Նախընտրական լավաշներ․ ՔՊ կենացները

Հունիսի 7-ին մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ներկայումս իրավամբ կարող ենք պնդել, որ հայաստանյան ներքին կյանքը գտնվում է շարունակական ճգնաժամային իրադրության պայմաններում՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի և, անշուշտ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ծանրագույն հետևանքների առկայությամբ: 

Այսօրինակ պայմաններում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավորություն էր հայաստանյան քաղաքական դաշտի ազդեցիկ խաղացողների համար հանդես գալ հստակ, հակիրճ ու իրատեսական քաղաքական պլատֆորմներով և ծրագրերով: 

Սակայն, ավանդույթի համաձայն, ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի գերակշիռ մասը տուրք տվեց ոչ թե ռեալ պոլիտիկին և պրագմատիզմին, այլ հերթական անգամ նախընտրական ծրագրի անվան տակ հանրության դատին ներկայացվեցին երկարաշունչ տեքստեր, որոնք, ժողովրդական լեզվով ասած, բարեմաղթանքների ու կենացների տրամաբանությունից այն կողմ չեն անցնում: 

Վերոնշյալի հիմնավորման նպատակով առանձին-առանձին կներկայացնենք առավել ազդեցիկ մի շարք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի քննախոսական վերլուծությունը: 

ՔՊ-ի կենացները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն նախընտրական քարոզչությունն իրականացնում է «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսով: Եթե վերջինս համեմատենք 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսի հետ, ապա ակնհայտ է առնվազն նպատակադրման հարցում հսկայական նահանջը: 

Երբ հզոր պետության և հոգատար հանրության տեսլականին միտվող քաղաքական ուժի, ընդ որում՝ իշխանության ղեկին գտնվելու պարագայում, գործունեության հայեցակարգը հանգում է իռացիոնալ և վերացական «ապագա կա» ձևակերպմանը, ապա թերևս պետք է արձանագրել, որ այդ քաղաքական ուժն առնվազն չունի հստակ գործիքակազմ, ինտելեկտուալ ներուժ՝ պրագմատիկ և գործուն քայլերի համար: Այս ամենով հանդերձ, անդրադառնանք ներկայացված ծրագրի դետալային քննարկմանը: 

Նախընտրական ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժինը, ինչպես նաև մնացած բոլոր բաժինները, բաղկացած է երկու մասից՝ «Ինչ ենք արել» և «Ինչ ենք անելու» վերտառություններով: Թողնելով առաջին բաժինը, որն ավելի շատ հիշեցնում է կառավարության տարեկան գործունեության հաշվետվություն, անդրադառնանք հաջորդ մասին: 

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթ անելիքների առաջին կետում դրված է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը: 

Թերևս միայն այս կետը բավարար է, որպեսզի նախընտրական ծրագրի առնվազն այս հատվածը գնահատենք որպես վերացական և իռացիոնալ: 

Սակայն շարունակենք. 22 կետով ներկայացված են անելիքներ՝ ՌԴ, ՀԱՊԿ, ԱՊՀ ՆԱՏՕ և այլ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների սերտացման և նմանօրինակ քայլերի վերաբերյալ: 

Որպես նորամուծություններ նշվում են թվային, իրավական և տնտեսական դիվանագիտություններին զարկ տալու մտադրությունները: Անշուշտ, հարկ չէր լինի այսքան մանրամասն անդրադառնալ նախընտրական ծրագրի խնդրո առարկա հատվածին, եթե ռեալ իրականության մեջ չունենայինք հակոտնյա պատկեր: 

Խնդիրն այն է, որ հետպատերազմական իրադրության պայմաններում գտնվող, պարտված երկրում, որի սահմանների հանդեպ անգամ հրադադարից հետո տեղի են ունենում ոտնձգություններ, դիվանագիտական ապարատը դե յուրե և դե ֆակտո գտնվում է կաթվածահար վիճակում: 

Մի կողմից արդեն շաբաթներ հրաժարական է ներկայացրել արտգործնախարարը, վերջինիցս հետո հրաժարական են ներկայացրել բոլոր տեղակալները, և փաստացի Հայաստանը չունի արտաքին գործերի նախարարություն և չի ունենա առնվազն մինչև ընտրությունների ավարտն ու նոր կառավարության ձևավորումը: 

Այսքանը թերևս բավական է ի ցույց դնելու իշխանության ղեկին գտնվող ուժի ներկայացրած նախընտրական ծրագրի և ռեալ իրականության հակասությունները: 

Այսուհանդերձ շարունակենք. «Արցախի հիմնախնդիր» բաժնում, ֆորմալ ձևակերպումներից զատ նշվում է, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմքում պետք է դրվի «Անջատում հանուն փրկության» բանաձևը: 

