Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ԱԺ խորհուրդը մարտի 18-ի արտահերթ նիստում համաձայնություն է տվել մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

 «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Արտահերթ նիստ գումարելու միջնորդություն էին ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: «Իմ քայլը»-ի պատգամավորների առաջարկած նիստի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում  լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: «Իմ քայլը»-ն առաջարկում են նախագծերը առաջին ընթերցմամբ քննարկել առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև քննարկել երկրորդ ընթերցմամբ: