«Պատկերացրեք՝ 24 տարի պահես, ու միանգամից չլինի»․ որդեկորույս մայրը որդու կարոտով՝ «Դավիթս էնքան էր պաչում, ջղայնանում էի»

56-ամյա Ջուլիետա Մարգարյանը կարոտով ու երանությամբ է պատմում որդու հետ անցկացրած ամեն պահի ու րոպեի մասին։ Ասում է՝ շատ կապված էին իրար հետ։ 

«Դավիթս կողքովս հանգիստ չէր կարա անցներ, փաթաթվում էր, գրկում, կողքը նստեի, էնքան էր պաչում, ջղայնանում էի, երևի զգում էր մի բան»,- հուզմունքով ասում է որդեկորույս մայրը։

Ջուլիետան որդուն կորցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Տղան՝ 24-ամյա Դավիթ Բաբայանը, ծառայել է Վայքի զորամասում, երբ սկսվել է պատերազմը։ 

Մոր խոսքով՝ որդին ընկերներից մի քանիսի հետ կամավոր է մեկնել առաջնագիծ: 

«Ինքը մոտ 20 տղայի հետ գնացել ա դիրքեր, իրանց չաստն Արցախ չէին տանում, իրանք կամավոր են գնացել Իշխանաձոր, հետո մեզ չաստից պատմեցին»,- ասում է Ջուլիետան։

Ջուլիետան որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 19-ին, որդին ասել է, որ մեկնում է Իշխանաձոր, այդ զանգից հետո ընտանիքն այլևս չի կարողացել նրա հետ կապ հաստատել։ «Մի շաբաթ էլ չէր անցել, իմացանք՝ իրենց խումբը չկա, անհետ կորած ա»,- հուզմունքով պատմում է մայրն ու ասում, որ թեև որդուց լուր չեն ունեցել, բայց հույսով սպասել են, որ ողջ կհայտնվի։

Սակայն 4 ամիս անց ստացել են ողբերգական լուրը։ «Փետրվարի 23-ն էր, հայտնեցին, որ ԴՆԹ-ն հաստատվել ա։ Մենք չկարողացանք տեսնել էրեխուն, որովհետև ամբողջական չէր, ու մինչև էսօր էլ սպասում ենք իրան»,- հուզվում է Ջուլիետան։

Մոր խոսքով՝ որդին զոհվել է Իշխանաձորում ԱԹՍ-ի հարվածից։

Դավիթ Բաբայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Բաբայաններն Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Նորաբաց գյուղից են։ Դավիթ Բաբայանը ծնվել և մեծացել է Նորաբացում։ Մինչ բանակ գնալը շինարարական աշխատանքներով է զբաղվել: «Տղուս ձեռից ամեն ինչ գալիս էր»,- ասում է մայրը։

Դավիթը կենսուրախ էր, կյանքին ու խնդիրներին շատ թեթև էր նայում, աշխույժ էր, նպատակ ուներ բանակից գալ, ամուսնանալ, ընտանիք կազմել: «Չհասցրեց տղես»,- ասում է Ջուլիետան։

Մայրն ասում է՝ որդուց հետո կյանքը դատարկվել է, 180 աստիճանով փոխվել, կարոտը խեղդում է, ցավը՝ տանջում:

«Իրա տեղը ոչ մեկը չի լրացնի։ Պատկերացրեք՝ 24 տարի պահես, ու միանգամից չլինի, անբացատրելի զգացողություն ա, ոչ մեկը չի կարա պատկերացնի, եթե իրա հետ չի եղել»,- հուզմունքով նշում է նա։

Ջուլիետայի ականջներում որդու ձայնն է հնչում, մտովի վերապրում է միասին անցկացրած օրերը։

«Ինձ միշտ ասում էր՝ կյանքս, մամա չէր ասում։ Իր խոսքերն եմ հիշում անընդհատ»,- ասում է որդեկորույս մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am