Ուտիճների խրախճանքը

Մհեր Արշակյան

Անհասկանալի ազգության մի խումբ հայեր երեկ խիստ հասկանալի տհաճ բառեր են օգտագործել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հասցեին: Նրանք օգտագործել են հատկապես հայհոյախոսություն՝ ուղղված ՀՀ օրինական դեմքերին:

Ինչո՞ւ օրինական: Որովհետև Նիդերլանդներում Հայաստանի համար իրենց մեջտեղից ճղողներն օրինական մարդիկ չեն, օրինական մարդն ուրիշի մորն այդպիսի բնորոշումներ չի տա, եթե, իհարկե, այդ մայրն ինքը չէ ու ինքն իրեն ավելի լավ չգիտի, նույնիսկ եթե տղամարդ է: Ընդդիմության ատելության խոսքն արդեն միջազգային արենա է նվաճում: 

Ո՞վ է Հայաստանում հիացած Նիկոլ Փաշինյանով: Գրեթե ոչ մեկը:

Նախկինում հասկանալի էր, թե հայերն ինչու էին իշխանության առաջին դեմքերի դեմ բողոքի ցույցեր կազմակերպում, նրանք Եվրոպայում արդեն գիտեին՝ ինչ է օրինականությունը, ինչ է ընտրությունը, ինչ է արդարությունը: Այսինքն՝ բաներ, որոնք Հայաստանում չկան: Նրանցից ոչ մեկը, սակայն, չենք հիշում, որ Ղարաբաղի համար իրեն մեջտեղից ճղեր: Բողոքում էին, որովհետև Հայաստանում մարդու արժանապատվությունը ոչ մի բան էր: 

Փաշինյանի իշխանության օրոք Ղարաբաղի համար իրենց մեջտեղից չճղողները պատերազմի դաշտում սպանվեցին, վիրավորվեցին կամ վերադարձան հոգեպես խեղված: Նրանք այստեղ Հայաստանում իրավունք ունեն իրենց հաշիվ չտալ, թե այդ ինչ պատերազմ էր, և ինչքանով Փաշինյանը դավաճանեց Արցախի շահերը: Նրանք տերն են իրենց երկրի: 

Բայց զվարճալի է, երբ ընդդիմության կողմնակիցները Գլենդեյլում են ցույց անում ու բղավում՝ մենք ենք տերը մեր երկրի: Գլենդեյլում, Կարլ, Գլենդեյլում տեր են:

Մեկը հարցնի՝ դուք ո՞ւմ օրոք եք փախել Ամստերդամ կամ Գլենդեյլ: Փաշինյանի՞ օրոք: Բացառված է՝ Փաշինյանի օրոք գնում են, երբ հասկանում են, որ այս կիսաերիտասարդը պետության ներքին կառուցվածքից գաղափար չունի, բայց էդ մարդը պետություն հաշմող չէ:

Ուղղակի չգիտի՝ ինչ է պետությունը, ինչ անում է, վերջում ստացվում է ռեստորաններում աղամանների կիրառումն արգելող օրենք: 

Ուղղակի էդ դեպքում մնում են ու փորձում են վերադարձնել իրենցից գողացված երկիրը: Դուք փախել եք Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք: Երկրորդի օրոք՝ ավելի շատ: Իսկ եթե փախել եք Փաշինյանի օրոք, ուրեմն փախել եք հետապնդումից, ինչպես հայտնի Գոնսալեսը: 

Դուք փոքրիկ լիսկաներ եք կամ միհրանպողոսյաններ, որոնք պայքարի ոչ մի մեթոդ չգիտեն, հոդաբաշխ որևէ բացատրություն չունեն, թե ինչ է իրենց արել Փաշինյանը, որի պատճառով դուք Հայաստանում չեք:

Դուք ուտիճ եք նախկինների այն բանակի (խոսքը նախկին իշխանությունների մասին է, ոչ թե նրանց հավատացողների) մեջ, որն Արցախի անունից ուզում է վերադարձնել միայն իր հագով կարված Հայաստանը: 

Ու ես էլ հավատացի, որ Իշխան Սաղաթելյանի կամ Արթուր Վանեցյանի օրոք դուք կվերադառնաք Հայաստան արժանապատիվ ու օրինական կյանքով ապրելու: 

Տղերք և աղջիկներ, դա բացառված է: Դուք Հայաստանից փախել եք և Ամստերդամում հայհոյում եք ձեր «ցավը»՝ հոշոտելու ենթակա Հայաստան չունենալու: 

Արարատ Միրզոյանը Ամստերդամից կվերադառնա բարձր գլխով թեկուզ այն պատճառով, որ հայհոյողը արդեն ճիշտ չէ, Արարատը կվերադառնա բարձր գլխով, որովհետև այդպես էլ չհասկացավ, թե ինչու են հայհոյում:

Իսկ դուք ի՞նչ եք անելու, գնալու եք տուն ու ձեր երեխաներին պատմեք Սպինոզայի (որպես հոլանդացու) ու Վիլյամ Սարոյանի մասի՞ն: Դուք նույնիսկ ընտրություն չունեք, որովհետև էդ երկուսին էլ չգիտեք: 

Մհեր Արշակյան

MediaLab.am