Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված հատվածները կվերականգնվեն և կվերադարձվեն երևանցիներին

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արցախի 4-րդ նրբանցքի վթարային շենքերում ապրող 64 ընտանիքի վերաբնակեցման գործընթաց: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նիստը վարող քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին զեկուցել են, որ արդեն իսկ մշակվել են համապատասխան առաջարկներ, որոնք այսօրվանից անհատապես կքննարկվեն բնակիչների հետ: 

Նիստի ընթացքում նաև նշվել է, որ «Մերգելյանի» այգում ամբողջությամբ ավարտվել են քանդման աշխատանքները:  Տարածքը մաքրվել է տարիներ առաջ կառուցված շինություններից: Հաջորդ փուլով այգում հարմարավետ պայմաններ կապահովվեն բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար:  

Դեռևս նախորդ տարվանից «Օղակաձև» զբոսայգու մի քանի հատվածում ևս համայնքը նախաձեռնել է ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման գործընթաց: Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված հատվածները փուլ առ փուլ վերականգնվելու են, կկանաչապատվեն ու կվերադարձվեն երևանցիներին:  

Երևանյան լճի հարակից տարածքում շարունակվում է հանգստի գոտու կառուցումը: Տարածքը կառանձնանա նաև կանաչապատման լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, կիրականացվի տեղանքին համահունչ քարապարտեզների ձևավորում:  

Մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվանից ՃՈ-ի հետ որոշ լուծումներ է նախանշել: Գործընթացը կշարունակվի նաև այս տարի: Քաղաքապետարանի հաղորդագրությունում նշված է, որ ուսումնասիրվել է 16 խաչմերուկ, որոնք ևս կներառվեն ծրագրում: 

Մայրաքաղաքում շինարարություն իրականացնող ընկերություններն այսուհետ ավարտական ակտ չեն ստանա մինչև լիարժեքորեն չապահովեն հարակից տարածքի կանաչապատումը և շինաղբը համապատասխան վայր տեղափոխելու մասին փաստաթուղթ չունենան: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հետևողական լինել և շինհրապարակներում իրականացնել մշտական ստուգայցեր:   

Երևանի շինբարեկարգման ծրագրերով նախանշվող աշխատանքները պետք է կրեն համալիր բնույթ: Փոխքաղաքապետը հանձնարարել է նախագծերը կազմելիս ներառել բարեկարգվող օբյեկտների ամբողջական ծավալը, որպեսզի տվյալ տարածքում հետագայում անավարտ որևէ գործ չմնա: