Սեպտեմբերի 22-ին սոցցանցերում և լրատվամիջոցներում շրջանառվեց տեղեկություն, ըստ որի՝ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել իրանական ուղղաթիռի ուղղությամբ։
Այս մասին, հղում անելով իրանական Miran Press տելեգրամ-ալիքին, գրել են aysor.am, 7or.am, lurer.com լրատվական կայքերը, մի շարք հայկական տելեգրամյան ալիքներ և սունկ կայքեր։ Այս տեղեկությունը հայտնել էր նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը՝ «Հայլուր» լրատվականի եթերում։
«Բաքուն Sam-8 համակարգի կիրառմամբ գնդակոծել է ուղղաթիռը, որը օդաչուին հաջողվել է հետ մղել»,- նշված է մամուլի հրապարակումներում և «5-րդ ալիքի» ռեպորտաժում: Բացի այդ, հեռուստաընկերության ռեպորտաժում հայտնում են, որ այս տեղեկությունը հաստատվել է՝ չնշելով, սակայն, որևէ պաշտոնական աղբյուր։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է տարածվող տեղեկությունը և իրանական աղբուրները՝ պարզելու, թե արդյո՞ք ճիշտ են տարածվող լուրերը:
Տեղեկության սկզբնաղբյուր Miran Press տելեգրամ-ալիքը հերքում է
Նույն օրը երեկոյան իրանական Miran Press տելեգրամյան ալիքը, որը հայկական լրատվականները որպես սկզբնաղբյուր էին օգտագործել, հայտնել էր, որ իր աղբյուրները չեն հաստատում նախկինում տարածված տեղեկությունը, և ներողություն էր խնդրել հետևորդներից։
Տելեգրամյան ալիքը, բացի այդ, հայտնել է, որ նախնական տեղեկությունը ստացվել էր ադրբեջանական աղբյուրներից։ Այն, որ ուղղաթիռին հարվածելու կեղծ տեղեկությունը եկել էր ադրբեջանական կողմից, հաստատել է նաև մեկ այլ իրանալեզու տելեգրամյան ալիք։
Բացի այդ, հարկ է նշել, որ իրանական աղբյուրներում որևէ կերպ նշված չէ, որ խոսքը ՀՕՊ համակարգի մասին է, և հասկանալի չէ, թե հայկական աղբյուրները որտեղից են վերցրել «Sam-8 համակարգի կիրառման» մասին տեղեկությունը։ Առավել ևս, որ «Sam-8» անվանումով համակարգ գոյություն չունի։
Երկու երկրների լրատվամիջոցներում, պաշտպանության նախարարությունների և այլ պաշտոնական կայքերում նույնպես բացակայում են նմանատիպ միջադեպի մասին hիշատակումները։
Այսպիսով, տարածվող տեղեկությունները, թե ադրբեջանական զինուժի կողմից իրանական ուղղաթիռ է գնդակոծվել, չեն համապատասխանում իրականությանը։