Սոցցանցերը դեգրադացիայի են տանում երեխաներին, մինչև 16 տարեկանների մուտքը պետք է սահմանափակվի. Սերոբ Խաչատրյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, կրթության նախարարությունը չի բացառում, որ օրենքով կարող է արգելվել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր, հարցը քննարկում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ: Մտադրությունն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր դա կյանքի կոչել:

– Պրոցեսը շատ կարևոր է, որովհետև գլոբալ մակարդակով ակնհայտ է, որ սոցիալական ցանցերն ինչ-որ անմեղ բաներ չեն ու լուրջ վտանգներ ու ռիսկեր են պարունակում բոլորի համար, բայց այստեղ խնդիր են հատկապես երեխաները, որովհետև նրանք դեռևս բավարար հասունացած չեն, պատրաստ չեն ու կարող են հեշտությամբ հայտնվել ծուղակում։

Երկար տարիներ գիտնականները, հոգեբանները հետևում էին այս գործընթացներին ու արդեն վաղուց պայքարում էին այս ամենի դեմ: Արդեն կան քայլեր. Ավստրալիան արդեն արգելել է, Ֆրանսիան ևս այդ ճանապարհին է, Դանիան, շատ երկրներ էլ մտածում են այդ մասին, կարծում եմ, որ առաջիկայում կշատանան այդ երկրները: 

Դա պետք է, որովհետև իրականում սոցիալական ցանցերն անմեղ բաներ չեն, որտեղ երեխաները կարող են շփվել ու ինֆորմացիա ստանալ, այդ ամենը բավական մեծ բիզնես է, որի իմաստն այն է, որ մարդկանց այդ սոցիալական ցանցերում դնելով փորձում են գրավել մարդկանց ուշադրությունը ու մարդկանց վրա վաճառել որոշակի ապրանքներ, էմոցիաներ: 

Սա նաև շատ մեծ վնաս է հասցնում կրթությանը, որովետև երեխաները հսկայական ժամանակ են անցկացնում սոցցանցերում, այդ ամենը նրանց հոգնեցնում է, ուշ են քնում, առավոտյան չեն կարողանում նորմալ արթնանալ, դասերի ժամանակ ուշադրությունը սևեռված է այլ տեղեր: Այս ուղղությամբ, բնականաբար, պետք է քայլեր ձեռնարկվեին, իհարկե ես չգիտեմ, թե տեխնիկական ի՛նչ լուծումներ են լինելու, բայց կարծում եմ, որ մասնագետները կգտնեն դրանք: 

Ես նաև կարծիքներ տեսա, որ ասում են, թե այսօր ծխախոտը, թմրամիջոցները, ալկոհոլը արգելված են, բայց բազմաթիվ երեխաներ օգտագործում են, կարծում եմ, որ նույնը կլինի սոցցանցերի դեպքում, որովհետև էլի կլինեն երեխաներ, որոնք ծնողների անուշադրության, տարբեր խորամանկությունների հետևանքով կշարունակեն մնալ սոցցանցերում: 

Բայց այստեղ երկու հարց կարող ենք լուծել. եթե կարողանանք մեր երեխաների 90-95%-ին դուրս բերել սոցցանցերից, ապա այն մյուս 5%-ի վիճակն էլ կարող է բարելավվել, որովհետև երեխաները՝ որպես բզնեսի աղբյուր, կսկսեն ավելի քիչ հետաքրքրել սոցցանցերին: Եթե մենք տեսնենք, որ ՏիկՏոկում կամ այլ սոցցանցում երեխաներ չկան կամ շատ քիչ են, քողարկված են, այդ դեպքում արդեն սոցցանցերի համար երեխաների շուկան կպասիվանա, ինչի արդյունքում հույս կա, որ երեխաների մեծ մասին կփրկենք այդ տարածքից, բայց, անշուշտ, ինչ-որ մի քանակի խումբ կշարունակի այս կամ այն խորամանկ ձևերով մնալ սոցցանցերում, բայց երեխաներն արդեն որպես թիրախային շուկա կազատագրվեն: 

– Իսկ վստա՞հ եք, որ հենց ձեր ասած 90-95%-ը կազատագրվի սոցցանցերից:

– Այո՛, եթե օրենքով նաև արգելք լինի, ապա ծնողների մեծ մասն էլ, կարծում եմ, հետևողական կլինի, իսկ այսօր ծնողների մեծ մասն անզոր է, չնայած երեխաներին հեռախոսից են զրկում, որոշակի ժամանակով են տալիս: 

Օրենքին զուգահեռ արդեն ծնողների պայքարն էլ կսկսի արդյունք տալ: Պարզ է, որ այդ դեպքում էլ կլինեն որոշակի թվով երեխաներ, որոնք կշարունակեն մնալ սոցցանցերում, բայց դա այնքան վտանգավոր չի լինի, որքան հիմա է, որովհետև սա զանգվածային ինչ-որ դեգրադացիայի է տանում: 

Մենք Հայաստանում արդեն ունեցել ենք դեպք, երբ երիտասարդ մայրը իր երեխային սայլակով թողել է ավտոբուսում, իսկ ինքն իջել է, այսինքն՝ տարված է եղել հեռախոսով, էլ չեմ խոսում, թե ինչքան վթարներ են լինում, կիբեռբուլինգը, որ երեխաներն այդ օնլայն հարթակներում շատ ավելի դաժան ձևերով են իրար հալածում, քան դեմառդեմ: Աշխարհում բազմաթիվ են մահվան դեպքերը, հոգեբանական տրավմաները, դեպրեսիաները, այսինքն՝ շատ-շատ մեծ խնդիրներ է ստեղծում:

– Պարո՛ն Խաչատրյան, միջազգային հաջողված փորձ կա՞, որ պետական մակարդակով այս արգելքն իսկապես արդյունք է ապահովել:

– Առաջինն Ավստրալիան է սկսել, ու պետք է տեսնենք, թե ինչ կլինի, այս իմաստով առաջինն է Ավստրալիան, նոր-նոր է սկսել ու արդյունքը գնահատելու համար պետք է սպասել: 

– Որոշ ծնողներ դիտարկում են անում, որ եթե օրենքով արգելում են, ապա այդ դեպքում երեխան ինչպե՞ս է դասերը սովորելու, որոնք այսօր մեծ մասամբ QR կոդերով են:

– Դրա հետ կապված, կարծում եմ, խնդիր չի լինի, որովհետև ենթադրում եմ, որ խոսքը երեխաներին հեռախոսից օգտվելու արգելքի մասին չէ, կարող ենք արգելել դասերի ժամանակ, բայց դպրոցից դուրս դա չենք կարող անել: QR կոդերը սոցցանցերի հետ ոչ մի կապ չունեն, երեխաները կարող են դրանցից օգտվել, պարզապես այստեղ պետք է արգելել մուտքը սոցցանցեր, բայց, իհարկե, խոսքը երեխաներին հեռախոսից ու ինտերնետից զրկելու մասին չէ, որովհետև ինտերնետն ունի նաև բազմաթիվ դրական կողմեր: Խոսքը հիմնականում սոցցանցերի մասին է: 

– Ձեր գնահատմամբ՝ բոլոր սոցցանցե՞րն են վտանգավոր, թե՞, օրինակ, կան ցանցեր, որոնք առավել վտանգավոր են:

– Դա չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ դեռահասներին հատկապես գրավում են Ինստագրամը և ՏիկՏոկը, այսինքն՝ դեռահասների շրջանում այս երկուսն են ամենատարածվածը, բավական ինտենսիվ օգտվում են Սնափչատից, Ֆեյսբուքից:

– Պարո՛ն Խաչատրյան, մեր երկրում որքանո՞վ է արդյունավետ կիրառվելու այս արգելքը, երբ այն օրենքի ուժ ստանա:

– Ինչպես մյուս օրենքները, այնպես էլ՝ սա, այսինքն՝ ինչքան կարողանում են պայքարել ծխելու, թմրամիջոցների դեմ, այնքան էլ սրա դեմ կպայքարեն: Բայց ամեն դեպքում կարևոր են տվյալ երկրի մշակույթը, կառավարման համակարգը, այդ իմաստով ես չեմ կարծում, թե ունենալու ենք բավական մեծ արդյունք, բայց ինչ-որ քայլեր պետք է արվեն, որովհետև ես չգիտեմ, թե սա մեզ ուր է տանում արդեն, անթույլատրելի է այն դեգրադացիան, որ հիմա տեղի է ունենում: 

Երեխաները չեն կարողանում կենտրոնանալ, սովորել, կարդալ, բայց ամենավտանգավոր բանն ասեմ ձեզ. վտանգվում է երեխաների էմոցիոնալ հասունացումը, որովհետև նախկինում մարդու էմոցիոնալ հասունացումը տեղի էր ունենում ավելի բնական ճանապարհով, այսինքն՝ նա հայտնվում էր ինչ-որ կոլեկտիվում, փորձում էր այդտեղ իրեն դրսևորել, որոշ բաներ նրա մոտ չէին ստացվում, փորձում էր այլ էմոցիոնալ լուծումներ, այսինքն՝ նա փորձում էր աճել, փորձում էր այլ մարդկանց հետ ինքնուրույն իր հարաբերությունները կառուցել, այսօր երեխաներն այդ ամենն շատ հաճախ անում են արհեստական բանականության միջոցով: 

Այսօր շատ մեծ տարածում են ստացել այդ երկխոսությունները, զրույցները, որոնցով նրանք փորձում են ստանալ պատրաստի բանաձևեր, թե ինչպես խոսեն։ 

Օրինակ՝ երեխան հարցնում է՝ իմ դասարանից ինչ-որ մեկն ինձ հետ կոպիտ է խոսել, ես ի՞նչ պետք է անեմ: Արհեստական բանականությունը նրան խորհուրդներ է տալիս, իսկ սա սխալ է, որովհետև չպետք է խորհուրդներով առաջ գնալ, երեխան ինքը պետք է կարողանա ելքեր գտնել, պարտադիր չէ, որ այդ ելքը շատ արդյունավետ լինի, կարող է չստացվել, բայց կարևոր է, որ երեխան այդ վերելքներն ու անկումները ունենա, այդ հուզական տատանումները ունենա, որ հասունանա, ոչ թե պատրաստի սխեմաներ փորձի կիրառել, այլ ինքն անցնի այդ գործընթացների միջով: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am