Նիկոլ Փաշինյան. Կարմիր բերետավորը

Մհեր Արշակյան

Եռաբլուրում կարմիր բերետավորների այսօրվա գազանությունը իհարկե «ոսկե տառերով» կգրվի պարտված բանակի զոհերի հիշատակի պատմության մեջ։ Պետք է ասել, որ բեմադրած էլ մարդ այդքան գազանավարի չէր հարձակվի այդ կանանց վրա։ 

Մեկ վայրկյան չեմ կասկածում, որ վաղը կխոսեն այդ ծնողների ուղղորդված լինելու մասին, քոչարյանականներից փող վերցնելու մասին: Բացառված չէ, որ պարզվի, որ «դրանք» հեչ էլ զոհվածների մայրեր չեն: Ու թող սա պարզվի, թող ապացուցվի հենց սա, թող ասվի, նույնիսկ եթե սուտ է, մոր քֆուր վերցրեք ձեզ վրա կամ երդվեք ձեր մայրերով, որ էնտեղ զոհվածի մայր չկար, ճղճղան կնանիք էին, որոնք ոչ մի որդի չունեն: 

Թող ասեն, որ այդ կանայք իրենց մոր փորից ծնվել են հենց էս օրը էս ձևով հարամելու համար, կամ հայրեր են: Այլապես ուրիշ բան չկա ասելու, թե ինչու կարմիր բերետավորներն այդպես վարվեցին այդ կանանց հետ: 

Ես կհավատամ այս բացատրություններից յուրաքանչյուրին թեկուզ առանց ապացույցի: Որովհետև չեմ կարող հասկանալ, թե էդ մաքուր հայկական գազանությունը ինչո՞ւ սահմանին չի հաղթում, այլ հաղթում է այնտեղ, որտեղ սահմանին զոհվածներն են։ 

Ես, իհարկե, բացատրություն չունեմ, թե ինչու էին զոհերի մայրերը գնացել նստել հենց Փաշինյանի ճանապարհին, Փաշինյանը որդի վերադարձնող չէ, բացատրությունն էլ, թե ինչու իրենց որդիները զոհվեցին, Փաշինյանը հաստատ չի տա, որովհետև նա տվել է այդ բացատրությունը, որը մայրերին չի բավարարում։ 

Այդ կարմիր բերետավորների գազանային վարքը դասագրքային է, վաղը պետք է ուսումնասիրվի այսպիսի կեցվածքը, թե էլ ինչպիսին չպետք է լինի մարդը, նույնիսկ եթե նա կարմիր բերետավոր է, իսկ վարչապետն էլ Նիկոլ Փաշինյանն է։ 

Եթե նա տեր է այդ նույն մայրերի հարկերով ապրող կարմիր բերետավորների վարքին, հարց է ծագում՝ ինչու՞ հենց այդ գազան բերետավորները պառկած չեն Եռաբլուրում, այլ կռվում են դեռևս անփորձ հազարավոր տղաներ։ Սա պիտի բացատրություն ունենա։ 

Տղերք, դուք լրի՞վ մոռացել եք, թե ում վրա եք հարձակվում։ 

Ձեր հիշողությունը, ձեր էթիկայի պատկերացումը կռտվա՞ծ է, թե՞ ձեզ բոլորիդ մայրերը երեխա ժամանակ այնպիսի կտտանքների են ենթարկել, որ զոհերի մայրերից եք ձեր վրեժը հանում։ 

Ո՞վ պետք է տա այսօր տեղի ունեցածի բացատրությունը։ Մեկը ուղերձով խոնարհվում է զոհերի հերոսական հիշատակի առաջ, իսկ նրա ենթակաները հարձակվում են այդ զոհերին ծնած մայրերի վրա, որոնց ամեն առիթով ասում են հերոս մայրեր։

Հա, այդ մայրերը Փաշինյանին են մեղադրում իրենց որդիների մահվան համար, նրանց չի բավարարում բացատրությունը, որ երկիրն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ հաղթահարելու համար զոհաբերություններ են պետք։ 

Էս շիրիմը այդ ծնողների տունն է, հիշե՛ք սա ու փորձեք չմոռանալ, ու թող հիշի հատկապես նա, ով զոհաբերում էր իր որդուն ադրբեջանցիներին, բայց այդ զոհը չընդունվեց։ 

Այսքանը։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am