Եթե մեկը փորձում է ընդդիմանալ, մենակ է մնում․ շղթայական լռության հետ գործ ունենք․ Խաչատրյանը՝ քարոզարշավում ուսուցիչներին ներգրավելու մասին

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչարյանը

– Պարո՛ն Խաչատրյան, նախընտրական քարոզարշավի արդեն երկրորդ շաբաթն է ավարտվում, և մենք հասցրել ենք ականատես լինել դեպքերի, երբ ուսումնական հաստատությունների աշխատակիցներին հորդորել կամ հրահանգել են ներկա լինել ՔՊ-ի քարոզարշավին, անգամ աշակերտների մասնակցություն կա: Այս երևույթը եղել է բոլոր իշխանությունների ժամանակ, մշտապես խոսվել է դրա անթույլատրելիության մասին, բայց ինչո՞ւ վերջ չի դրվում այս պրակտիկային:

– Սա իհարկե ցավալի երևույթ է, բայց ինձ համար զարմանալի ոչինչ չկա, որովհետև ակնհայտ է, որ համակարգային փոփոխություններ Հայաստանում տեղի չեն ունենում, ու այս իմաստով դպրոցները շարունակում են մնալ ազդեցության թույլ օղակներ: Գիտեք, որ մեզանում հիմնականում մասնավոր սեկտորն է տարածված, մարդկանց մեծ մասն աշխատում է մասնավոր սեկտորում, ու պետության ազդեցության տակ են մնացել կրթության, առողջապահության ու սոցիալ-մշակութային ոլորտները: Գյուղերում հատկապես, երբ նայում ենք, ուսուցիչները, պոլիկլինիկաների կամ ամբուլատորիաների, մշակույթի տան աշխատողները ուղիղ կախվածություն ունեն համայնքապետներից ու մարզպետներից, ուստի բնական է, որ Հայաստանում այդ գործոնն էլ օգտագործվում է: 

Մեզանում մշակույթն այնպիսին է, որ եթե վերադասից հրաման է գալիս, դա պետք է կատարվի, եթե չի կատարվում, ապա այդ մարդը հետագայում խնդիրներ է ունենում ղեկավարության հետ: Շատ բացասական է ազդում այդ անպատժելիության մթնոլորտը, անգամ եթե բացահայտումներ են լինում, ապա որևէ պատիժ չի լինում, պատիժն էլ հաճախ այն է, որ մարդուն գործից ազատում են, որոշ ժամանակ անց կամ վերականգնում են, կամ այլ տեղ աշխատանքի ընդունում: Բայց եթե պատիժ լինի, նույն դպրոցի տնօրենը, ուսուցիչը, մանկապարտեզի տնօրենը տեսնի, որ ինչ-որ մեկին ոչ միայն գործից հանեցին, այլ նաև քրեական կամ այլ տեսակի պատասխանատվության ենթարկեցին, մարդիկ արդեն կսկսեն դիմադրել վերևից եկող հրամաններին, բայց քանի որ այսօր Հայաստանում գլխավոր արժեքը վերևների հետ լավ հարաբերություններ ունենալն է, մարդիկ իրենց կյանքը չբարդացնելու համար վերևից եկած հրամանը կատարում են: Իսկ այդ անընդունելի լինելու և նման այլ բովանդակությամբ հայտարարությունները ընդամենը քող են, որով փորձ է արվում իրականությունը կոծկել: Մարդիկ, որոնք ներսից գիտեն համակարգը, շատ լավ հասկանում են, որ նմանատիպ հայտարարությունները ընդամենը խաղ են, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե ինչ-որ ընթացք է տրվել, շուտով պատժվողներ կլինեն: 

– Ստացվում է, որ եթե կամք լինի, ապա հնարավոր է դպրոցներին, ընդհանրապես ուսումնական հաստատություններին չներգրավել ընտրական գործընթացներին՝ այս կամ այն ուժի համար քարոզչություն անելու իմաստով:

– Իհարկե, մի բան է պետք, որ Հայաստանում լինի իշխանություն, որը չվախենա պարտվելուց: Աշխարհի շատ երկրներում ինչպե՞ս է. մարդիկ մասնակցում են ընտրություններին, կլինի իշխանական, ընդդիմադիր, եթե պարտվում են, հանգիստ թողնում գնում են: Հայաստանում դա չկա, ով եկավ իշխանության, ամեն գնով փորձում է պահել իշխանությունը, այդտեղ էլ դպրոցներն են տուժում՝ իբրև թույլ օղակ, որովհետև նրանց վրա է դրվում այդ խնդիրը՝ որպես համայնքներում քիչ թե շատ ազդեցության լծակներ ունեցող մարդիկ: Որքան էլ դպրոցների դերը նվազել է, այնուամենայնիվ, դրանք համայնքի բնակիչների վրա ինչ-որ ձևով ազդեցություն ունենում են, ու այդ ամեն ինչն օգտագործվում է: 

– Պարո՛ն Խաչատրյան, իսկ այս պարագայում պե՞տք է մեղադրել այն ուսուցիչներին, ընդհանրապես դպրոցների աշխատակազմին, որոնք ենթարկվում են ձեր ասած վերևներից եկող հրամանին:

– Տեսականորեն շատ հեշտ է, բայց գործնականում ամբողջ խնդիրն այն է, որ այստեղ այդ շղթայական լռության հետ գործ ունենք, եթե ինչ-որ մեկը փորձում է ընդդիմանալ էլ, միևնույն է, մենակ է մնում, փոքրամասնություն է մնում, խնդիրներ է ունենում: Այն կազմակերպությունները, որոք սեմինարներ են անցկացնում մարդու իրավունքների, քննադատական մտածողության ու այլնի մասին, չեն գնում այդ մարդկանց պաշտպանում: 

Մենք Հայաստանում ունենք կազմակերպություններ, որոնք առավոտից երեկո մարդու իրավունքներ են սովորեցնում, բայց երբ մարդու իրավունքների խախտում է տեղի ունենում, այդ կազմակերպությունները հաճախ մի հայտարարություն են տարածում ու վերջ, մինչդեռ նրանք պետք է գնան համապատասխան ատյանների դռների մոտ քնեն, ակցիաներ անեն, որպեսզի այն, ինչ սովորեցնում են, նաև պաշտպանեն: Երբ դու մարդկանց ինչ-որ բան ես սովորեցնում, բայց դրա օրինակը չես տալիս, քո սովորեցրածը գրոշի արժեք չի ունենում:

– Այս պրակտիկան ինչպե՞ս է ազդում դպրոցականների վրա, որոնք վաղվա հասարակության լիիրավ անդամ են դառնալու: Հաճախ ենք լսում, որ մարդը պետք է ունենա կամարտահայտության, ընտրության ազատություն, որքանո՞վ են աշակերտի համար օրինակ իր ուսուցիչը, դպրոցը հավաքական:

– Մենք ինչքան էլ գեղեցիկ բառեր ասենք, աշակերտները շատ լավ տեսնում են իրականությունը: Երբ աշակերտների հետ ոչ ֆորմալ խոսում ես, հասկանում ես, որ նրանք մեր հասարակության կեղծիքը՝ մի բան ասել, լրիվ այլ բան անելը, շատ լավ գիտեն, հասկանում են: Իհարկե բացասական ազդեցություն է ունենում, բայց այնպես էլ չէ, որ իրենց համար դա շոկ է, շոկ չէ, որովհետև իրականությունը շատ լավ տեսնում են, հասկանում են, թե ինչ է տեղի ունենում: Ոմանք մեծանալով շարունակում են այդ ավանդույթները, ոմանք՝ ընդդիմանում: 

Մենք այսօր ունենք այդ զուգահեռ իրականությունները՝ խոսքի մակարդակում ու այն, ինչի մեջ ապրում ենք, ինչը երեխաները շատ լավ գիտեն ու հասկանում են: Երեխաները շատ հաճախ ասում են, որ այն, ինչ գրված է դասագրքերում, իրականության հետ ոչ մի կապ չունի: Հետևաբար մեր օրինակով մենք չենք կարող մեծացնել օրինապահ, ազատ կամարտահայտություն, քննադատական միտք ունեցող հասարակության անդամ: Իրական ու խոսքի մակարդակում առկա կյանքի միջև խզում կա, ու երեխաները շատ լավ հասկանում են, թե ինչի մեջ են ապրում, իսկ այն, ինչ մատուցում ենք իրենց, ծաղրով ու հեգնանքով են վերաբերվում, քանի որ դա կեղծ է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am