Այս կապակցությամբ նշենք, որ նմանօրինակ հիմնախնդիրների լուծումը ոչ միայն մեկ քաղաքական ուժ, այլև մեկ պետությունը չի կարող միանձնյա առաջարկել կամ պարտադրել, կամ ընդունել որևէ բանաձև կամ սկզբունք, առավել ևս այն պարագայում, երբ նույն բաժնում նշվում է, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է կատարվի Մինսկի խմբի շրջանակում: 

Բացի այս, Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմքում միջազգայնորեն, այդ թվում՝ Մինսկի խմբի անդամ երկրների ընդհանուր համաձայնությամբ դրված են հայտնի Մադրիդյան սկզբունքները, որոնք դեռևս որևէ մեկը չի փոփոխել գոնե փաստաթղթային մակարդակում։ Իհարկե ձեռքի տակ չունենք «Լավրովյան պլանը»։

Նախընտրական ծրագրի հաջորդ բաժինը «Դատաիրավական բարեփոխումներն» են: 

Այս բաժնի մասին ևս կարելի է շատ երկար խոսել, սակայն հակիրճ արձանագրենք, որ անկախ ծրագրում զետեղված արված և անելիք քայլերից, շուրջ 3 տարի ունենալով լիակատար իշխանություն և հանրային վստահություն՝ կուսակցությունը ռեալ իրականության մեջ ոչ միայն չի մեկնարկել համակարգային բարեփոխումներ, այլև ձախողել է դրա փորձերը գրեթե բոլոր օղակներում: 

Այս տեսանկյունից կարող ենք հիշատակել մեկ ցուցիչ. ներկայումս բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց առաջադրված են ծանր քրեական հոդվածներով մեղադրանքներ, գտնվում են Հայաստանից դուրս, ընդ որում՝ նրանց գերակշիռ մասը լքել է երկիրը քրեական գործերի հարուցումից հետո՝ միանգամայն օրինական կերպով դատական մարմինների թույլտվությամբ:

Առանձնահատուկ հետաքրքիր է նախընտրական ծրագրի «Ինստիտուցիոնալ զարգացում» բաժինը, որում գլխավորապես խոսվում է հանրային ծառայությունների և հանրային կառավարման բարեփոխումների մասին, սակայն որևէ կերպ հստակեցված չեն ոչ գործիքակազմերը, ոչ էլ, որ առավել կարևոր է, վեր են հանված առկա իրադրության գնահատականները, բացերն ու խնդիրները: 

Վերջիններիս բացակայության պարագայում ցանկացած նպատակի ձևակերպումը չի անցնում բարի ցանկությունների ժանրից: 

Բացի այս, համավարակի ու պատերազմի ծանրագույն հետևանքների, տնտեսական անկման ֆոնին տրամաբանական չէ բազմավեկտոր գործունեությամբ միաժամանակ հասնել բովանդակային տարբերություններ ունեցող խնդիրների լուծմանը: 

Սա թերևս առանցքային նշանակության խնդիր է, որն առակա է գրեթե բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում, որոնցում մեծիմասամբ հաշվի չեն առնված այն ռեալները, որոնք այսօր կան Հայաստանում և ընդհանրապես տարածաշրջանում: Վերջինիս պարագայում հարկ է նշել, որ ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերը չեն պատկերացնում մեր տարածաշրջանում ընթացող վերաձևումները կամ միտումնավոր կերպով շրջանցում են այդ հարցը՝ չունենալով հստակ պատասխան և տեսլական՝ Հայաստանի Հանրապետության տեղի և դերի վերաբերյալ այս փոփոխությունների հարահոսում: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի պարագայում հարկ է նշել, որ փաստացի իշխանության ղեկին գտնվող ուժը պետք է որ անհամեմատ ավելի տեղյակ լինի վերոնշյալ փոփոխությունների տրամաբանության ու զարգացման հիմնական միտումներին, և սա էլ, իր հերթին, պետք է հիմք դառնար երկրում և տարածաշրջանում առավել առարկայական իրադրության ներկայացման և այս ելակետի վրա կառուցված նախընտրական ծրագրի ներկայացման համար: 

Սակայն, եթե համադրենք հրապարակված նախընտրական ծրագիրն ու նախընտրական քարոզչության քաղաքական որակը, թեմատիկան և սկզբունքները, ապա կարող ենք արձանագրել, որ նախընտրական ծրագիրն այս դեպքում ընդամենը ֆիկցիա է և զուտ ձևաբանական անհրաժեշտություն, ինչը որևէ աղերս չունի նախընտրական քարոզչության բովանդակային առանցք լինելու նույնականացման հետ: 

Այլ կերպ ասած՝ քաղաքական այս ուժի իրականացրած քարոզարշավի հիմքը ոչ թե ծրագիրն է, արվածը կամ անելիքները, այլ զուտ տվյալ պահի հանրային տրամադրությունը կամ ընթացիկ անցուդարձն ու կենցաղային խնդիրները: Ի դեպ, սա բնորոշ է նաև հաջորդ քաղաքական ուժերին, որոնց նույնպես կանդրադառնանք: 

Արամ Բագրատունի

MediaLab.am