Վրաստանի նախագահը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, հայտնելով, որ պատրաստ է հարթակ տրամադրել Թբիլիսիում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափով բանակցություններ անցկացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես ցանկանում եմ դիմել երկու երկրների նախագահներին և իշխանություններին, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերականգնվի նրանց միջև երկխոսությունը և կոչ եմ անում նրանց ապաէսկալացման ու կրակի դադարեցման: Մենք պատրաստ ենք Թբիլիսին դարձնել վայր, որտեղ հնարավոր է անցկացնել ցանկացած բանակցություն: Մենք պատրաստ ենք այն ամենին, ինչ կցանկանան կողմերը»,- Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային նվիրված Անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է Զուրաբիշվիլին:

Նախագահն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նշելով, որ նրանց դերը բարձր է հակամարտության կարգավորման հարցում: Նա խնդրում է նաև ԵՄ-ին միջամտել կատարվող իրադարձություններին և աջակցել կրակի դադարեցմանը, այնպես, քանի որ Կովկասի երեք պետություններն էլ հանդիսանում են Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից:

«Մեր կայունությունը, այս տարածաշրջանում խաղաղությունը բխում են Եվրոպական Միության շահերից: Այն պետք է իր ուժերը ներդնի խաղաղության և իրավիճակի ապաէսկալացման համար»,- հավելել է պետության ղեկավարը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ: