Այն, ինչ տեսնում ենք Ռուսաստանի քաղաքականության սխալ հաշվարկի հետևանք է. քաղաքագետը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին

Լուսանկարը՝ aua.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը

– Պարո՛ն Սուքիասյան, Արցախից սահմանված ժամկետից շուտ ռուս խաղաղապահների դուրսբերման դրդապատճառները որո՞նք են՝ ըստ ձեզ։

– Դատելով որոշ ռուս քաղաքական գործիչների ու իշխանամերձ փորձագետների մեկնաբանություններից՝ կարող ենք ասել, որ դրդապատճառները գալիս են Բաքվից ու ամբողջովին գրկաբաց չեն ընդունվում Ռուսաստանի կողմից: Սա քայլ է, որը Ռուսաստանը կայացնում է՝ պրագմատիկ նկատառումներից ելնելով ու ինչ-որ տեղ ստիպված լինելով օպտիմալ օգտագործել իր ռեսուրսներն ու քաղաքական միջոցները։ 

Նկատի ունեմ այն, որ Ռուսաստանը տարիներ ի վեր ու հատկապես 2020 թվականի պատերազմից այս կողմ փորձել է օգտագործել իր դերը հակամարտության մեջ՝ Ադրբեջանին ազդեցության գոտում պահելու կամ էլ ավելի խոր իր ազդեցության գոտի բերելու համար: Այս քաղաքականությունն անխուսափելիորեն տեղի է ունեցել նաև Հայաստանի շահերի հաշվին, որովհետև այն առավելությունները, որ կարող էր Ռուսաստանն առաջարկել Ադրբեջանին, գրեթե միշտ հակառակ ազդեցությունն ունեն Հայաստանի համար:

Ռուսաստանը գնում էր այս քայլին, որովհետև կար պատկերացում, որ Հայաստանը արդեն լիովին կամ բավականաչափ Ռուսաստանի ազդեցության գոտում է, ու Ռուսաստանում չկար վախ, որ կկորցնի Հայաստանին, կար ցանկություն Ադրբեջանին ավելի մոտ բերելու։ Սա էր ռուս խաղաղապահների գործունեության հիմնական տրամաբանությունը, օրինակ՝ ադրբեջանական զորքերի առաջխաղացման ժամանակ Ղարաբաղում կամ բլոկադայից առաջ, ընթացքում: 

Հետո՝ ռուսական ուժի համար բնավ խնդիր չէր ներկայացնում ադրբեջանական սանձարձակությունների կանխումը, բայց ցանկացած նման գործողության հետևելու էր այն, որ Բաքվից խնդրելու էին ռուս խաղաղապահներին լքել Ադրբեջանը, իսկ այստեղ, բնականաբար, հայկական շահերն էին ուղղակիորեն տուժում, որովհետև տուժում էր Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ 

Ռուսաստանը չէր գնում նման քայլերի, հույս ունենալով, որ կերկարաձգվի իր ներկայությունը Արցախում, բայց տեսանք, որ ի հետևանք՝ Ռուսաստանը կորցրեց իր հեղինակությունը հայ հասարակության շրջանում, ու մի կողմից խիստ վատացան հայ-ռուսական հարաբերությունները, մյուս կողմից էլ՝ չկարողացավ ապահովել իր երկարաժամկետ ներկայությունը Արցախում, որովհետև Ադրբեջանը նման նպատակ երբեք էլ չի ունեցել։ 

Նրա համար գերկարևոր է թույլ չտալ այլ պետությունների ռազմական ներկայությունը Ադրբեջանում, ու նա ուներ նաև խաղաղապահներին դուրս բերելու քաղաքական ռեսուրս, որովհետև եթե Հայաստանը տարիներ ի վեր ստիպված է եղել ապավինել ռուսական աջակցությանը, ապա Ադրբեջանը նման խնդիր չուներ: Նա կարողացել է ու կարողանում է բալանսավորել իր հարաբերությունները Թուրքիայի միջոցով, ինչը Հայաստանը չունի, ինչպես նաև Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, չափազանց ինքնաբավ է։ 

Հետևաբար, այն, ինչ տեսնում ենք, հետևանք է Ռուսաստանի քաղաքականության սխալ հաշվարկի, թե սիրաշահելով Ադրբեջանին՝ կկարողանա ԼՂ-ում երկարաժամկետ ներկայություն ապահովել կամ նրան ավելի խոր ազդեցության տակ բերել, որը, ըստ էության, ձախողվեց։ 

