ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց թմրամիջոցների իրացման համար պատժի խստացման նախագծին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրացման համար սահմանված պատիժները։

Նախագծի հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը թմրամիջոցների իրացման դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է։

Նրա խոսքով՝ խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց իրացնելու համար նախատեսվում է սահմանել 5-ից 10 տարվա ազատազրկում, իսկ առանձնապես խոշոր չափերով, ինչպես նաև անչափահասի նկատմամբ կամ նրա ներգրավմամբ թմրամիջոց իրացնելու դեպքում՝ 8-ից 15 տարվա ազատազրկում։

Սարգսյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոց իրացնելու համար նախատեսվում է 3-ից 6 տարվա ազատազրկում, մինչդեռ նոր նախագծով պատիժը կխստացվի՝ դառնալով 5-ից 10 տարի։ Նրա խոսքով՝ խստացվում է նաև անչափահասներին թմրամիջոց վաճառելու համար նախատեսված պատիժը․ գործող 3-ից 6 տարվա ազատազրկման փոխարեն առաջարկվում է սահմանել 8-ից 15 տարվա ազատազրկում։

Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը։