Քրիստոսին հումորի զգացումը կփրկի

Մհեր Արշակյան

Անձամբ ես Քրիստոսի արձանի դեմ ոչինչ չունեմ։ Նույնիսկ եթե մերը Քրիստոսի բոլոր արձաններից ամենաանտաղանդն է։ Հայաստանն ուզում է զբոսաշրջիկներ հաջողեցնել։ Քրիստոսն այստեղ ոչ մի կապ չունի։ Մենք էլ չգիտենք, թե էլ ոնց լավացնենք մեր կյանքը։ Մնացել ենք Ծառուկյանի մտահղացած Քրիստոսի հույսին։ Եթե Քրիստոսը գոյություն ունի, նրա հումորի զգացումը կօգնի դիմանալ Ծառուկյանի մտահղացումներին։

Երբ Փաշինյանը խոսում է արձանով զբոսաշրջիկներ «կպցնելու» մասին, ազնվորեն ասում է՝ ի՞նչ կապ ունի այստեղ Քրիստոսը։ Ուղղակի տնտեսության համար ինչ մտածում են, Քրիստոս է դուրս գալիս։ Հիմա Քրիստոսից վնաս չկա։ Կպավ՝ կպավ, չկպավ՝ կասենք վատ արձան է ու կհանենք։ Քրիստոսի արձանի շուրջ աղմուկը բացատրվում է հրեա ռաբբիի անձով։ Արդեն 2 հազար տարի նա աշխարհի ամենահեղինակավոր մարդն է։

Բայց Ծառուկյանն ու մեր կառավարությունը մենակ նրա անունը գիտեն։ Էդ անունը, ուսումնասիրել են, փող բերող անուն է։ Ու հետո՝ Ծառուկյանը հսկայական փողեր է դնում արձանի վրա։ Որովհետև այս երկիրն ուրիշ խնդիր չունի։ Մենակ Քրիստոսի արձանն է պակասում։ Տեսել եք, չէ՞, ինչքան խաչեր կան Հայաստանի ճանապարհների երկայնքով։ Մարդ արդեն զզվում է էդքան խաչերից։ Նույնիսկ վարչապետն է պահանջում կանգ առնել, հերիք է։ Այսպիսով, 4 տարի իշխանության գլխին գտնվող ուժը աննախադեպ ուրիշ ոչինչ չմտածեց ու կանգ առավ «կանգնեցնելու» ենթակա առաջին իսկ մտահղացման վրա։ Այսինքն՝ Քրիստոսի արձանը կանգնեցնում ես, երբ ուրիշ ոչինչ չունես կանգնեցնելու: Դա փաստորեն դառնում է քո մտավոր անպտղության արձանը:

Զբոսաշրջությունը խթանելու մասով վեճ չունեմ։ Գուցե իմաստ ունի։ Բրազիլացիները, օրինակ, թունդ հավատացյալներ են: 1931-ին նրանք Ռիո դե Ժանեյրոյում կանգնեցրին Քրիստոսի հսկա արձանը։ Բայց Բրազիլիայում այդ արձանը կանգնեցվել է որպես լրացում Ռիո դե Ժանեյրոյի վեհության։ Երկրորդ՝ այդ արձանը կանգնեցվեց մոդեռնիզմի դարաշրջանում՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Երկրորդ համաշխարհայինից առաջ։ Երրորդ՝ լողափերից բացի Բրազիլիան այդ ժամանակ աշխարհին ոչինչ չուներ առաջարկելու։ Չորրորդ՝ թունդ բռնապետական երկիր էր։ Բրազիլիայից հետո շատերը կանգնեցրին Քրիստոսի արձանը՝ Անգոլան, Բոլիվիան, Լեհաստանը, մի հատն էլ կա Արգենտինայի ու Չիլիի սահմանին։

Կա տեսակետ, որ Հիսուսի արձանով փող կպցնելը անարգում է հավատքը։ Գուցե։ Բայց դա թող մտահոգի Եկեղեցուն, որը, այնուամենայնիվ, Աստծուց չէ, այլ՝ մարդուց։ Հավատքը և Հիսուսը տարբեր բաներ են։ Որովհետև առաջինը ստեղծում է երկրորդին, որովհետև վերջինս այլևս չկա։

Դուք ուշադիր չեք, վարչապետին Քրիստոսի քրիստոնեական կողմը բացարձակ հետաքրքիր չէ, գուցե նույնիսկ գիտի, որ թիթիզություն է այսօր Քրիստոսին լուրջ վերաբերվելը։ Մարդն ուզում է փող սարքել մի բանից, որով սարքում են Բրազիլիայում, Լեհաստանում և այլուր։ Ինչո՞ւ է Կառավարության նիստին խաչերի դեմ խոսում։ Որովհետև էդ խաչերից փող չի սարքվում։ Հիմա Ծառուկյանի Քրիստոսից փողի հոտ է գալիս։ Ի՞նչ կապ ունի հավատքը։ Քրիստոսի փոխարեն կարող էր լինել բեթմենակերպ մեկը։ Ուղղակի Բեթմենից փողի հոտը մեզ մոտ ուժեղ չի փչում։ Հլը մի կողմ դրեք Քրիստոսի կերպարը։ Ի վերջո, իսկապես, ի՞նչ կապ ունի Քրիստոսը։ Հո արձանն իր դեմքը չի ունենալու։ Գուցե Ծառուկյանի կամ Նիկոլի դեմքը կունենա, գուցե Ծառուկյանի հոր, գուցե Առնոլդ Շվարցենեգերի (նայած ով է Ծառուկյանի կուռքը)։ Այնպես որ, «Քրիստոսի արձան» բառակապակցության մեջ հանգիստ խղճով «Քրիստոսի»-ն կարելի է վերցնել չակերտների մեջ։ Արձանը նրանը չի լինելու։ Ուղղակի նրա անունը դնում են, որ փող աշխատեն։ Ինչը նորմալ է։ Եթե նույնիսկ անբարոյական է։

Դուք չգիտեք, բայց ով պետք է գիտի՝ Քրիստոսը, որը գոյություն չունի, խորապես թքած ունի արձանի վրա էլ, կառուցողների ու հավանություն տվողների կամ չտվողների վրա։ Ու դա, վստահեցնում եմ, Քրիստոսի բոլոր արձաններին է վերաբերում՝ աշխարհի բոլոր կողմերում կառուցված։

Մհեր Արշակյան

MediaLab.am