«Ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահերի՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ կայանալիք հանդիպումը նպատակ ունի Վիեննայի պայմանավորվածությունների օրակարգը փոխարինել սանկտպետերբուրգյան օրակարգով»,-«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Նա նկատում է, որ Հայաստանը փորձում էր դիմադրել ու չմասնակցել այս հանդիպմանը, սակայն չկարողացավ:
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:
Ստյոպա Սաֆարյանը հիշեցնում է այդ հանդիպման նախապատրաստման պատմությունը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը սկզբում դա որպես կայացած փաստ ներկայացրեց, որ հանդիպումն անպայման կայանալու է: Այնուհետև Հայաստանի ԱԳՆ-ն ինֆորմացիոն արտահոսք արեց ԶԼՄ-ներով, թե նման հանդիպման չի պատրաստվում մասնակցել, եթե օրակարգ չկա: Եվ Ադրբեջանը ակնհայտորեն փորձեց ցույց տալ, թե ինքը պատրաստ է մասնակցել այդ հանդիպմանը, իսկ հայկական կողմը՝ ոչ: Եվ ահա, ըստ Սաֆարյանի, Հայաստանի համար ստեղծվեց մի իրավիճակ, որ չմասնակցելու տարբերակ չկա, և Հայաստանը նույնպես հաստատում է այս հանդիպումը:
«Շատ կարևոր է այն, որ Ադրբեջանը նշել է, թե պատրաստ է առարկայական բովանդակային քննարկումների: Եկեք հասկանան, թե ինչ է դրա տակ ենթադրվում: Դրա տակ ենթադրվում է քննարկել կարգավորման տարբերակներ, այսինքն՝ Հայաստանին հետ կանգնեցնել իր նախկին դիրքորոշումներից, որ քանի դեռ բանակցությունների համար նորմալ պայմաններ ապահովված չեն, միջազգային երաշխիքներ տրված չեն, իսկ վերջին օրերին և հատկապես երեկ սահամանգծին ևս երկու զինծառայողների սպանությունը դրա ապացույցներից մեկն է, Հայաստանին փորձ է արվում ուղղակի հետ կանգնեցնել Վիեննայի օրակարգը պնդելուց: Բովանդակային քննարկումներ նշանակում է ըստ էության խոսել կարգավորման տարբերակների մասին, իսկ տարբերակը, մենք գիտենք, որ Լավրովյան պլանն է: Եվ դրա ամբողջ նպատակն է Փոխարինել Վիեննայի օրակարգը սանկտպետերբուրգյան օրակարգով»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը նախապայմաններ առաջ քաշեց, իսկ մայիսի 16-ին ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի ներկայացուցիչների, ինչպես նաև համանախագահների, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ըստ էության ընթացք տրվեցին հայկական կողմի առաջ քաշած նախապայմաններին: Վիեննայում ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ, վերահաստատվել էր, որ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Հետագա բռնությունների ռիսկը կրճատելու համար Վիեննայում պայմանավորվածություն էր ձեռք բերվել կարճ ժամանակահատվածում ամբողջացնել շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրումը: Նաև պայմանավորվածություն էր եղել ընդլայնեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները: Սակայն հետագայում ադրբեջանը հետ կանգնեց այս պայմանավորվածություններից:
Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ Հայաստանը չի կարողանում իր նախապայմաններն առաջ տանել ու չգնայլ այդ հանդիպումներին:
«Հայաստանը, որքան էլ փորձեց թույլ դիմադրություն ցույց տալ, բայց այնուամենայնիվ ընկրկել է գնում է հանդիպման: Այդուհանդերձ չեմ կարծում, որ այդ հանդիպմամբ կարելի է փոխել Վիեննայի օրակարգը սանկտպետերբուրգյան օրակարգով, բայց համենայնդեպս գործընթացը շարունակվում է, թե ինչով կավարտվի, արժե անդրադառնալ հանդիպումից հետո»,- ասաց նա:
Թե ինչ արդյունքի է կարելի է հասնել այս հանդիպման շրջանակներում, ըստ վերլուծաբանի, դատելով Հայաստանի դիվանագիտության թուլությունից՝ լավատեսություն չկա, թե հնարավոր է արդյունքի հասնել:
«Մինչև ապրիլի 28-ը թերևս մեկ անելիք կա, դա այն է, որ թույլ չտան, որ Հայաստանը դուրս բերվի այդ օրակարգից և հետ կանգնի այդ օրակարգից, և շարունակվի սանկտպետերբուրգյան գիծը: Հիմա շատ հետաքրքիր գործընթաց է գնում, Հայաստանն իր հերթին կփորձի օրակագ մտցնել Վիեննայի օրակարգի հարցերը, պետք է սպասել հանդիպման ավարտին»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am