար ճանապարհ անցան, անհաջող փորձից հետո դիմեցին փոխնակ (սուրոգատ) մոր օգնությանը` չնայած Ցողիկ Մարտիրոսյանը սկզբում շատ էր երկմտում։ 

«Զույգերը մեր տուն նորից լույս բերեցին»,- ասում է Ցողիկը:

Պաշտոնական տվյալներով` 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը շուրջ 4000 զոհ է ունեցել: Պատերազմից հետո պետպատվերով վերարտադրողական տեխնոլոգիաներով բուժման ծրագրում առողջապահության նախարարությունը փոփոխություն կատարեց` ներդնելով նոր բաղադրիչ, ըստ որի պատերազմում որդի կորցրած ընտանիքներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն, այդ թվում՝ փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի ծառայությունից օգտվելու համար։

Մարտիրոսյանների կրտսեր դուստրը՝ Փառանձեմը, պատմում է, որ դժվար էր նաև փոխնակ մայր գտնելը, քանի որ նրանք շատ ավելի մեծ գումար էին պահանջում, քան պետության տրամադրած 5,5 մլն դրամը։ Երկար փնտրտուքից հետո հենց ինքն էլ գտավ այն կնոջը, որը համաձայնեց օգնել ընտանիքին։

«Մենք շնորհակալ ենք նրան [փոխնակ մորը]՝ իր մարդ տեսակի համար։ Նա հասկանում էր, որ դա մեզ համար փրկություն է, ու ինչքան կարողացավ՝ օգնեց մեզ»,-ասում է Փառանձեմ Մարտիրոսյանը՝ Լևոնի կրտսեր քույրը: 

Թեև արտամարմնային բեղմնավորման ժամանակ բժիշկները ծնողներից փորձել են պարզել երեխաների սեռի վերաբերյալ նախընտրությունը, սակայն ընտանիքի հոր համար սեռը կարևոր չի եղել։ 

«Երբ քրոջս աղջիկն էր ծնվել, իմ եղբայրն ամենաուրախ մարդն էր, ասում էր՝ աղջիկներն ուրիշ են, ու սովորեցրել էր Ստելլային՝ ասում էր` դու քեռիի ի՞նչն ես, Ստելլան էլ պատասխանում էր՝ քեռիի թիթիզ աղջիկը։ Երբ իմացանք, որ զույգ բալիկներից երկուսն էլ աղջիկ են, մտածեցի, որ ինքը միայն ուրախ կլիներ, որ թիթիզներ ենք ունենալու»,- ասում է Փառանձեմը։ 

Մասնագիտությամբ ֆինանսիստ Լևոն Մարտիրոսյանը պայմանագրային զինծառայող էր իրենց՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում։ 44-օրյա պատերազմի օրերին զենք ու զինամթերք էր հասցրել Գորիս, իսկ հետո հրաժարվել վերադառնալ ու օրեր անց՝ հոկտեմբերի 20-ին, զինվորներին հաց տանելիս զոհվել Իշխանաձորի ճանապարհին։ Քույրը պատմում է, որ Լևոնը շատ հայրենասեր ու ընկերասեր էր, անհամբեր էր ու պրպտող:

Նա մեծ սիրով խնամում էր տան հարակից այգին ու ցանկանում էր մի այնպիսի այգի ունենալ, որտեղ ամեն տեսակի բերք կլինի։ 

«Չէի ուզի հերոսի քույր լինել, կուզեի, որ իմ եղբայրը ողջ լիներ ու իմ կողքին, բայց վստահ եմ, երբ քույրերս մեծանան ու դպրոց մտնեն, կտեսնեն իրենց եղբոր անվան լսարանն ու իրենց պարտավորված կզգան։ Կամ երբ գյուղում տեսնեն հուշարձանը, մեծ հպարտություն կզգան։ Այս ցավն իհարկե միշտ էլ մեզ հետ կլինի, բայց ուզում եմ, որ այն ունեցողները դա ինչ-որ կերպ փարատեն։ Երևի նոր երեխաների ծնունդն է հենց այդ ամոքիչ բանը»,- ասում է Փառանձեմը։ 

Մարտիրոսյանների նորածին երկվորյակ դուստրերը` Նարեն ու Նանեն: Լուսանկարը տրամադրել է Փառանձեմ Մարտիրոսյանը

Կյանքեր՝ կյանքերի դիմաց։ Այսպես են ծնողներից շատերն անվանում այն երեխաներին, որոնք ծնվեցին 44-օրյա պատերազմից հետո՝ զոհված զինծառայողների ընտանիքներում։ Պատերազմում 19-ամյա Սամվելին ու 18-ամյա Նարեկին կորցնելուց հետո Ղազարյանները նորից Սամվել ունեցան, երազում են Նարեկի մասին։

«Երազիս Սամվելն եկավ, ասեց՝ մա՛մ, պիտի ծնվեմ, շորերս առ, տուն պիտի գամ։ Մի շաբաթ հետո Նարեկիս տեսա, ասեց՝ մա՛մ, ես էլ եմ գալու, ինձ էլ շորեր չե՞ս առնի։ Եկավ Սամվելը, Նարեկի համար էլ կփորձենք էդ ամեն ինչի միջով անցնել»,- ասում է երեխաների մայրը՝ Նուշիկ Մուրադյանը, որը փոխնակ մոր օգնությամբ է փոքրիկին ունեցել։ 

Նարեկ եւ Սամվել Ղազարյանների զինվորական լուսանկարը` Զվարթնոցի իրենց տան պահարանին ամրացված

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նշում է, որ զոհված զինծառայողների ծնողների համար նախկինում գործող արգելքները ծրագրից հանվեցին։

«Զոհված զինծառայողների ծնողների համար չեն գործում այն սահմանափակումները, որոնք գործում են այլ խմբերի համար, այն է` 36 տարեկանից մեծ չլինելը, զագսավորված չլինելը կամ քաղաքացիություն չունենալը: Մենք շատ լավ հասկանում էինք, որ նրանք և՛ տարիքով մեծ են, և՛ կարող են զագսավորում չունենալ։ Որոշ դեպքերում կնոջ առողջական վիճակից ելնելով` անհրաժեշտություն է ծագում օգտվել փոխնակ մոր ծառայություններից, ինչպես նաև դոնորական ձվաբջիջ կիրառել։ Պետությունը որոշեց հոգալ նաև այս ֆինանսական ծախսերը»,- նշում է Փաշայանը։ 

Նունե Փաշայանն իր աշխատասենյակում

էջմիածնի ծննդատանն աշխատող Նուշիկ Մուրադյանը հուզմունքով է հիշում, երբ առաջին անգամ բժիշկները ստուգեցին պտղի սրտի զարկերը:

«Ամբողջ կոլեկտիվն է բաբախը լսել, նույնիսկ սենյակում ինձ համար տեղ չկար»,- հուզմունքով հիշում է Նուշիկ Մուրադյանը։ Ասում է՝ աշխատանքի վերադառնալը դժվար էր, բայց ամեն օր նոր ծնվող կյանքերն էին նրան ուժ տալիս, մինչև պատերազմից ու որդիների կորստից 3 տարի անց` 2023-ի օգոստոսի 3-ին, ծնվեց Սամվելը։

Նուշիկ Մուրադյանը կերակրում է նորածին Սամվել Ղազարյանին

Գեղամ Ղազարյանն ասում է՝ միշտ երազել է պապիկ դառնալ, բայց փոխարենը նորից հայրացավ։ Երրորդ որդուն երեքնուկ է անվանում ու ասում է, որ նա արտաքնապես Նարեկին է նման, բայց բկլիկ է Սամվելի պես։ 

2020-ի պատերազմի ժամանակ տղաներն ամենաթեժ մարտերին էին մասնակցում, հիմնականում Հադրութի շրջանում: Երբեմն զանգում էին ծնողներին։ Ավագ եղբոր` Սամվելի հիմնական նպատակը Նարեկին ծնողներին հասցնելն էր, անգամ հրամանատարների հետ էր կռվում, որ նրան հետ տանեն: Բայց Նարեկը որոշել էր եղբոր հետ միասին կռվել։ 

Եղբայրները զոհվեցին 10 ժամվա տարբերությամբ։ Նրանց մարմինները հայրը՝ Գեղամ Ղազարյանը, ամիսներ շարունակ ման է եկել։ Հիշում է, թե ինչպես էր Սամվելի վրա բարկացել դաջվածք անելու համար, բայց 10 ամիս անց հենց այդ դաջվածքով էր ճանաչել որդու մարմինը։ 

Գոհար և Գևորգ Դավթյանները, չնայած 60-ն անց էին, սակայն առաջիններից էին, որ որոշեցին փոխնակ մոր օգնությամբ երեխա ունենալ։ Օրենքով գործող տարիքային սահմանափակումները դեռ չէին գործում։

1990-ականներին դժբախտ պատահարից մահացել էր նրանց երկու տարեկան որդին` Գոռ Իշխանը, իսկ 44-օրյա պատերազմում զոհվեց 22-ամյա Գարիկ Դավթյանը։ 

Զինվորականի ընտանիքում ծնված Գարիկը նույն մասնագիտությունն էր ընտրել: Պատերազմի օրերին Հադրութում էր։ Հրամանատարը զոհվել էր վիրավոր զինվորներին տարհանելիս։ 

«Անտանելի օրեր ապրեցինք, հետո տալիս երեխաների խորհրդով որոշեցինք նման բան անել։ Էս երեխան մեզ փոխեց, հիմա կյանքի իմաստ կա, նպատակ կա»,- ասում է 62-ամյա Գոհար Դավթյանը։

1,5 տարեկան Գարիկը ծնողներին չի թողնում հանգիստ նստել: Անընդհատ պահանջում է, որ հետը խաղան:

«Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Իռեն Թաիրյանն ասում է, որ վիշտն ընդունելուց ու վերապրելուց հետո մարդուն իր կյանքը շարունակելու համար նոր իմաստներ ու նպատակներ են պետք. 

«Զավակի կորուստն ամենածանր, ամենավախենալու երևույթներից է, և մարդու կյանքում ճգնաժամային պահերից ամենաբարդն է։ Երբ մենք արդեն հասնում ենք ընդունման փուլին, այստեղ պետք է մեզ մոտ ձևավորվեն նոր իմաստներ, որովհետև մարդն այդ ժամանակ ամբողջությամբ վերակառուցում է իրականությունը։ Նոր երեխան այդ իմաստներն իր հետ բերում է: Բայց ծնվում է նոր երեխա, նոր գեներով, և կարևոր է, որ նա զգա ընդունումը և սերը, որն ուղղված է հենց իրեն»:

Առողջապահության նախարարության սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ զոհված զինծառայողների ընտանիքներում ծրագրի օգնությամբ 48 երեխա է ծնվել, 30 մայր հղի է։ 

Հեղինակներ` Ռուզան Գիշյան, Սոնա Սիմոնյան, Նվարդ Հովհաննիսյան

Այս հրապարակումը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Բովանդակության համար պատասխանատվություն միայն եւ բացառապես կրում է «Վիզուալ ինովացիոն ստուդիան»: Բովանդակությունը պարտադիր չի, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: