Երբեմն շատ եմ հոգնում, բայց ո՛ւմ բողոքեմ․ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հիմնական բեռը կանանց ուսերին է

35-ամյա Աննա Սարգսյանի կյանքում արդեն հինգ տարի է, ինչ բոլոր օրերը նույնն են։ Ամեն առավոտ Աննան մտքում հերթով դասավորում է այն ամենը, ինչ այդ օրը պետք է անի 40-ամյա ամուսնու՝ Վահագն Սարգսյանի խնամքն ապահովելու համար՝ դեղորայք, հիգիենա, սնունդ, զբոսանք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նրա փոխարեն հիվանդանոցներ գնալ և փաստաթղթային հարցեր լուծել։ 

Վահագնը հենաշարժական խնդիրներ ունի, հաշմանդամություն է ձեռք բերել հինգ տարի առաջ՝ ավտովթարի հետևանքով: 

«2021 թվականի նոյեմբերին մեր կյանքը լրիվ փոխվեց: Էդ օրվանից կյանքս երկուսինս է, թողեցի աշխատանքս, որ շատ էի սիրում, շրջապատս, որ կարողանամ ամուսնուս ամենօրյա, ամենժամյա խնամքը ապահովեմ: Լինում են պահեր, երբ ինձ թվում է՝ էլ չեմ դիմանա, շատ եմ հոգնում, բայց ո՛ւմ բողոքեմ, ինձ ի՛նչ պիտի ասեն, ես ո՛ւր պիտի փախչեմ։ Մեր հասարակության մեջ կինը իրավունք էլ չունի բողոքելու»,- «Մեդիալաբին» ասում է Աննան։

Աննան 14 տարի բուժքույր է աշխատել: Ասում է՝ շատ էր սիրում իր աշխատանքը, այսօր անցյալից ու սիրելի մասնագիտությունից միայն հուշեր են մնացել: Ասում է՝ ամեն րոպեն հաշվարկած է, եթե նույնիսկ տանից դուրս է գալիս, պիտի արագ վերադառնա: 

«Միակ բանը, որ կարող եմ ինձ թույլ տամ, հիվանդանոցի միջանցքները պատկերացնելն ա, իմ երազանքն է կրկին քայլել այդ միջանցքներով, օգնել, շփվել մարդկանց հետ»,- ասում է Աննան։

Աննայի պատմությունը եզակի չէ։ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հիմնական բեռը մեծ մասամբ կրում են ընտանիքի կին անդամները։ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի 2026 թվականի «Խնամքը դրված է կանանց ուսերին․ ճանաչել և աջակցել այս աշխատանքը» հետազոտության համաձայն՝ հարցվածների 83.8%-ը նշել է, որ ընտանիքում խնամքի հիմնական պատասխանատվությունը սովորաբար ստանձնում է կինը՝ մայրը, կինը կամ մեկ այլ կին հարազատ։

Մինչդեռ ընտանիքում իրականացվող երկարաժամկետ խնամքը Հայաստանում հիմնականում չի ճանաչվում որպես վճարովի աշխատանք և չի ապահովում համապատասխան սոցիալական երաշխիքներ։ Մի շարք երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, գործում են նաև խնամք իրականացնող անձանց ֆինանսական աջակցության հատուկ մեխանիզմներ։

«Այդ կանանց հետ ֆոկուս խմբերի շրջանակներում աշխատած մեր մասնագետները նշում են, որ կանանցից շատերն անգամ դժվարությամբ են բարձրաձայնում իրենց խնդիրներն ու կարիքները, քանի որ վախենում են խարանվել հասարակության կողմից»,- ասում է ծրագրի հետազոտող Լիլիթ Չիտչյանն ու հավելում՝ հասարակությունը շատ հաճախ իր չգրված օրենքներն է փորձում թելադրել խնամակալությամբ զբաղվող կանանց, որոնք, ցավոք, այդ նույն կանանց վրա անհետևանք չեն մնում։ 

66-ամյա Անժելա Հակոբյանն արդեն 8 տարի է` խնամում է գլխուղեղի կաթվածի հետևանքով անկողնուն գամված ամուսնուն։ Անժելան հոգնած աչքեր ունի, ասում է՝ ծանր օր է ունեցել, դժվարությամբ է միայնակ ամուսնու հիգիենայի հարցերը հոգում, քանի որ ինքը փոքրամարմին է՝ իրենից ավելի քան երկու անգամ խոշոր ամուսնու կողքին: Երբ հարցնում ես անցյալի մասին, տխուր ժպտում է՝ ով գիտի իր հետ վաղը ինչ կլինի: Սիրող զույգ են եղել, ուշադիր ամուսին է ունեցել, սակայն մի օրում ամեն ինչ փոխվել է: 

«Երբեմն, որ մարդիկ իմանում են ամուսնուս անկողնային հիվանդ լինելու մասին, տխուր ինձ են նայում ու ասում են՝ բա քո ամուսինն ա, բա ո՞վ անի, ուրիշ ի՞նչ անես։ Ես էլ գիտեմ, որ ճիշտ են ասում, բայց որ օգնող ունենայի, գոնե մի քիչ հանգստանալու ժամանակ կունենայի, ոնց որ կյանքը մեջիցս դուրս եկած լինի, բթացել եմ, էլ ոչ մի բան չեմ զգում, տղաս էլ իր կյանքն ունի, չեմ ուզում ծանրաբեռնել ջահելներին մեր խնդիրներով»,- ասում է Անժելան։ 

Անժելայի նկարագրած այս զգացողության մասին են խոսում են հետազոտությանը մասնակցած այլ կանայք. երկարատև խնամքը իրենց կյանքը կենտրոնացնում է մեկ մարդու կարիքների շուրջ՝ գրեթե տեղ չթողնելով սեփական հանգստի, առողջության, աշխատանքի ու սոցիալական կյանքի համար։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ խնամքի իրականացումը կարող է առաջացնել գերծանրաբեռնվածություն, հոգեբանական ճնշվածություն, սոցիալական մեկուսացում, աշխատանք գտնելու կամ պահպանելու դժվարություններ, ինչպես նաև ֆինանսական և առողջական խնդիրներ։ 

Չիտչյանի խոսքով՝ ամենավատը սակայն հենց պետության դիրքորոշումն է ոչ ֆորմալ խնամք իրականացնող անձանց և հատկապես կանանց նկատմամբ։ Իրավական տեսանկյունից՝ վերջիններս որպես առանձին խումբ չեն ճանաչվում սոցիալ-հոգեբանական և այլ սոցիալական ծառայությունների համար մշակվող պետական ծրագրերում, իսկ գործող ծրագրերն էլ այնքան խնդրահարույց են, որ մարդիկ նախընտրում են չօգտվել։

«Ոչ ֆորմալ խնամք իրականացնող անձանց համար մշակված միասնական տերմինաբանություն անգամ չկա,- նշում է Չիտչյանը,- խնամքը որպես աշխատանք ճանաչելն առաջին բանն է, որ պետք է անի պետությունը»։ 

Նա հավելում է՝ եթե սոցիալական աշխատողը տնայց կատարի հաշմանդամություն ունեցող անձի ընտանիք, պարզապես չի նկատի նրա խնամակալին՝ որպես աջակցության կարիք ունեցող անձ, քանի որ վերջինս պետության տեսանկյունից որևէ խմբում ընդգրկված չէ, ուստի ընդհանուր առմամբ՝ նաև գոյություն չունի: 

Հետազոտողը բերում է մի քանի երկրների օրինակը՝ նշելով, որ Մեծ Բրիտանիայում խնամողը դիտարկվում է որպես աջակցության սեփական կարիքներ ունեցող անձ, Նիդերլանդներում գործում են ժամանակավոր փոխարինող խնամքի և «անձնական բյուջեի» մեխանիզմներ, իսկ Գերմանիայում երկարաժամկետ խնամքի համակարգը ոչ մասնագիտական խնամք իրականացնողների համար նախատեսում է սոցիալական պաշտպանության միջոցներ։ Նրա խոսքով՝ խնամքը որպես աշխատանք ճանաչելուց հետո միայն հնարավոր կլինի մշակել համապատասխան քաղաքականություններ և ծրագրեր։

«Ցավոք, Հայաստանում առաջիկա 12 ամսում նախագծման ենթակա ենթաօրենսդրական ակտերի ժամանակացույցի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտանիքում ոչ ֆորմալ խնամք իրականացնող անձանց՝ որպես առանձին սուբյեկտի ճանաչմանն ուղղված կարգավորում նախատեսված չէ։ Ուստի խնամք իրականացնող անձինք եղել և դեռ շարունակում են մենակ լինել»,- «Մեդիալաբին» ասում է Լիլիթ Չիտչյանը։

Անի Մարտիրոսյան