– Իսկ խաղաղապահների դուրսբերումն ի՞նչ հետևանք կարող է ունենալ տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստանի համար։

– Չեմ կարծում, որ սա որևէ աշխարհացունց հետևանք կունենա, քանի որ սա ավելի մեծ գործընթացի մաս է ու մեկ-երկու օրում ընդունված որոշում չէ։ Մենք գիտենք, որ զորքերը դուրս են գալիս աստիճանաբար, հայտնի դարձավ, որ փակվելու է նաև Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնը, որը կարող է բացատրություններից մեկը լինել, թե ինչո՛ւ է Ռուսաստանը համաձայնել զորքերի դուրսբերմանը։ 

Մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը հաստատվել էր Թուրքիայի խորհրդարանում անցած նոյեմբերին, երկարաձգվել էր ևս մեկ տարով, այսինքն՝ կարող էր գործել մինչև այս տարվա վերջ: Հնարավոր է նաև, որ Ռուսաստանը համաձայնել է զորքերի դուրսբերմանը այն պայմանով, որ Թուրքիան նույնպես կնվազեցնի իր ներկայությունը Ադրբեջանում։ 

Թե ինչ ավելի լայն պայմանավորվածությունների արդյունք է սա, մենք այսօր բնականաբար իմանալ չենք կարող, թերևս իրադարձությունների զարգացումները ցույց կտան դա։ Փորձագետների շրջանում կան արդեն որոշ կարծիքներ, որ Ռուսաստանը համաձայնել է այս քայլին Ադրբեջանի այն առաջարկի դիմաց, որ ինքը չի գնա Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման արևմտյան հարթակներում, բայց կան նաև Ռուսաստանի կողմից զորքերի դուրսբերման որոշ այլ ռացիոնալ պատճառներ։ 

Զորքերը ռազմական առումով որևէ հարց չէին լուծում Արցախում, իսկ Ռուսաստանը, բնականաբար, Ուկրաինայում ունի ցանկացած կենդանի ուժի և տեխնիկայի կարիք, հետևաբար այստեղ թե՛ թողնելը, թե՛ դուրս բերելը Ռուսաստանի համար կարմիր գծի հատում չէին ենթադրում: Փոխընդունելի առաջարկի պարագայում կայացվել է պրագմատիկ որոշում՝ առավելությունը տալով այն կարիքներին, որոնք այսօր ավելի ճնշող են։ 

– Պարո՛ն Սուքիասյան, իսկ սա խոսո՞ւմ է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազման մասին։

– Ազդեցությունը կարող է լինել պրակտիկ ու սիմվոլիկ․ պրակտիկ առումով, ինչպես ասացի, այս խաղաղապահները հատկապես 2023-ի սեպտեմբերից հետո որևէ հարց չէին լուծում։ Սիմվոլիկ առումով՝ այո՛, միանշանակ, ազդեցության նվազման մեսիջներ սա պարունակում է, բայց պետք է սպասենք ու տեսնենք, թե առաջիկա ամիսներին սրան ինչ է հաջորդելու։ 

Չի բացառվում, թեև սա լիովին ենթադրություն է, որ կոմպենսացնելու համար, եթե իհարկե Ռուսաստանում համարում են, որ սա կորուստ է ու կա կոմպենսացնելու կարիք, որ վերաակտիվանա «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որտեղ, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, կարող են տեղակայվել ռուսական սահմանապահ զորքերը։ 

– Կարո՞ղ ենք ասել, որ խաղաղապահների դուրսբերման քայլով վերջնականապես փակվում է արցախահայության՝ Արցախ վերադառնալու հարցը։

– Կարծում եմ՝ հայտարարություններից անդին, որտեղից էլ դրանք լինեն, կարճաժամկետ հեռանկարում պրակտիկորեն անհնար է պատկերացնել հայերի վերադարձն Արցախ: Սա հասկանում են այն մայրաքաղաքներում ու այն գործիչները, որոնք այդ հայտարարություններն անում են: 

Հնարավոր է նաև, որ այս հայտարարություններն արվում են Ադրբեջանի վրա լրացուցիչ ճնշման կետեր պահելու նպատակով, բայց իրականության մեջ, բնականաբար, Բաքուն այդ վերադարձն ապահովելու որևէ մտադրություն չունի, իսկ մյուս մայրաքաղաքները, որոնք խոսում են այդ մասին, չունեն շահագրգռվածություն ու պատրաստակամություն՝ ապահովելու հայերի անվտանգ վերադարձն Արցախ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am