ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Երևանում հնչեցրած հայտարարությունները վտանգավոր իրավիճակ են ստեղծում, ցանկալի չեն. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի տարածաշրջանային այցի նպատակը ո՞րն էր՝ ըստ ձեզ։ Նշեմ, որ նախքան Հայաստան գալը նա եղավ Ադրբեջանում և Վրաստանում։

– Ուզում եմ նախ ուշադրություն դարձնենք կարևորագույն մի փաստի վրա, որ տարածաշրջանային այցը եղել է Ադրբեջան, Վրաստան, Հայաստան հաջորդականությամբ։ Հենց այնպես չէ, որ ռազմաքաղաքական դաշինքի նման բարձրաստիճան ղեկավարն այցելում այս կամ այն երկիր, այդ այցերը ըստ կարևորությունների են լինում։ Նրան նախ հետաքրքիր է եղել լսել վրացական մոտեցումը ու նրանց հետ համագործակցության եզրերը, հետևաբար նաև Ադրբեջանի, ապա նոր՝ Հայաստանի։ 

Կարծում եմ, որ նա նաև Ալիևից ստացած տեղեկություններով է եկել Երևան, ու ըստ այդմ էլ անդրկուլիսյան խոսակցություն հաստատ տեղի ունեցած կլինի վարչապետի հետ: Ընդհանուր հայտարարությունը հետևյալն էր, որ ՆԱՏՕ-ն իր մասով աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ու որ այսօր ստեղծվել է բարենպաստ իրավիճակ, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն։ 

Բազմիցս եմ ասել, որ շատերի մոտ առկա տպավորությունն ու էյֆորիան, թե մենք հիմա գնում ենք դեպի ՆԱՏՕ՝ որպես ռազմաքաղաքական դաշինք, փոխարինելու ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ով, ընդամենը երևակայության արդյունք է: Ես չեմ լսել, որ ՆԱՏՕ-ում նման մոտեցում կա, հետևաբար բացառվում է խոսել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։ 

Ականատես եղանք, թե ռուսական կողմն ինչպես արձագանքեց այս այցին, թե՛ Մարիա Զախարովան, թե՛ Դմիտրի Պեսկովն արձանագրեցին, որ Հարավային Կովկասը դառնում է եվրատլանտյան ազդեցության գոտի, դա հերթական փորձն է, որ տարածաշրջանը քաշեն դեպի Արևմուտք, որ դրանք տարածաշրջանում դժվար թե իրավիճակի կայունություն ու կանխատեսելիություն ավելացնեն։ 

Ես այստեղ մի ուշագրավ դրվագ կառանձնացնեի, երբ վարչապետն ասում է, որ ակնկալում է միջազգային հանրության ու այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Ինձ հետաքրքիր է, թե Փաշինյանը ՆԱՏՕ-ից ի՞նչ ակնկալիքներ ունի, տվյալ դեպքում ինչպե՞ս է պատկերացնում ՆԱՏՕ-ի աջակցությունը նման կոնֆլիկտի հանգուցալուծման պարագայում։ Տարակուսանք առաջացնող հայտարարություն է, նորից եմ ասում, գուցեև կան որոշակի կուլիսային պայմանավորվածություններ, որ նման հայտարարություն է անում, այդուհանդերձ, ինձ համար այդ հայտարարությունը տարակուսելի էր։ 

Նաև ցանկալի չէր, որ Երևանում հնչեր այնպիսի արտահայտություն, ինչպիսին էր հետևյալը, որ ողջունում են համերաշխությունը Ուկրաինայի հետ, որ Պուտինը չպետք է հաղթի պատերազմում և այլն։ Ընդհանրապես ցանկալի չէր, որ նման հայտարարություններ հնչեցվեին հենց Երևանում, տպավորություն էր, որ այդ բովանդակությանը համակարծիք է նաև ՀՀ իշխանությունը, իսկ դա վտանգավոր իրավիճակ է ստեղծում, բնականաբար դա չի կարող չառաջացնել բողոքի ալիք Ռուսաստանում, ինչն արդեն հնչում է։ 

– Իսկ այս այցն ի՞նչ տվեց Հայաստանին։

– Մեծ հաշվով՝ ոչինչ, համենայնդեպս, հասանելի տեղեկատվության համաձայն՝ որևէ արտառոց դրվագի ականատես չենք եղել։ Որպես մասնագետ էլ ուսումնասիրում եմ ու չեմ տեսել, որ համագործակցության այնպիսի եզրեր կան՝ բացի զինվորական կադրերի վերապատրաստում անցնելու հնարավորությունից։ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում այս այցից հետո ինչ-որ տեկտոնական տեղաշարժեր չեն լինելու։ 

– Իսկ Վրաստանին ու Ադրբեջանին ի՞նչ տվեց, պարո՛ն Կարապետյան։

– Վրաստանի պարագայում կա այլ մոտեցում․ լինելով արտադաշինքային երկիր, ի դեպ, նաև Ադրբեջանը, լինելով նման երկիր, գուցե ՆԱՏՕ-ն կարող է նրանց հետ համագործակցության ավելի ընդլայնված տեսքով հանդես գալ՝ ի տարբերություն Հայաստանի, որովհետև նա ՀԱՊԿ-ի անդամ է։ ՆԱՏՕ-ի հետ կարելի է որոշակի հարաբերությունների ընդլայնում ակնկալել, երբ մենք առհասարակ դուրս կգանք ՀԱՊԿ-ից, իսկ ՆԱՏՕ-ն ինչ-որ առաջարկներ կանի։ 

Այդ առաջարկները, որոնք ես բացառում եմ Հայաստանի պարագայում, կարող են արվել Վրաստանի դեպքում, բայց տարիների փորձը ցույց է տալիս, որ ժամանակին Վրաստանին էլ, ինչպես Ուկրաինային, վստահեցնում էին, թե ՆԱՏՕ-ի անդամ կլինի, որ կվերադարձնեն տարածքները և այլն, բայց գործուն քայլեր մենք չենք տեսել։ 

Իսկ Ադրբեջանի մասով՝ լավագույն դեպքում էլի շեշտադրված կլինի, որ նրանք արտադաշինքային երկիր են, նրանք ունեն Շուշիի դեկլարացիա, որով իրենց ռազմական համագործակցությունը Թուրքիայի ու Պակիստանի հետ է, այս պարագայում Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հավակնություն չունի, ոչ էլ՝ ցանկություն։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am