Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է մինչև 15 տարեկան երեխաների և դեռահասների համար սոցիալական ցանցերի հասանելիության արգելք։ Քվեարկությունը տեղի է ունեցել հունվարի 26-ին․ նախաձեռնությանը կողմ է քվեարկել 116 պատգամավոր, դեմ՝ 23։ Օրինագիծը այժմ ուղարկվել է Սենատ՝ վերին պալատ, քննարկման։
Ինչպես հայտնում է DW-ն, օրինագծում նշվում է, որ «սոցիալական ցանցերին հասանելիությունը արգելվում է մինչև 15 տարեկան անչափահասների համար», սակայն ձևակերպումը ուղղակի պարտավորություններ չի սահմանում հարթակների նկատմամբ։ Դա պայմանավորված է նրանով, որ սոցիալական հարթակների կարգավորումը գտնվում է Եվրոպական հանձնաժողովի իրավասության ներքո։ Ֆրանսիայի կառավարությունը ակնկալում է, որ օրենքը կստիպի հարթակներին ներդնել տարիքի ստուգման համակարգեր՝ սահմանափակման արդյունավետ կիրառման համար։
Օրինագծով նախատեսվում է նաև ընդլայնել 2018 թվականից գործող արգելքը՝ կապված դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման հետ։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակումը տարածել ոչ միայն քոլեջների (11–15 տարեկանների ուսումնական հաստատություններ), այլև ավագ դպրոցների վրա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով օրինագիծը քննարկվում է արագացված ընթացակարգով, ինչը նշանակում է, որ այն յուրաքանչյուր պալատում կքննարկվի մեկ ընթերցմամբ՝ երկուսի փոխարեն։
Նախկին վարչապետ Գաբրիել Աթալը, որը Ազգային ժողովում ղեկավարում է նախագահական «Վերածնունդ» կուսակցության խմբակցությունը, հայտնել է, որ ակնկալում է Սենատի կողմից օրինագծի ընդունումը արդեն փետրվարի կեսերին։ Նրա խոսքով՝ եթե օրենքն ընդունվի, ապա սեպտեմբերի 1-ից կգործի մինչև 15 տարեկանների համար նոր հաշիվների ստեղծման արգելքը, իսկ մինչև դեկտեմբերի 31-ը հարթակները պարտավոր կլինեն ջնջել արդեն գոյություն ունեցող նման հաշիվները։
Նույն դիրքորոշումն է հայտնել նաև նախագահ Մակրոնը։ Նա X սոցիալական ցանցում գրել է․ «Մեր երեխաների գիտակցությունը վաճառքի ենթակա չէ՝ ոչ ամերիկյան հարթակներին, ոչ չինական ցանցերին։ Սեպտեմբերի 1-ից մեր երեխաներն ու դեռահասները վերջապես պաշտպանված կլինեն։ Ես դա կապահովեմ»։



















