Մինչև վերջ կռվելու մասին խոսում են նրանք, ովքեր բազմիցս ցույց են տվել, որ ընդհանրապես կռվելու ունակ չեն. Հակոբյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը 

– «Դուք երբ որ դուրս եկաք ըտեղից, դուրս եկաք ըտեղից, որովհետև անվտանգ չէր: Չնայած կարելի էր մնալ և պայքարել մինչև վերջ, բայց դուրս եկաք»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախագահը, պարո՛ն Հակոբյան: Ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչները պարբերաբար շահարկում թեման, թե արցախցիները չեն կռվել՝ ըստ իրենց:

– Այս իշխանության վարքագիծն արդեն վաղուց կանխատեսելի է դարձել, երբ իրենց մեղքերը փորձում են բարդել դիմացինի վրա, ու իրենց համար տարբերություն չկա, թե ում վրա են բարդելու: 

Շատ հասկանալի կլիներ, եթե այդ մասին խոսեր այնպիսի մեկը, որը բազմիցս ցույց էր տվել, որ ինքը մինչև վերջ կռվող է, որովհետև նույն այս իշխանությունը, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախից բազմաթիվ շրջաններ ստորագրությամբ հանձնեց Ադրբեջանին, երբ Գորիս-Կապան ճանապարհը հանձնեցին, էլի մինչև վերջ չկռվեցին, այսինքն՝ մինչև վերջ կռվելու մասին խոսում են նրանք, ովքեր բազմիցս ցույց են տվել, որ իրենք ոչ միայն մինչև վերջ, այլև ընդհանրապես կռվելու ունակ չեն: 

Շատ անհասկանալի է, երբ իշխանությունը խոսում է ազգաբնակչության մինչև վերջ կռվելու մասին, չասելով, թե ի՛նչ են հասկանում մինչև վերջ ասելով: Անհասկանալի է նաև, թե Ալեն Սիմոնյանն այդ մինչև վերջում պետք է առաջի՞նը լիներ, թե՞ վերջինը: 

Բայց նրա ճեպազրույցում ինձ, անկեղծ ասած, ավելի անհանգստացրեց այն միտքը, որ ասաց, թե վաղը, երբ Սյունիքում կրակեն, դուք նույնպես դուրս եք գալու, այսինքն՝ ինչ-որ աղետի մասին անոնս էր, որ արեց Ալեն Սիմոնյանը, կամ ուզում էր ասել, որ Սյունիքի դեպքում էլ իրենք դրսևորելու են նույն վարքագիծը, ինչ Արցախում, երբ պատերազմ էր, իրենք մատը մատին չտվեցին, ու սյունեցին էլ ստիպված դուրս է գալու: 

Ավելի շատ անհանգստացնող է այս հայտարարությունը, իսկ թե արցախցիները չկռվեցին, փախան և այլն, Ալեն Սիմոնյանը չէ, որ պետք է գնահատական տա՝ արցախցիները կռվե՞լ են, թե՞ չեն կռվել: 

– Մենք լավ հիշում ենք, որ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո իշխանությունն ասում էր, թե մենք պարտվեցինք, որովհետև բանակը զենք չուներ, կռվում էր սովետական զենքով, բայց երեկ Ալեն Սիմոնյանն ասում էր՝ կռվեիք «էն զենքերով, որը որ Հայաստանի Հանրապետությունը իրա ամբողջ բանով թողել և տվել էր»: Այս հայտարարությունները ինչի՞ մասին են խոսում:

– Այդ հակասական հայտարարությունները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ այս մարդիկ ոչնչի առջև կանգ չեն առնում, միայն թե տվյալ պահին կարողանան ցույց տալ, որ իրենք ճիշտ են ու դրանով պահեն իրենց իշխանությունը: Ինչու սա միա՞կ դեպքն է, որ Ալեն Սիմոնյանը հակասական հայտարարություն է արել.տարիներ առաջ նա հայտարարում էր, թե Աղդամն իր հայրենիքն է, իսկ հիմա բազմաթիվ անգամ կրկնում է, որ ոչ թե Արցախ է, այլ Ղարաբաղ: Մի քանի տարի առաջ հայտարարում էր, թե ազատագրելու է Արցախը, խոսում էր Հադրութի դեօկուպացիայի մասին, այսինքն՝ մարդ, որը երբևէ իր ասածներին տեր չի կանգնում, այստեղ որևէ զարմանալու բան չկա, այս մարդիկ այդպիսին են: 

– Այս հայտարարություններով հաջողվո՞ւմ է մարդկանց հասցնել այն ուղերձը, որ արցախցին չի կռվել, իշխանությունը պահել է այդ հողերը, բայց որ նրանք դուրս եկան, կորցրինք Արցախը:

– Ցավոք սրտի, այնուամենայնիվ, կգտնվեն մարդիկ, որ կենթարկվեն այս իշխանությունների մանիպուլյացիաներին, որովհետև հասարակությունն ինքը ենթակա է մանիպուլյացիաների, ու այս իշխանությունը դա շատ լավ հասկանում է: Չեմ կարծում, որ հայ հասարակության մեջ նմանատիպ գերիշխող կարծիք կձևավորվի, բայց, կրկնում եմ, ցավոք սրտի, կլինեն մարդիկ, որոնք նաև կմտածեն, որ սրանք ճիշտ են ասում: 

Հետևաբար, կարծում եմ, որ պետք է համարժեք պատասխան լինի ցանկացած նմանատիպ անհեթեթ հայտարարություններին և՛ Արցախի ժողովրդի ներկայացուցիչների, և՛ հայաստանյան ընդդիմադիր ուժերի կողմից, որպեսզի մեր հասարակությունը չգտնվի միայն այս իշխանությունների կողմից իրականացվող մանիպուլյացիոն ազդեցությունների տակ: 

– Պարո՛ն Հակոբյան, ասացիք, որ ձեզ մտահոգել է Սյունիքի մասով արված հայտարարությունը, կարծում եք, որ իրական սպառնալիք կա՞:

– Նման իշխանություն ունեցող ցանկացած երկիր գտնվում է տոտալ անվտանգային մեծ ռիսկի տակ, որովհետև սրանք բազմիցս ապացուցել են, որ իրենց համար առաջնայինը ոչ թե երկրի անվտանգությունն է, այլ իրենց իշխանությունը պահելը: Ուստի քանի դեռ այս իշխանությունները ղեկավարում են Հայաստանը, այն գտնվում է տոտալ անվտանգային ռիսկի տակ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am